կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-29 12:44
Հասարակություն

Բժշկականի դեպքը սադրանք էր իմ անձի դեմ, պատճառն էլ հայտնի է. Արսեն Թորոսյան

Բժշկականի դեպքը սադրանք էր իմ անձի դեմ, պատճառն էլ հայտնի է. Արսեն Թորոսյան

Բժշկականում տեղի ունեցած միջադեպը ճանճը փիղ սարքելու լավ օպերացիա էր. այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով  «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի ու դրան հաջորդած բաց նամակի պատմությանը:

Նախարարի խոսքով՝ Նուբարաշենի հոգեբուժարանի «անբասիր կենսագրության և վարքով» նախկին տնօրենների շնորհիվ, օրինակ, նույն Արմեն Մուրադյանի ղեկավարման տարիներին, 4 անգամ բարձր գնով քաղցրավենիք է գնվել, տասնյակ միլիոնների ջուր է գողացվել հարևան հիմնարկների կողմից, 40 հեռախոս են գնել, որ մեկ «Այֆոն» վերցնեն… Այս ամենը, Թորոսյանի հավաստմամբ, տեղի է ունեցել նախկին տնօրենի օրոք, և վնասն այժմ վերականգնվում է: «Նման միջադեպեր բժշկականում օրական 10 հատ լինում են, ոչ մեկը նման արձագանք չի ստանում: Եղածը կոնկրետ սադրանք էր իմ անձի դեմ: Այժմ Նուբարաշենի հոգեբուժարանում առաջին անգամ վերանորոգման աշխատանքներ են տարվում և էլի մի շարք բաներ են արվում, որոնք նախկինում չեն արվել: Այսինքն՝ ինչ-որ բան ասելուց պետք է նաև անցյալը նայել: Օրինակ` հիմնարկն ուներ 82 մլն դրամ պարտք, որից 50 մլնն արդեն փակվել է»,- ասաց Թորոսյանը:

Ըստ նախարարի՝ ինչ վերաբերում է «շոուին», ապա այդ բաց նամակը ստորագրողների մի մասին կանչել և ստորագրել են տվել, իսկ մի մասն ուղղակի հրաժարվել է: Ավելին, Թորոսյանի հավաստմամբ, վարչապետին ուղղված բաց նամակը ստորագրողների թվու, կան մարդիկ, որոնք այդ պահին Հայաստանում չեն եղել և մինչ օրս էլ երկրում չեն: «Կարծում եմ՝ կազմակերպված էր այդ ամենն ու ուղղված էր իմ դեմ: Խնդիրն այն է, որ մենք հիմա փորձում ենք բժշկականի վրա որոշակի վերահսկողություն սահմանել՝ բուհի խորհրդի կազմում մեր ներկայացուցիչներն ունենալու ձևով, ինչպես նաև բուհի տված կադրերի մասնագիտական ունակությունների վրա հսկողություն իրականացնելու համար: Մենք քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի բժշկականի ավարտական քննություններից սկսած մինչև արդինատուրայի ավարտը լինի նախարարության հսկողության տակ»,- ասաց Թորոսյանը:

Նրա գնահատմամբ՝ այդ միջադեպն այն միջադեպը չէր, որ երկրի վարչապետին դիմեին ու, օգտվելով այն հանգամանքից, որ ինքը երկրում չէ, նման աղմուկ բարձրացնեին: Թորոսյանը նշեց, որ մարդկանց կանչել ու ստորագրել են տվել բաց նամակի տակ:

Հարցին, թե ո՞ւմ կողմից են «ստորագրել տվել», արդյո՞ք բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանին նկատի ունի, նա պատասխանեց` այո, նաև:

Հիշեցնենք, որ Նարել Վանեսյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, որի պատճառը, նախարարի խոսքով, ՄԻ պաշտպանի հայտարարությունն է եղել: «Մարդու իրավունքների պաշտպանը նշել էր, որ տեղի է ունեցել ՄԻՊ-ի աշխատակազմի աշխատանքների խոչընդոտում Վանեսյանի կողմից: Ես դեպքի մանրամասներին ծանոթացել եմ. հակասական կարծիքներ կան, բայց, իմ կարծիքով էլ, խոչընդոտում եղել է, որն անթույլատրելի է, և նման դեպքերը պետք է բացառվեն: Ի դեպ, ՄԻՊ-ն ընդհանրապես կապ չունի բժշկականում տեղի ունեցածի հետ»,- ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ Վանեսյանի պահվածը ստացել է ադեկվատ գնահատական, երբ խոսքը վերաբերել է նրա աշխատանքային գործունեությանը, և արդեն իսկ արվել է (խմբ.՝ նկատի ունի աշխատանքից ազատվելը), իսկ բժշկականի հետ կապված՝ այնտեղ հարյուրավոր նման միջադեպեր են տեղի ունենում, որոնց մասին, ըստ Թորոսյանի, ոչ ոք չի իմանում:

Հարցին, թե տեղեկություններ կան, որ Վանեսյանը բժշկականում միջադեպը հրահրելու համար ուղարկված է եղել նախարարությունից, քանի որ նախարարությունը բուհի հետ խնդիրներ ունի և ուզում էր իր առավելությունը ցույց տալ, արդյո՞ք ճիշտ է այս ինֆորմացիան, նախարարը պատասխանեց, որ նախարարության բարձրության ու ցածրության հարց չկա: «Տարբեր մարմիններ են` տարբեր գործառույթներով: Եթե դուք կարծում եք, որ այդ քայլով նախարարության առավելությունը հաստատվել է, ես նման կարծիք չունեմ»,- նշեց Թորոսյանը: