Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-03-03 15:59
Իրավական

Մարդիկ, ովքեր հիմա խոսում են, իմ օրոք աշխատում էին չէ՞. Ալիկ Սարգսյանի ակնարկը

Մարդիկ, ովքեր հիմա խոսում են, իմ օրոք աշխատում էին չէ՞. Ալիկ Սարգսյանի ակնարկը

Նախկին ոստիկանապետ, այժմ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը «նախկինում հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճի» մասին խոսողներին խորհուրդ է տալիս վերցնել պաշտոնական թվերը, եւ ամեն ինչ անզեն աչքով պարզ կլինի` թվերն իրենք կխոսեն ամեն ինչ մասին:

 

«Ես որեւէ բան որեւէ մեկին այժմ չեմ ուղղում, ես սովոր եմ իմ պաշտոնավարման ժամանակի համար խոսել եւ պատասխան տալ: Ես մի բան կարող եմ ասել եւ շատ հստակ` իմ ժամանակ ոստիկանությունն իր առջեւ դրված խնդիրը` եթե ոչ հարյուր տոկոսով, ապա մոտ 100 տոկոսով կատարել է: Մեծ հնչեղություն ստացած գործերից միայն Գեւորգ Մհերյանի սպանություն է, որ, ցավոք, չբացահայտվեց, դա եղել է այն մեծ հնչեղություն ստացած գործը, որը ես չկարողացա բացահայտել եւ որի մասին ամեն անգամ խոսելիս ինձ շատ վատ եմ զգում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետը:

 

Անդրադառնալով «նախկինում հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճ»` հաճախ հնչող արտահայտությանը` Սարգսյանը վստահեցրեց, որ ինքը եղել է «երբեք հանցագործությունը հաշվառումից չթաքցնելու ջատագովը»: «Հանցագործությունը չթաքցնելը եղել է իմ աշխատանքի կուրսը, հանրապետության նախագահն է պահանջել, որ որեւէ հանցագործություն չթաքցվի, եւ ես հենց այդպես էլ արել եմ»,- ասաց նա եւ կրկին խորհուրդ տվեց վերցնել թվերը, եւ ամեն ինչ առավել քան պարզ կլինի:

 

Սարգսյանը նաեւ հայտարարեց, որ որեւէ մեկն իրավունք չունի իր աշխատանքի վրա սեւ բիծ քաշելու եւ գնահատական տալու: «Իմ աշխատանքի գնահատականը տվել է ՀՀ նախագահը»,- ընդգծեց նա եւ մի ուշագրավ հարցադրմամբ հանդես եկավ. «Մարդիկ, ովքեր հիմա խոսում են «նախկինում հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճի» մասին, այդ մարդիկ իմ օրոք աշխատում էին չէ՞: Ինչպե՞ս ստացվեց, որ ժամանակի ընթացքում հանկարծ բացահայտվեց, որ «նախկինում նման բաներ են եղել»: Իմ ժամանակ ինչո՞ւ էիք թաքցնում, ինչո՞ւ... Թող ասեն»: