կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-22 13:02
Հասարակություն

Արմեն Ամիրյանն այսուհետ բաց քննարկմամբ կորոշի` պե՞տք է աջակցել այս կամ այն ծրագրին

Արմեն Ամիրյանն այսուհետ բաց քննարկմամբ կորոշի` պե՞տք է աջակցել այս կամ այն ծրագրին

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսուհետ բաց ներկայացում-քննարկմամբ է որոշման դնելու, թե արդյո՞ք նախարարությունը պետք է աջակցի, իսկ դրական որոշման դեպքում՝ որքանո՞վ պետք է աջակցի այս կամ այն ծրագրին։

Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ այսօր տեղի է ունեցել 3 ծրագրերի` նման առաջին ներկայացում-քննարկումը (պրեզենտացիան), և ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի այդ ծրագրերը կշարունակեն ստանալ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությունը՝ լրացումների և շտկումների նախապայմանով:

Նախարարին ներկայացված այդ ծրագրերն են՝ «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված ավանդական հանրապետական փատատոնը, «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկ փառատոնը և «Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի մրցույթ-փառատոնը:

Առաջին երկուսին՝ 5-ական միլիոն, երրորդին՝ 3 միլիոն դրամով պետությունը կաջակցի, բայց…

«Իհարկե, պետությունը պետք է աջակցի նման փառատոներին, բայց դրանք չեն կարող անընդհատ գոյատևել միայն պետության միջոցներով: Ինչ-որ մի պահից փառատոնը պետք է ինքնուրույն ապրի, որպեսզի նախարարությունը հնարավորություն ունենա օժանդակելու նոր փառատոների»,- ասաց Ամիրյանը՝  հորդորելով առաջնորդվել նաև գործարար մտածողությամբ:

Մասնավորապես` «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկ փառատոնի ծրագիրը ներկայացնող «Ավանդական տոների վերածնունդ» կրթա-մշակութային ՀԿ-ի նախագահ Հասմիկ Բաղրամյանին ասաց. «Մեզ պետք է այս փառատոնը, որը հանրապետության միակ ֆոլկ փառատոնն է, բայց պետք է տեսնենք դրա՝ բազմապատկվող տնտեսական էֆեկտը: Դրա համար պետք է համագործակցեք տարբեր կազմակերպությունների հետ: Լուրջ ուշադրություն դարձրեք ծրագիրը հանրությանը լավագույնս ներկայացնելուն»:

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ, ով ներկայացրեց «Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի մրցույթ-փառատոնի ծրագիրը, պայմանավորվեցին՝ Թումանյանի 150-ամյակին ընդառաջ, փորձել փառատոնը դարձնել տարածաշրջանային: