կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-14 11:56
Հասարակություն

Ժողովրդի լավատեսությունը կարող է հիանալի ազդակ լինել. ՀՀԿ-ական պատգամավոր

Ժողովրդի լավատեսությունը կարող է հիանալի ազդակ լինել. ՀՀԿ-ական պատգամավոր

Հայաստան-Եվրամիության խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանանախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Վատիկանի Սբ Պետրոս տաճարում տրված պատարագի հոգևոր խորհրդին և քաղաքական նշանակությանը, շեշտեց, որ այս իրադարձությունը կարևորագույն ձեռքբերում է մեր երկրի համար:

 

Պատգամավորը նշեց, որ ինքն անձամբ է ներկա գտնվել պատարագին և արձանագրել մի քանի կետ: «Պետք է արձանագրեմ, որ սրբազան քահանայապետի մատուցած պատարագը առաջինն էր իր տեսակով: Ֆրանցիսկոս պապը չխորշեց իրերն իրենց անունով կոչելուց, հայերի հետ տեղի ունեցածն անվանեց քսաներորդ դարի առաջին ցեղասպանություն: Մյուս կարևոր առանձնահատկությունն այն էր, որ մեր զույգ Վեհափառները Սուրբ Պետրոս տաճարում ելույթ ունեցան և իրենց խոսքն ուղղեցին համայն աշխարհին: Կարևոր է նաև, որ կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ Գրիգոր Նարեկացին հռչակվեց տիեզերական եկեղեցու վարժապետ»,- ասաց Ֆարմանյանը:

 

Նա ասաց նաև, որ հոգևոր հայրապետը երեկ ևս հաստատեց իր խոսքը՝ շեշտելով այն հանգամանքը, որ եկեղեցին անկեղծության վայր է, ուստի պետք է իրերն ու երևույթներն իրենց անունով կոչեն: «Հռոմի պապի այս հայտարարությունը լավ ազդեցություն կարող է ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման վրա: Իսկ Թուրքիայի գործողությունները սպասելի էին, բայց պետք է հավուր պատշաճի գնահատել նաև մեր դիվանագիտական շրջանակների աշխատանքը, ինչպես նաև պետք է շեշտենք, որ Ֆրանցիսկոս պապն իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և ստանձնեց առաջնորդի դերակատարությունը միջազգային շրջանակներում»,- ասաց Ֆարմանյանը:

 

Նա կարևորեց, որ վերջին շաբաթվա իրադարձությունները նպաստել են մեր ժողովրդի մոտ լավատեսության բարձրացմանը: «Այդ լավատեսությունը կարող է հիանալի ազդակ լինել: Թուրքական կողմը կաներ ամեն ինչ, որ այս ամենը տեղի չունենար: Այսպիսի իրադարձություններ ամեն օր չէ , որ տեղի են ունենում: Այս իրադարձությունն ինքնին պատմություն է: Իմ տեղեկություններով` թուրքական կողմը փորձել է ամեն ինչ անել, որ այս ամենը տեղի չունենար, սակայն եղավ այն, ինչ եղավ»,- ասաց պատգամավորը: