կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-07 16:10
Քաղաքական

Խմում եմ, խմիչքից հեռու չեմ, բայց հարբել չի ստացվում. անկեղծանում է պատգամավորը

Խմում եմ, խմիչքից հեռու չեմ, բայց հարբել չի ստացվում. անկեղծանում է պատգամավորը

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ մինչ օրս էլ շարունակում է իր երեխաներին Ձմեռ պապիկի տոպրակներ նվիրել. դրանց պարունակությունն ընտրում են ինքն ու կինը: Ըստ նրա` թեև իր երեխաներն արդեն բավականին մեծ են և ունեն իրենց սեփական ընտանիքները, միևնույն է, ինքը չի պատրաստվում հրաժեշտ տալ իր այդ սովորությանը: «Նվիրում եմ նաև տարվա սիմվոլը` իհարկե, խաղալիքի տեսքով»,- ասաց պատգամավորը: Նա դեմ է այն սովորությանը, որ մարդիկ Ամանորին իրար տուն հյուր գնալիս «բոնբոներկա» են տանում: «Ես միայն ծնողներիս այցելելիս եմ հետս ինչ-որ բան տանում, ասենք` խմիչք, քաղցրավենիք, փոքրիկ սիմվոլ»,- ասաց Ավետիսյանը: Նրա կարծիքով` մարդիկ պետք է, ի վերջո, դադարեն Ամանորն ընդունել որպես մրցավազք: «Պետք չէ մրցել հարևանի, բարեկամի հետ: Ամանորը ընտանեկան տոն է, իսկ ընտանիքիդ անդամներին պետք չէ զարմացնել»,- ասաց պատգամավորը` հավելելով.

«Մարդիկ իրենց համար պրոբլեմ են դարձնում Ամանորը: Այդ տոնը ընտանեկան տոն է, և պարտադիր չէ, որ ձգտեն ամենայն ճոխությամբ նշել: Հարկավոր չէ վարկեր վերցնել` հարևանից կամ բարեկամից ավելի ճոխ սեղան գցելու համար: Մենք ունենք ավանդական ուտեստների տեսակներ: Հեչ էլ պարտադիր չէ, որ շատ ճոխ լինի: Կան համապատասխան ցիտրուսային մթերքներ, որոնք հասանելի են բոլորի համար: Ամեն մարդ պետք է իր ունեցածով, իր հնարավորությունով փորձի Ամանորը նշել և նշի այնպես, որ Ամանորից հետո չընկնի մտատանջությունների մեջ, այլ այդ տոնն, իրոք, ուրախ դիմավորի և ամբողջ տարին նման տրամադրությամբ շարունակի»: Ավետիսյանի խոսքով` իրենց Ամանորյա գնումներն անում են ինքն ու կինը: «Այնպես չէ, որ բաժանած է, թե ով ինչով պետք է զբաղվի, պարզապես որ րոպեին ում ինչ հարմար է, անում է: Ինձ համար շատ հաճելի է նաև, որ Ամանորին տունն ու դուռը զարդարում եմ իմ սեփական ձեռքերով: Ընտանիքիս անդամների հետ էլ տոնածառն ենք զարդարում»,- պատմեց պատգամավորը: Սուքիաս Ավետիսյանն ընդգծեց նաև, որ ինքն Ամանորին բավականաչափ խմում է, բայց չի հարբում: «Ինձ մոտ հարբել չի ստացվում: Ես խմում եմ, խմիչքից հեռու չեմ, բայց հարբել հասկացությունն իմ կյանքի հետ չի համատեղվում»,- ասաց նա:

Պատգամավորը, նկատի ունենալով 2016 թվականի խորհրդանիշը, ասաց, որ լավ կլինի` մարդիկ կապիկից ընդօրինակեն խելացիությունը: Ըստ նրա`2015 թվականը ձեռքբերումներով հարուստ չէր, սակայն սահմանադրական հանրաքվեն կարելի է համարել տարվա ձեռքբերում: «Տարվա ընթացքում շատ կորուստներ ունեցանք: Ցավալի դեպքեր են լինում սահմանին: Որպես գյումրեցի` չեմ կարող չհիշել Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցածը»,- ասաց պատգամավորը: Ի դեպ, նա տարվա քաղաքական գործիչ է համարում Սերժ Սարգսյանին, ով, ըստ Ավետիսյանի, արտաքին ու ներքին քաղաքական դաշտում բավական լուրջ աշխատանքներ կատարեց: Պատգամավորի կարծիքով` տարվա կին քաղաքական գործիչն էլ Հրանուշ Հակոբյանն է: «Հաշվի պետք է առնենք այն հանգամանքը, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նա շատ լավ աշխատեց»,- ասաց նա: Սուքիաս Ավետիսյանը զրույցի վերջում բոլորին մաղթեց խաղաղ տարի, լավատեսություն, ձեռքբերումներ` աշխատանքային և անձնական հարթակներում: