կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-06 20:07
Քաղաքական

Տիգրան Սարգսյանը մեզ հետ չէր խորհրդակցում. ՀՀԿ-ական պատգամավորն անկեղծանում է տարիներ անց

Տիգրան Սարգսյանը մեզ հետ չէր խորհրդակցում.  ՀՀԿ-ական պատգամավորն անկեղծանում է տարիներ անց

Կարեն Կարապետյանին անհրաժեշտ է քաղաքական հենարան, առանց քաղաքական հենարանի` նա չի կարող իր քայլերը կատարել. այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը` ի պատասխան Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ վարչապետը շտապեց դառնալ կուսակցական:

Մեր այն հիշեցմանը, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը արագ չանդամակցեց ՀՀԿ-ին, և Կարեն Կարապետյանն էլ, հիշելով սա, երեկ ասաց, որ չի կարող իրեն այդպիսի ճոխություն թույլ տալ, պատգամավորն արձագանքեց. «Ես ասեմ, որ Տիգրան Սարգսյանի անհաջողության հիմնական պատճառը քաղաքական հենարան չունենալն էր: Ես անգամ կարող եմ բացեիբաց ասել, որ ոչ մի կապ չկար խորհրդարանական մեծամասնության և վարչապետի ու նրա կառավարության հետ: Դրա համար էլ նա ունեցավ այդ ճակատագիրը: Այո, շատ պլաններ մենք կարող էինք իրագործել, սակայն նա մեզ հետ չէր խորհրդակցում, քանի որ անկուսակցական էր: Մեր պայմաններում, առանց քաղաքական հենարան ունենալու, ոչ մի վարչապետ չի կարող հաջողություն հասնել՝ անկախ նրա ընդունակություններից: Այո, չնայած սրան, Տիգրան Սարգսյանն էլ լավ մենեջեր է, խելոք անձնավորություն և լավ տնտեսագետ և, եթե չունենար առավելություններ, այսօր այդ պաշտոնին չէր լինի: Բայց նրա ամենամեծ սխալն այն է, որ նա քաղաքական հենարան չունեցավ: Այս ամենը հաշվի առնելով՝ Կարեն Կարապետյանը մտավ կուսակցություն»:

Հարությունյանը կարծիք հայտնեց նաև, որ Կարեն Կարապետյանն ուղղամիտ մարդ է: «Դա գալիս է նրա ինտելեկտից, անցած ճանապարհից, և հաճախ այդ ուղղամտությունն ի վնաս իրեն է: Առաջին անգամ եմ տեսնում, որ վարչապետը կամ քաղաքական այլ գործիչ այդքան ազնիվ լինի իր ապրելակերպի մեջ, դա գալիս է վստահությունից՝ իր ինտելեկտի, իր պլանների նկատմամբ: Նա միշտ այդպես է լինելու, և այստեղ նրա ծագումնաբանություն էլ նշանակություն ունի»,- վստահություն հայտնեց մեր զրուցակիցը: