Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ասուլիսի ժամանակ լրագրողները չշրջանցեցին ռուս լրագրող Կիսելյովի սկանդալային հայտարարությունները: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ պետք չէ կարևորել Կիսելյովին: «Մարդ է, կարծիք է հայտնել, դուք էլ ձեր կարծիքը հայտնեք: Չեմ կարծում` այդքան խոսելով` պետք է լրջացնել այդ հարցը, չեմ կարծում, որ Կիսիլյովն այդքան քննարկում է որևէ մեկի կարծիքը»,- ասաց նա:
Լրագրողները հակադարձեցին, որ եթե պետք չէ արժևորել նրան, ապա ինչո՞ւ նա «Համեր» մեքենայով էր եկել ԱԺ, ինչին Լևոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Է թող «Զապորոժեց»-ով գար, ի՞նչ կապ ունի, ի՞նչ վատ բան կա, որ բարձր են ընդունել նրան»:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ նման հայ-ռուսական բարեկամության ակումբ գործելու է ՌԴ-ում, և նույն ձևով հայ պատգամավորները կարող են իրենց կարծիքը հայտնել այնտեղ: «Մենք պետք է հասկանանք մեր գործընկեր կամ հակառակորդ երկրներում ի՞նչ նկրտումներ ունեն, ինչ հավակնություններ ունեն, ի՞նչ են մտածում: Եթե այս ամենը չիմանանք, մենք շատ շուտով բոբիկ ենք մնալու: Չգիտեմ, թե Կիսելյովը ի՞նչ խնդիրներով էր Հայաստանում, բայց դա առիթ էր, որ նա գար ու հանդիպեր մեզ հետ: Հրավիրված էր 60-ից ավելի մարդ, շատերը հրավիրված էին ընդդիմությունից, բայց չէին եկել, և այնպես չէ, որ միայն իշխանական ներկայացուցիչներ էին այնտեղ հրավիրված, և բոլորն էլ լավ հնարավորություն ունեին հակադարձելու»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Նա հայտարարեց նաեւ, որ ընդունում է հասարակության բոյկոտը, որ ցանկանում են տաքսիստների պատիվը պահել, սակայն ինքն էլ տեղում արձագանքել է, հակադարձել:
Հարցին` արդյո՞ք այդ ամենը Հայաստանի նվաստացուցիչ արտաքին քաղաքականության արդյունքը չէ, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Ես չեմ համարում որ նվաստացուցիչ քաղաքականություն ենք վարել կամ վարում, դա այն քաղաքականությունն է, որը բխում է Հայաստանի շահերից»:
Նաղդալյանը նշեց, որ վատ բան չկա շատ լեզուներ իմանալու մեջ, սակայն բացառեց, որ կա առիթ խոսելու այն մասին, թե ռուսերենը պետք է դարձնել երկրորդ պետական լեզու: «Հայերենը պետք է լինի յուրաքանչյուր հայի աղոթքը» ,- ասաց նա: