Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատարանը շենք կառուցողի 4 մլն դոլար հնարավոր վնասը ավելի թանկ է գնահատել , քան մարդու և նրա ընտանիքի առողջությունն ու կյանքը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց փաստաբան Ալբերտ Կանդալյանը։
Բանն այն է, որ դատարանը 2 ամսով կասեցրել էր «Սասուն» ազգագրական երգի-պարի խմբի ղեկավար, «Գաթա» բենդի հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի տունը քանդող 12-հարկանի շենքի շինարարությունը, մինչև վերջնական վճռի կայացումը։ Բայց օրեր առաջ՝ ապրիլի 8-ին Անդրանիկ Մանուկյանը նկատել է, որ շինարարությունը նորից սկսել են։ Երբ պահանջել է դադարեցնել՝ ցույց են տվել դատարանի որոշումը, որը հրապարակվել է, փաստաբանի պնդմամբ, առանց դատական նիստ անցկացնելու, իսկ վճռի օրինակը իրենց չի ուղարկվել։
«Վարչական դատարանը, ցավոք սրտի, 4 մլն դոլար վնասի հնարավոր տարբերակը գնահատում է մարդու առողջությունից և կյանքից ավելի թանկ, և ասում է, որ Անդրանիկ Մանուկյանի կրած վնասներն ավելի քիչ են լինելու, քան 4 միլիոն դոլարը, որ ներկայացրել է երրորդ անձը, որ, իբրև թե, վարկ է վերցրել շենքը կառուցելու համար։ Առանց այն էլ այդ՝ 2 ամսով շինարարության կասեցման խնդիրը մեզ մոտ կասկածներ էր առաջացնում, թե ինչու հենց 2 ամսով, բայց այս պարագայում, դատարանը, առանց որևէ մեկին տեղեկացնելու, թե ինչ գործողություն է կատարում, որը պարտավոր էր տեղեկացնել, որոշում է կայացնում վերացնել կասեցումը՝ հիմքում դնելով միայն այն հանգամանքը, որ կողմը 4 մլն դոլարի վարկ է վերցրել և եթե դադարեցնի՝ ավելի մեծ վնաս է կրելու, քան Անդրանիկ Մանուկյանը»,-ասաց փաստաբանը։
Նա, սակայն, համոզված է, որ դատարանը խախտել է սահմանադրական իրավունքը, որում գրված է՝ բոլոր սեփականությունները հավասար են, հետևաբար, Անդրանիկ Մանուկյանի սեփականություն տունը չի կարող նվազ կարևոր լինել, քան կառուցվող 12-հարկանի շենքը։
Ստացվում է, Անդրանիկ Մանուկյանի տան մի հատվածը քանդելով՝ բարձրահարկ շենքի սյուներից մեկը տեղադրել են, նրա տան հիմքերին կից 20 մ խորությամբ փոս են փորել՝ վթարային դարձնելով տունը, զոռբայությամբ շենքի սյուները բարձրացրել են, որպեսզի հիմա էլ ասեն՝ քանդելու դեպքում վնաս կկրենք։
Անդրանիկ Մանուկյանը անկախ փորձագիտական ընկերություններ է ներգրավել և ուսումնասիրություն պատվիրել, որը փաստում է, որ 12 հարկանի շենքի կառուցումը արևից ընդհանրապես կզրկի իրենց տունը։ Մեկ այլ փորձագիտական եզրակացությամբ հաստատվում է, որ շինարարական ընկերությունը Անդրանիկ Մանուկյանի տան մի մասը քանդել է՝ նորակառույցի սյունն այդ հատվածում դնելու համար։
Այս փաստաթղթերը, սակայն, նա չի հասցրել ներկայացնել Վարչական դատարան, և այժմ կտանի Վերաքննիչ դատարան։ Բարձր ատյանից նա պահանջելու է՝ ապօրինի ճանաչել իր տանը կից բարձրահարկի շինարարության թույլտվությունը։
Այս ընթացքում, սակայն, Անդրանիկ Մանուկյանին հեռախոսով նամակներ են ուղարկում՝ սպառնալով ու շանտաժի ենթարկելով նրան ու ընտանիքին։ Սա ևս պետք է իրավապահների ուշադրությանն արժանանա։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․