կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-26 13:57
Տնտեսական

Ի՞նչ վիճակ է լինելու մաքսակետերում` հունվարի 1-ից սկսած. ՀՀԿ-ական պատգամավորն անհանգստացած է

Ի՞նչ վիճակ է լինելու մաքսակետերում` հունվարի 1-ից սկսած. ՀՀԿ-ական պատգամավորն անհանգստացած է

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր Հայաստանի կողմից ստորագրված` ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանը հարցրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանից` եթե կոլեգիալ մարմնում ԵՏՄ անդամ պետությունների  տարաձայնությունները չեն հարթվում, արդյո՞ք հարցերը բարձրացվում են Բարձրագույն խորհրդում:

 

Սուրեն Կարայանը պատասխանեց, որ կոլեգիայում Հայաստանը ներկայացնելու է երեք անդամ, սակայն` մեկ ձայնի սկզբունքով: Կոլեգիալ մարմնում որոշումներն ընդունվելու են ձայների երկու երրորդով, և Հայաստանի ձայնը վճռորոշ կարող է լինել:  Նա նշեց, որ, իսկապես, համաձայնության չգալու պարագայում Բարձրագույն խորհուրդն է անդրադառնալու այդ հարցերին:

 

Նուշիկյանը նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք 4-րդ հավելվածում տեղ գտած 750 անուն ապրանքատեսակների ցանկը կարող է փոփոխության ենթարկվել:

 

Սուրեն Կարայանը պատասխանեց, որ այս պահին բացառությունների այդ ցանկը հնարավոր չէ փոփոխության ենթարկել: «Գուցե հետագայում հնարավոր լինի այն փոփոխել, սակայն դա ենթադրում է շատ բարդ ընթացակարգ, այսինքն` ԵՏՄ անդամ պետությունները կրկին պետք է իրենց խորհրդարաններում վավերացնեն այդ փոփոխությունը»,- ասաց նա` հավելելով, որ հայ գործարարների համար զգայուն կետերը ներառված են անցումային դրույթներում, այդ հարցերը վերաբերում են տեխնիկական կանոնակարգերին, մաքսային գործընթացներին և այլն:

 

Սուրեն Կարայանը նշեց, որ մոտ 22 օրենքում պետք է փոփոխություններ իրականացվեն, որպեսզի ԵՏՄ համակարգը հնարավոր լինի ներդնել Հայաստանում:

 

Գարեգին Նուշիկյանը նաև հետաքրքրվեց, թե, ի վերջո, ե՞րբ է Հայաստանի անդամակցությունը ուժի մեջ մտնելու, ի՞նչ վիճակ է լինելու մաքսակետերում` հունվարի 1-ից սկսած: «Մարդիկ ապրանքներ են բերում, անցումային փուլում ի՞նչ վիճակ է լինելու մաքսակետերում, որպեսզի կամայականություններ չլինեն»,- հարցրեց պատգամավորը:


Սուրեն Կարայանը պատասխանեց, որ հունվարի 2-ից շուտ պայմանագիրը չի կարող ուժի մեջ մտնել: Նրա խոսքով` երրորդ երկրների հետ առևտրում փոփոխությունները կլինեն` մաքսային դրույքաչափերի հետ կապված, իսկ ընթացակարգերի ու վարչարարության մասով փոփոխություններ չեն լինի:

 

«ԵՏՄ անդամ պետությունների միջև, առհասարակ, վերանալու են մաքսային բոլոր ձևակերպումները, լինելու են միայն տարանցիկ փոխանցման հարցեր»,- ասաց փոխնախարարը:


Նա հավելեց, որ, մաքսային դրույքաչափերի հետ կապված, երրորդ երկրների հետ առևտրում կիրառվելու են ԵՏՄ կողմից որոշված միասնական դրույքաչափերը, այսինքն` երրորդ երկրների հետ դրույքաչափերը կբարձրանան: Բացառություն են լինելու առաջին անհրաժեշտության ապրանքները` մոտ 750 անուն, որոնց նկատմամբ 5 տարի ժամկետով մաքսատուրքեր չեն կիրառվելու: