Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակում այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարություն է ընդունել ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Կողմերը կարևորում են ԼՂ խնդրի կարգավորումը, որը պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, առաջին հերթին՝ ինքնիշխանության ապահովման, տարածքային ամբողջականության և պետության սահմանների անխախտելիության սկզբունքներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին ու ԵԱՀԿ որոշումներին»:
Հայտարարության մեջ բացակայում են ԼՂ կարգավորման գործընթացում որպես հիմք ընդունված` միջազգային իրավունքի մյուս երկու առանցքային սկզբունքները՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը և ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումից խուսափելը: Թեև հայտարարության մեջ ընդհանրական հղում է կատարվում նաև «ԵԱՀԿ որոշումներին», սակայն փաստը, որ շեշտվել է միայն պետության տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքը, ակնառու է դարձնում բացառապես Ադրբեջանի շահերով առաջնորդվելու և կարգավորման հարցում կողմնակալություն դրսևորելու` Լուկաշենկոյի դիտավորությունը:
Առաջին անգամը չէ, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկեր հորջորջվող Բելառուսը և նրա տիրակալն իրենց դիվանագիտական նման ցինիկություն են թույլ տալիս` ԼՂ հարցի հետ կապված: Ապրիլյան պատերազմի առաջին օրը Լուկաշենկոն զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և լիակատար աջակցություն հայտնել հենց Բաքվի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ: Իսկ Բելառուսի ԱԳՆ-ն ապրիլի 2-ին հանդես էր եկել Երևանին և Բաքվին ուղղված՝ կրակը դադարեցնելու կոչ-հայտարարությամբ, որում բառացիորեն, տառ առ տառ արտահայտված էր այն դիրքորոշումը, որն արտացոլվել է Ալիև-Լուկաշենկո հայտարարության մեջ:
Այդ կողմնակալ հայտարարության պատճառով Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը կանչվել էր ՀՀ ԱԳՆ, որտեղ փոխնախարար Շավարշ Քոչարյանը տարակուսանք էր հայտնել է Մինսկի վարքագծի կապակցությամբ և շեշտել, որ «նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն եւ հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ուժի կիրառումը»:
Բելառուսի ԱԳՆ-ի և Բաքվում ընդունված այս հայտարարության բովանդակային նույնությունը վկայում է, որ Բաքուն պարզապես օգտագործել է ապրիլյան պատերազմի կապակցությամբ պաշտոնական Մինսկի դիրքորոշումը: Սակայն առավել քան հասկանալի է, որ եթե Բելառուսի բռնապետը ցանկություն չունենար ընդառաջելու Ադրբեջանի իր գործընկեր բռնապետին, նրան ոչ ոք չէր կարող դրդել նման փաստաթուղթ ստորագրել:
Մինսկին և Բաքվին միավորում են ոչ միայն երկու բռնապետերի կառավարման և մտային ընդհանրությունները, այլև, առաջին հերթին, տնտեսական լուրջ կապերը, որոնք Լուկաշենկոյի համար միշտ ավելի արժեքավոր են եղել, քան քաղաքական գործոնները կամ տարբեր միջազգային ձևաչափերում իր ստանձնած պարտավորություններին հավատարիմ լինելը: Ի վերջո, պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը ոչ միայն բելառուսական արտադրանքի հիմնական սպառող երկրներից է, այլ նաև գուցե գլխավոր գործընկերը ռազմամթերքի, զինտեխնիկայի առուվաճառքի առումով, թեև Բելառուսը ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի «դաշնակիցն» է: Այս իմաստով` Լուկաշենկոն միտումնավոր է տուրք տվել Բաքվի սադրանքին, որի ամբողջ նպատակը Հայաստանի հանդեպ նրա, այսպես կոչված, «դաշնակիցների» իրական դիրքորոշումը մերկացնելն է և թե՛ ՀԱՊԿ-ում ու թե՛ ԵԱՏՄ-ում ներքին տարաձայնությունները ու Հայաստանի մեկուսակցումը խորացնելը: Լուկաշենկոն դա արել է՝ շատ լավ հասկանալով, թե ինչպիսի ռեակցիա այն կառաջացնի Երևանում, և, ըստ էության, արել է` թքած ունենալով այդ ռեակցիայի վրա:
Այս քայլը Հայաստանին դնում է շատ անհարմար դրության մեջ: Եթե ապրիլին, դեսպանին ԱԳՆ հրավիրելով և պարզաբանումներ պահանջելով, նոտա հղելը պայմանավորված էր Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարության հետ, ապա հիմա Երևանը ստիպված է արձագանքել իր «դաշնակիցը» հանդիսացող երկրի կողմից երկրի նախագահի մակարդակով այդ նոտան արհամարհելու իրողությանը: Առավել քան տրամաբանական է, որ եթե դեսպանին հրավիրելու միջոցով հնարավոր չեղավ ազդել Բելառուսի այս անհավասարակշիռ և դիվանագիտության էթիկայից դուրս վարքագծի վրա, Երևանի արձագանքը պետք է շատ ավելի կոշտ ու սկզբունքային լինի՝ ընդհուպ շոշափելով դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնելու հարցը: Եթե Երևանը նախընտրի չնկատելու տալ Լուկաշենկոյի այս բացահայտ սիրախաղը Ալիևի հետ և վերջինիս երաժշտության տակ կովկասյան «լեզգինկա» պարելը, լիովին կանլրջացի ինքն իր կարգավիճակը թե' ՀԱՊԿ-ում և թե' դրանից դուրս՝ իր շահերը և պետական արժանապատվությունը վերջնականապես դարձնելով այլ երկրների համար Ադրբեջան մուտքին կեղտոտ կոշիկները մաքրելու լաթի:
Գևորգ Դարբինյան