Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 21-ի առավոտյան հայաբնակ Քեսաբ բնակավայր Սիրիայի ապստամբների ներխուժումից հետո տեղի հայկական համայնքը հերթական դժվարությունն է ապրում. Քեսաբն ամբողջովի հայաթափվել է՝ շրջակա գյուղերով հանդերձ: Տեղաբնակ հայերը անվտանգության նկատառումներով տարհանվել և այժմ գտնվում են իրենց բնակավայրից 60 կմ հեռու: Ակնհայտ է, որ Սիրիայի հայկական այս բնակավայրին նույնպես սպառնում է, որպես այդպիսին, վերանալու վտանգը:
Ամեն ինչ խոսում է այն մասին, որ թեև օտար ափերում, բայց հայն էլի մի փոքրիկ հայրենիք է կորցնելու: Իսկ ի՞նչ է անում հայի ՄԵԾ հայրենիքը՝ Հայաստան պետությունը, որպեսզի ինչ-որ ձևով օգտակար լինի իր տարաբախտ զավակներին, մանավանդ` երբ հստակ գիտի, որ հայկական բնակավայրի վրա հարձակումը տեղի է ունեցել թուրքական սահմանից, ինչպես նաև գիտի, որ Քեսաբին օգնության նպատակով օդ բարձրացած սիրիական ինքնաթիռ է կործանվել թուրքական զինուժի կողմից:
Զարմանալի է, բայց փաստ` Հայաստան պետությունը գործնականում ոչինչ չի անում եւ պաշտոնապես չի դատապարտում: Համենայն դեպս, այդ տպավորությունն է ստացվում այսօր Ազգային ժողովում մեր թիվ 2 քաղաքական պաշտոնյայի արձագանքից: Հովիկ Աբրահամյանը, փոխանակ արձագանքելու պատգամավորներից մեկի առաջարկին՝ արտաքին գործերի նախարարության հետ համատեղ հարցը Ազգային ժողովում քննարկելու վերաբերյալ, «այլ երկրի ներքին գործերին չմիջամտելու» ամենափրկիչ հանկերգով փորձել է արդարացնել իշխանությունների կրավորական կեցվածքը:
Հ. Աբրահամյանը նշել է նաև խնդրի առնչությամբ «գործողությունների ծրագրի ավելորդության» մասին՝ պատգամավորի հարցում հնչած «գործողություն» բառն ակնհայտորեն ընկալելով չափազանց ուղղակի իմաստով: Առավել է զարմանալի, որ, դիցուք, Ղրիմի հանրաքվեի դեպքում մեր իշխանավորները գտնում են հնար՝ դրվատելու այդ հանրաքվեն՝ չհամարելով դա «այլ երկրի գործերին միջամտություն», բայց հիմա խիստ օրինապաշտորեն, միջազգային իրավունքին «մեռած», բացառում են որևէ միջամտություն Սիրիայի ներքին գործերին՝ այն դեպքում, երբ արձագանքի բացակայությունը կարող է ճակատագրական լինել մեր ամենաինքնատիպ և հաստատուն համայնքներից մեկի համար: Միջամտությունը՝ մի կողմ, դիվանագիտական հասարակ արձագանք էլ չկա:
Լ.Սարգսյան