Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ինձ դժվար է մեղադրել կառավարության գործունեության հանդեպ քննադատական մոտեցմամբ, բայց պետք է ասեմ, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային ռեֆորմը արժանանում է վատ հանրային հարաբերությունների փիարի: Այստեղ կառավարությունը անելիք ունի»,-ԱԺ-ում կառավարությանն ուղված հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը: Նա նաեւ նշեց, որ վերջին ՍԴ որոշումից հետո ստեղծվել է խառնաշփոթ եւ պետք է դա ընդունել: Բազմաթիվ մարդիկ, ովքեր կողմ են այս օրենքին, ըստ պատգամավորի, քիչ տեղեկացված են:
«Ես էլ կողմ եմ այս օրենքին, բայց երբ ինձ դիմում են, ես չեմ կարողանում պարզաբանումներ տալ:Սոցապ նախարարի պարզաբանումներն էլ բավարար չեն: Այս լավ նախաձեռնությունը մեծ խնդիրների առաջ է կանգնելու: Արդյո՞ք օրինաչափ է աշխատավարձերից պահել այն վճարները, որոնք կասեցվել են ՍԴ որոշմամբ»,-հետաքրքրվեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, իրականացրել են տարբեր քննարկումներ` տարբեր խմբերի հետ: «Առաջիկայում ավելի լայն պարզաբանումներ կներկայացնենք, որ տարընթերցումների խնդիր չլինի: Չեմ մեկնաբանի ՍԴ որոշումը, որը նախատեսել է կասեցնել այդ երկու դրույթները, բայց այսօր խոսել, որ չպետք է կատարել վճարում, համարում եմ, որ դա իրականության հետ կապ չունի: Այս ռեֆորմը բացառապես մեր քաղաքացիաների սոցիալական ապահովության շահերից է բխում, և բնական է, որ այդ բարեփոխումը դժվարություններ է առաջացնում»,-նշեց նախարարը:
ՀՀԿ-ական պատգամավորն էր հայտարարեց, որ պետք չէ մատների արանքով նայել, կա խնդիր, և խնդիրը լուրջ է: «Ես էլ խնդիր ունեմ բանավեճերի ընթացքում ապացուցել այս բարեփոխման արդյունավետությունը»,-անկեղծացավ ՀՀԿ-ական պատգամավորը: