Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017 թվական բարդ տարի է լինելու. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Տարին ընտրական է, և 2017 թվականին նախընտրական թոհուբոհի մեջ ենք լինելու: Մինչև փետրվարի կեսերը ամեն ինչ պարզ կլինի, և արդեն մարտի կեսերից կսկսենք պաշտոնական քարոզարշավը»,- ասաց նա:
Ըստ Շարմազանովի` եթե իշխանական դաշտում շատ բան հստակ է, ընդդիմադիր դաշտում դեռևս ոչինչ հստակ չէ: «Իշխանական դաշտում կա ՀՅԴ և ՀՀԿ համագործակցության հուշագիրը: Համագործակցությունը ՀՅԴ-ի հետ երկարատև է և ռազմավարական. սա երկու ազգային կուսակցությունների երկարատև համագործակցություն է, որի նպատակն է առողջացնել Հայաստանի քաղաքական դաշտը և հանրային կյանքի բոլոր ոլորտներում սկսել բարեփոխումներ»,- ընդգծեց նա:
Շարմազանովը թեև խուսափեց նշել նրանց անունները, ում 2016 թվականի ընդդիմադիր է համարում, պատճառաբանելով, որ եթե անուններ նշի, այդ գործիչներին կպիտակավորեն և կհամարեն Բաղրամյան 26-ի հաճախորդներ, այդուհանդերձ, ասաց, որ իր պատկերացրած ընդդիմադիրը ճղճղան չէ, ամեն ինչն աննպատակ քննադատողը չէ, իր պատկերացրած ընդդիմադիրը քննադատում է փաստարկներով և, քննադատելուց զատ, առաջարկում է այլընտրանքային ծրագիր:
«Անուն չեմ ուզում տալ: Իհարկե, ունենք այդպիսի ընդդիմադիրներ: Հիմա` անուն տամ, պետք է ասեն` իշխանության հաճախորդ է, դրա համար անուն չեմ տալիս: Եթե ես այսօր 5-6 ընդդիմադիրի անուն տամ, կասեն` ըհը, Բաղրամյան 26 են գնացել, այնտեղից հրաման է եկել, Շարմազանովն էլ գովում է»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Խոսելով 2017 թվականից ունեցած ակնկալիքների մասին` Շարմազանովը նշեց, որ լավ լինելն ու չլինելը իր համար նյութականի հետ չի կապված, դա ավելի շատ կապված է «հոգևոր վերագտնումների» հետ:
«Երջանկությունը փողի մեջ չէ, կարող է ինձ ասեն` դե, քո փորը կուշտ է, ԱԺ փոխնախագահ ես, ժողովրդին ի՞նչ ես հասկանում, բայց դա այդպես չէ: Ես բազում մարդիկ գիտեմ, ովքեր որ ծայրը ծայրին են հասցնում, բայց երջանիկ ապրում են, և շատ մարդիկ կան, որ մի դղյակը մյուսի հետևից սարքում են, մի մեքենան մյուսի հետևից փոխում են, բայց աննպատակ են ապրում, իրենք էլ չգիտեն` ինչի համար, որն է իրենց ապրելու նպատակը»,- ասաց նա, ապա հավելեց. «Երջանկությունը բարոյահոգեբանական կատեգորիա է, ոչ թե ֆինանսանյութական, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է ձգտենք ֆինանսանյութական գոնե նորմալ պայմաններ ստեղծել, դա շատ կարևոր է, եթե մարդը չի կարողանում իր երեխայի վարձը տալ, չի կարողանում հացի փող վաստակել… Ես երկու վիճակում էլ եղել եմ, և դա դեռ հարց է, թե ես ուսանող ժամանակ, որ նավթի լույսի տակ կամ մոմի լույսի տակ -20 աստիճանին կուրսային էի գրում, էն ժամանա՞կ էի երջանիկ, թե՞ հիմա, որ ԱԺ փոխնախագահ եմ»:
Մեր դիտարկմանը` փաստորեն, այն ժամանակ էիք ավելի երջանիկ, Շարմազանովն արձագանքեց. «Չես կարող ասել. հիմա ունեմ ընտանիք, ունեմ երեխաներ: Ես պոզիտիվ լիցքերով մարդ եմ, բոլորին էլ ցանկանում եմ, որ երբեք չհուսահատվեն: Պետք է կարողանաս փոքր բանից ուրախանալ»:
Վերջում Շարմազանովը նշեց, որ ցանկանում է, որ «մեր բարոյահոգեբանական ներաշխարհն ավելանա, և արդարության դեֆիցիտը պակասի»: «Ես չեմ ուզում խորհուրդ տալ: Եթե ես չլինեի պաշտոնյա, ուրիշ ձևով կխոսեի: Ես հիմա ինչպես էլ խոսեմ, դա կընկալվի որպես կուշտ պաշտոնյայի խոսք, դրա համար ես չեմ ուզում դասեր տալ: Ես ուզում եմ բոլորին ցանկանալ սեր: Սիրո պակաս բոլորս շատ ունենք: Ինձ համար քաղաքական կրեդո է Լինկոլնի ասածը. «ես հաղթում եմ իմ հակառակորդներին` նրանց բարություն անելով»: Ես մի ժամանակ ինձ վրա նետած քարը երկու քարով էի պատասխանում, բայց վերջին մեկուկես տարին ես ինձ վրա նետած քարին կա’մ չեմ պատասխանում, կա’մ մեղմ եմ պատասխանում, կա’մ հումորով եմ պատասխանում, կա’մ բարությամբ եմ պատասխանում, այդպես ավելի ես հաջողության հասնում»,- ասաց նա:
Հարցին` վատությանը բարությամբ պատասխանելն ինչի՞ հետ է կապված, ավելի հասունացե՞լ է, Շարմազանովը պատասխանեց. «Այո, ավելի հասունացել եմ, իհարկե, մարդը միշտ պիտի զարգանա, պետք է հասունանա, պետք է միշտ մտածի»: