կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-02 22:46
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. Մեռած են, թաղող չկա

ԱԶԳ. Մեռած են, թաղող չկա
Եթե «Եվրոտեսիլում» «տարած հաղթանակի» եւ այդ կապակցությամբ Իլհամ Ալիեւի շոումեն փեսայի` Բաքվում կազմակերպելիք «մեծարման երեկոյի» թեման կամ «անեկդոտներ հայկական ԱԳՆ-ի մասին» հիմարությունն ու ոմն Ֆոմենկովի հետ «բացառիկ հարցազրույցն» են դառնում ադրբեջանական մեդիա-տիրույթի «թոփ-նորությունը», նշանակում է` պաշտոնական Բաքուն իրոք սպառել է «Երեւանին հուպ տալու» բոլոր մյուս հնարավորությունները: Եվ արդեն ակնհայտ «քյանդրբազություն» է անում:

Իրավիճակն, այնինչ, բավական լուրջ է: Ընդդիմությունն ուղղակի ծաղրում է իշխող կլանի «պատերազմական ղոչիությունը»: Այս առումով ուշագրավ հրապարակում է արել «Ենի մուսավաթ»-ը` հանկարծ վերհիշելով ռազմաօդային եւ ՀՕՊ ուժերի հրամանատար եւ պաշտպանության փոխնախարար Ռաիլ Ռզաեւի սպանությունը, որ տեղի է ունեցել 2 տարի 3 ամիս առաջ:

Թերթն այդ կապակցությամբ կրկին հիշեցնում է, որ Բաքվում Համաշխարհային բանկի ներկայացուցչության շենքի մոտ, մշտադիտարկող տեսախցիկների առաջ կատարված սպանության փաստով հանցագործության ոչ իրականացնողն է առ այսօր ձերբակալված, ոչ էլ որեւէ այլ մանրամասնություն է հայտնի դարձել, բացի այն, որ ազգային անվտանգության նախարարության «բարձրակարգ մասնագետներից կազմված քննչական խումբը շարունակում է օպերատիվ-որոնողական ջանքեր գործադրել` բացահայտելու Ռզաեւի սպանությունը», ինչպես վերջերս ծանուցել է այդ գերատեսչության ղեկավարը:

Ընդսմին, «Ենի մուսավաթ»-ն իր աղբյուրները վկայակոչելով գրում է, որ գեներալի սպանությունն ամենայն հավանականությամբ «պատվիրել են անդրազգային մաֆիոզները»: Բանն այն է, որ ռազմաօդային ուժերի հրամանատարի ենթակայության տակ «տրանսպորտային ավիացիան չարտերային թռիչքներ էր իրականացնում աշխարհի տարբեր երկրներ` առանց բեռնափոխադրումների անհրաժեշտ ձեւակերպման, իսկ հասույթն ուղղակի գանձում էր գեներալ Ռզաեւը»: Ըստ տեղեկությունների, Ռզաեւն «այդ փողերի մի զգալի մասը յուրացրել է»: