Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի շահերը ներկայացնող հայտնի փաստաբան, ՌԴ միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Կարինա Մոսկալենկոն դեռևս չի պատրաստվում մեկնել Բաքու՝ տեսակցելու իր պաշտպանյալին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Մոսկալենկոն, տեղեկացնելով, որ Լապշինի՝ Իսրայելի քաղաքացի մայրն է պատրաստվում մեկնել Բաքու:
Yerkir.am-ի հետ զրույցում փաստաբանը խոսեց Լապշինի գործի, միջազգային կոնվենցիաների խախտմամբ նրան Ադրբեջանին արտահանձնելու մասին:
- Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը պաշտոնապես հայտնել է, որ Ալեքսանդր Լապշինը Ինտերպոլի հաշվառումներով երբեք չի անցել, միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել։ Այս դեպքում ինչպե՞ս հնարավոր եղավ նրա արտահանձնումը:
-Մենք կասկածներ ունեինք, որ ոչ մի հետախուզման մասին էլ խոսք չկար, սակայն հետո պարզվեց, որ Լուկաշենկոն, երբ ասում էր` հետախուզում, նկատի ուներ, որ նրա նկատմամբ միջպետական հետախուզում է եղել՝ համաձայն ԱՊՀ երկրների միջև կնքված համապատասխան համաձայնագրի:
- Կարելի՞ է փաստել, որ նրան քաղաքական դրդապատճառներով են արտահանձնել Ադրբեջանին:
- Այո, Լապշինի արտահանձնումը տեղի է ունեցել զուտ քաղաքական դրդապատճառներով, թեև մի շարք պետություններ, այդ թվում` Ադրբեջանը, իրենց սահմանը հատելը համարում են քրեական հանցագործություն: Սակայն Լապշինը ճանապարհորդ է, իսկ նման մարդիկ առանձնապես սահմաններ չեն տեսնում, նրա գործողությունները քաղաքական նպատակներ չեն հետապնդում, այլ՝ մարդասիրական. նա լուսաբանել է այն, ինչ տեսել է:
Լինելով ճանապարհորդ, մարդասեր` Լապշինն իր հրապարակումներում ցուցադրել է Ղարաբաղի մարդկանց կյանքը:
-Հայտնի է, որ արդեն հայց եք ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ռուսաստանի եւ Ադրբեջանի, կմասնավորեցնե՞ք ինչ գանգատի մասին է խոսքը:
-Նախ` Ռուսաստանի դեմ ենք հայց ներկայացրել, քանի որ Ռուսաստանը ոչինչ չի արել իր քաղաքացու շահերը պաշտպանելու համար, ով հետապնդվում էր զուտ քաղաքական դրդապատճառներով: Ռուսաստանը ոչ միայն չի պահանջել, այլև չի խնդրել իր քաղաքացուն հանձնել իրենց, իսկ դրա համար բավարար հիմքեր կային: Նույնիսկ այդ մասին Բելառուսի նախագահն է հայտարարել՝ նշելով, որ եթե Ռուսատանը, որպես պետություն, դիմեր իրենց քաղաքացուն հանձնելու խնդրանքով, իրենք այդ հարցը կքննարկեին, սակայն նման բան ռուսական կողմը չի արել: Փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանը որևէ միջոց չի ձեռնարկել իր քաղաքացու իրավունքները պաշտպանելու համար՝ Բելառուսի հետ նույն միության մեջ լինելով հանդերձ: Բացի այդ` Ռուսաստանի Սահմանադրությունը կտրականապես արգելում է իր քաղաքացու արտահանձնումը երրորդ երկրի, մինչդեռ Ռուսաստանն այս հարցում զարմանալի անտարբերություն ցուցաբերեց:
Իսկ Ադրբեջանի մասով նշեմ, որ այդ պետությունը կոպտորեն խախտել է Եվրոպական կոնվենցիայի դրույթները՝ պահանջելով արտահանձնել Լապշինին: Այն մեթոդները, որ կիրառվել են Լապշինի նկատմամբ, հակասում են Եվրոպական կոնվենցիայի դրույթներին:
Բելառուսի դեմ էլ Լապշինի կինն է հայց ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե՝ հաշվի առնելով, որ Բելառուսը Եվրախորհրդի անդամ չէ։ ՄԱԿ-ից արձագանքել են արդեն, որ ստացել են հայցը եւ խնդրել ներկայացնել հավելյալ փաստաթղթեր։
-Լապշինի գործով օգտվո՞ւմ եք հայ իրավաբանների աջակցությունից:
-Պետք է նշեմ, որ հայ իրավաբաններն այս գործով ակտիվորեն աջակցում են մեզ: Ես միայն կխնդրեի լրագրողներին՝ Լապշինի վերաբերյալ գործը լուսաբանել նրբանկատորեն: Բոլորս էլ գիտենք, որ այս գործը վերաբերում է նաև Ղարաբաղյան հակամարտությանը, գիտենք, թե որքան զգայուն հարց է դա: Սակայն, միևնույն ժամանակ, չպետք է մոռանանք, որ խոսքը մի մարդու մասին է, ով տուժել է և այժմ գտնվում է բանտում: Մեր ամեն սխալ խոսք կարող է անդրադառնալ նրա վրա:
Զրուցեց Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ