Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ուշագրավ ակնարկներ է արել ՀՀԿ-ից հեռացողներին: Նա մասնավորապես ասել է. «Առավել քան ծիծաղելի է. ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար:
Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու:
Թե՛ ներքին, թե՛ արտաքին և թե՛ տնտեսական քաղաքականության հարցերում Հանրապետականն ունի շատ հստակ ծրագիր և մոտեցում: Թե ովքեր կլինեն օրենսդիր մարմնում, ընտրությունների ցանկալի արդյունքի դեպքում ովքեր կլինեն գործադիր մարմնում, իսկ թե ովքեր կզբաղվեն կուսակցության գաղափարական, քարոզչական աշխատանքներով, կախված են հենց այդ ծրագրերից և մարտահրավերներից: Մենք երբեք անձերի խնդիր չենք լուծել, հիմա էլ անձերի խնդիր չենք լուծում:
Մենք լուծում ենք մեր ծրագրերի արդյունավետ իրականացման ու մարտահրավերների հաղթահարման խնդիր: Խորհրդարանական հանրապետական մոդելը նոր լուծումներ է պահանջում: Իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններում մեր թեկնածուներին առաջադրելիս հաշվի են առնվելու հայրենիքի շենացման գործում յուրաքանչյուրի ունակություններն ու ընդունակությունները և ոչ թե հավակնությունները:
Նեղացածներ չպետք է լինեն: Մեր գործիչներն այնտեղ են, որտեղ նրանց կարիքը կա: Ես երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցները: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օժանդակել են մեզ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր երբևէ մի բարի խոսք են ասել Հանրապետական կուսակցության օգտին:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մի փոքրիկ աղյուս են դրել, բայց ես երբեք չեմ հանդուրժել ու չեմ հանդուրժելու, չեմ կարևորելու մարդկանց՝ իրենց անձի մասին պատկերացումներով: Տեսնում եմ՝ ով որքան է աշխատում, տեսնում եմ՝ ով ինչպես է աշխատում և իմ տեսանկյունից գնահատական եմ տալիս: Եթե մեզնից յուրաքանչյուրը ինքը պիտի որոշի, թե որտեղ է աշխատելու, ինչով պետք է զբաղվի, դա արդեն, ներողություն, բայց կդառնա շիլաշփոթ:
Իսկ մեր պատասխանատվությունը շատ բարձր է, այնքան բարձր, որ, միգուցե, մեր հասարակության մեծ մասն էլ դա չի պատկերացնում: Իշխանությունը, բազմաթիվ անգամ ասածս նորից կրկնեմ՝ վայելք չէ, սեփական բարեկեցությունը ապահովելու միջոց չէ: Իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է:
Վստահ եմ՝ մենք ունենալու ենք կուսակցականների առավել արդյունավետ և առավել համապարփակ ներգրավվածություն մեր երկրի խնդիրների լուծման գործում: Բոլորի ներգրավվածությունն ենք ապահովելու: Իսկ ով համոզված կլինի, որ իր հսկայական պոտենցիալը անարդյունավետ է օգտագործվում, մենք նրանց կառաջարկենք գտնել ավելի արդյունավետ օգտագործող միջավայր»: