Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որպես հուշարձան գրանցված կառույցների ցանկը վերանայելը ոչինչ չի փոխի, քանի որ սեփականատերը շարունակելու է քանդել, և մենք ոչինչ չենք կարողանալու անել. այսպես արձագանքեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` պատասխանելով yerkir.am-ի հարցին, թե նախարարությունն արդյո՞ք չի պատրաստվում վերանայել հուշարձանների ցանկում գրանցված արժեքների գնահատման չափանիշները, քանի որ, կարծես, նոր թափ է ստացել հին շենքերի քանդումը:
Նախարարը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան քննարկել են խնդրի լուծման բոլոր հնարավոր տարբերակները և որոշել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Ըստ նրա` այն շինությունները, որոնք 100 տարվա պատմություն ունեն, պետք է օրենքով պատմամշակութային արժեք և հուշարձան որակվեն:
«Այս դեպքում սեփականատերն իրավունք չի ունենա քանդելու դրանք, ավելին` նա կպարտավորվի նաև պահել այդ շենքը, քանի որ չքանդելը մեկ բան է, չպահպանելը` մեկ այլ բան: Այս ամենը պետք է ամրագրել օրենքով: Հիմա` թե ե՞րբ օրենքը կյանքի կկոչվի, դժվարանում եմ ասել: Կարծեմ` սա միակ լուծումն էր»,- ասաց Ամիրյանը:
Մեր դիտարկմանը, որ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ դեռ ամիսներ առաջ իրենք փաթեթ էին ներկայացրել մշակույթի նախարարություն, որում ընդգրկված են այն շենքերը, որոնք անհրաժեշտ է ներառել պատմամշակութային արժեքների ցանկում, սակայն հարցն անգամ չի էլ քննարկվել, քանի որ չափանիշներ չկան, Ամիրյանը պատասխանեց, որ դրա համար էլ ասում է` պետք է օրենսդրական նախաձեռնություն, որն արդեն հանձնարարականի տեսքով իջեցրել է: «Տեսնում եք` թերի է այս ամենը, իսկ օրենք ունենալու դեպքում ոչ թե կամայական է լինելու` ես եմ ուզում, որ չքանդեն, կամ էլ ճարտարապետն է պնդում, այլ օրենքն է սահմանելու»,- ասաց նա: