կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-27 17:10
Քաղաքական

ՀՀԿ-ականներն են, որ մեր դարավոր դաշնակցին` Ռուսաստանին, ներկայացնում են որպես բոբո. Էդմոն Մարուքյան

ՀՀԿ-ականներն են, որ մեր դարավոր դաշնակցին` Ռուսաստանին, ներկայացնում են որպես բոբո. Էդմոն Մարուքյան

Խորհրդարանում ավարտվեցին «Ելք» խմբակցության նախաձեռնած` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին լսումները: Ամփոփիչ ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը և անդրադարձավ բոլոր հակափաստարկներին: Նրա խոսքով` մի քանի փաստարկներ կային, որոնք շատ հետաքրքիր էին:

«Ասում էիք` ԵԱՏՄ-ն՞ էր մեղավոր, որ շատ վատ է Հայաստանում, թե՞ ԵԱՏՄ-ն մեղավոր չէ, մենք պետք է մեր խնդիրները լուծենք: Այո, մենք դա չենք վիճարկում: Այո, ԵԱՏՄ-ն մեղավոր չէ, որ դուք 10 հազար դրամ եք բաժանում ու 10 հազար դրամով ընտրվում, գալիս եք էստեղ նստում: ԵԱՏՄ-ն մեղավոր չէ, որ Հայաստանում կան մոնոպոլիաներ ու այդպես էլ չեն վերանում, ԵԱՏՄ-ն հիմա մեղավո՞ր է, որ դա չի վերանում: ԵԱՏՄ-ն չէ մեղավոր, չէ՞, որ Սահմանդրական դատարանի որոշումը չեք կատարում»,- ասաց պատգամավորը:

Մարուքյանը նշեց, որ ելույթ ունեցողները լուսավոր ու պրոգրեսիվ էին ներկայացնում Հայաստանի ներկայիս իրավիճակը, ու հարց ուղղեց նրանց. «Եթե ամեն ինչ էսքան լավ է, ինչի՞ է էսքան վատ: Եթե ամեն ինչ էսքան լավ է, ինչի՞ են մարդիկ ավտոբուսներով, ինքնաթիռներով ու ոտքով արտագաղթում մեր երկրից»:

Ապա պատգամավորն անդրադարձավ այն դիտարկումներին, ասոցացված եվրոպական երկրները կործանված երկրներ են: «Ասում եք` դրանք կործանվում են, վերանում են, չկան դրանք: Հետո ասում եք` այդ երկրների դրամները արժեզրկվել են: Մոռացե՞լ եք 14 թվականին այստեղ ԿԲ նախագահի մասնակցությամբ մեր դրամի արժազրկման մասին անցկացվող փակ լսումները: Առաջինը մեր դրամն է արժեզրկվել, հո այդպիսի սուտ տեղեկություններ ներկայացնելով չէ»,- նշեց նա:

Պատգամավորն անդրադարձավ նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ բերված փաստարկներին: «Երկիրը հասցնել մի խայտառակ վիճակի, որ բոլորը կասկածեն, որ նախաստորագրված պայմանագիրը պետք է ստորագրվի, հետո գնալ ստորագրել ու ասել` տեսա՞ք` ինչ արինք: Բայց ո՞վ էր հասցրել այդ վիճակին, դուք, ձեր իշխանությունն է դրան հասցրել, որ մարդիկ կասկածում են, հետո ստորագրում եք ու ասում` չեք գնահատում, էլի, տեսաք, որ սենց «և, և» արեցինք»,- նշեց Մարուքյանը:

Նա խոսեց այն քննադատությունների մասին, թե իրենք կտրված են իրողությունից:«Մենք իրողություններից կտրված չենք, բայց տեսլական ունենք ու, եթե չունենանք այդ մոտեցումները, չենք ունենա ձգտում: Իրողություններին եթե տուրք տան մարդիկ, որևէ ձգտում չեն ունենա: Իրողությունը ո՞րն է, որ Հայաստանը դատապարտված է ԵԱՏՄ անդա՞մ լինել»,- հարցրեց պատգամավորը:

Մարուքյանն այնուհետև ասաց, որ ամենահակառուսական ելույթներն այս ամբիոնից ունենում են հանրապետականները, և որ ամենահակառուսական կուսակցությունն այս երկրում Հանրապետականն է: «Ինչո՞ւ: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ` էս մարդիկ են, որ այստեղ մեր ռազմավարական գործընկերոջը, մեր դարավոր բարեկամ երկրին ներկայացնում են որպես բոբո: Մենք բա՞ն ենք ասել, էդ դուք եքանընդհատ այդպես ներկայացնում: Ինչո՞ւ եք ձեր ռազմավարական գործընկերոջն այսքան վատ ներկայացնում այս երկրում: Հակառուսական տրամադրություններ եք քարոզում այս երկրում, ձեր իշխանության ընթացքում այս երկրում հակառուսական տրամադրությունների աճ է գրանցվել»,- հայտարարեց նա:

Մարուքյանը նաև անդրադարձավ այն պնդումներին, որ եթե մենք դուրս գանք ԵԱՏՄ-ից, Ադրբեջանը կմտնի այնտեղ: «Ո՞վ է այստեղ անընդհատ շանտաժի լեզվով խոսում, որ եթե դուրս գանք ԵԱՏՄ-ից, Ադրբեջանը կմտնի: Բոլոր վերլուծությունները խոսում են այն մասին, որ Ադրբեջանի աչքերը չեն ուռել ԵԱՏՄ-ի համար: Մարդիկ կլինեն, որ կասեն` նրանց մոտ ճգնաժամ է, նավթի գինն ընկել է: Դուք ձեր դարդը լացեք ու քիչ Ուկրաինայի ու Վրաստանի օրինակը բերեք»,- ասաց պատգամավորը:

Մարուքյանի խոսքով` այդուհանդերձ, քննարկումը շատ լավն էր, բայց պահեր կային Ֆրունզիկ Մկրտչյանի նման ուզում էր տեղից գոռալ. «Վայ մամա ջան, էս ո՞ւր եմ ընկել»:

Մարուքյանը նաև չէր մոռացել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե պետք չէ դուռը շրխկացնելով փակել: «Մենք ուզում ենք դուռը բաց թողնել, բայց չենք ուզում` մեր երկրի շահերից բխող գործողություններ չկարողանանք անել և սահմափակված լինենք ԵԱՏՄ-ով: Ես էլ իմ ելույթում նշել եմ, որ եթե ԵԱՏՄ դրույթները գործեին, մեր փաստարկները թույլ կլինեին: Բա գործի դնողն ո՞վ է, բա գործի դրեք, պահանջեք: Դուք մի վարորդական իրավունքի խնդիր չեք կարողանում լուծել, ասում եք` ԵՄ-ից էլ են դեպորտ անում, ինչի՞ մենք ԵՄ անդամ ենք, որ նեղանանք ԵՄ-ից, թե էնտեղից էլ են դեպորտ անում»,- ընդգծեց Մարուքյանը, ապա նշեց, որ սա դարձավ զենքի պատմությունը:

Ըստ նրա`այս նախաձեռնությունն իրենք ավելի վաղ են սկսել, և այն պայմանավորված չէ մի քանի օր առաջ ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրով:

«Մենք գիտենք` ինչը երբ, ինչի համար ենք անում: Զգույշ լինելն էլ իշխանության համար է, թող նրանք էլ զգույշ լինեն: Մենք համոզված ենք մեր տեսլականի մեջ, մենք ճիշտ ենք, և երբ ժամանակը գա, բոլորը կհամոզվեն»,- եզրափակեց Մարուքյանը: