կարևոր
502 դիտում, 7 ժամ առաջ - 2025-06-30 11:25
Հասարակություն

ՀԷՑ-ը շատ վատ վիճակում էր, երբ Սամվել Կարապետյանն այն ձեռք բերեց, մեր սխալը եղել է 2015-ին վատ վիճակը չներկայացնելը․ ՀԷՑ-ի տնօրենի ԺՊ

ՀԷՑ-ի ժամանակավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել մանրամասն բացատրություններով՝ կապված ընկերության շուրջ ստեղծված վերջին զարգացումների հետ։

Նրա խոսքով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 2015 թվականին «Տաշիր Գրուպ»-ի կողմից ձեռք բերելու պահին շատ ծանր վիճակում է եղել, սակայն հաջորդող տարիներին կատարվել են ներդրումներ՝ իրավիճակը բարելավելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։

Նա ընդգծել է, որ այդ ընթացքում անցկացվել են թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական աուդիտներ՝ ինչպես միջազգային, այնպես էլ տեղական հեղինակավոր կազմակերպությունների կողմից՝ բոլորն էլ դրական եզրակացություններով։ Ղազինյանը նշել է, որ 2018-2022 թվականներին հարկային ստուգումները նույնպես ավարտվել են զրոյական ակտերով։

Նա շեշտել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ոչ միայն մշտապես վերահսկել է ընկերության գործունեությունը, այլև երբևէ չի արտահայտել որևէ մտահոգություն, որը կարող էր վկայել լիցենզիայի հնարավոր զրկման մասին։

Ըստ նրա՝ ՀԷՑ-ի աշխատանքն ամեն տարի արժանանում է պաշտոնական հաստատման՝ ներդրումային ծրագրերի կատարման և ծախսերի վերահսկման տեսանկյունից։ 2023 թվականի ներդրումային ծրագիրը, օրինակ, իրականացվել է 91.8%-ով։

Ի վերջո, Ղազինյանը հայտարարեց, որ ընկերության գործունեության նկատմամբ բոլոր վերահսկող մեխանիզմները լիարժեք գործել են, և ներկայիս զարգացումներին որևէ իրական հիմնավորում տալ հնարավոր չէ՝ դրանով կասկածի տակ դնելով վերջին քայլերի իրավաչափությունը։

Մանրամասն՝ տեսանյութում։