կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-09 17:20
Մշակույթ

Դա պարզապես սաբոտաժ էր. Արմեն Ամիրյանն օպերայի թատրոն է այցելել, ժողովին մասնակցել

Դա պարզապես սաբոտաժ էր. Արմեն Ամիրյանն օպերայի թատրոն է այցելել, ժողովին մասնակցել

Հունիսի 8-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Գայանե» բալետի ներկայացումը տապալվել է:

Yerkir.am-ի տեղեկություններով` թատրոնում տեղի են ունեցել կրճատումներ` 10 աշխատակից է ազատվել աշխատանքից: Ըստ ամենայնի` հենց թատրոնից ազատված աշխատակիցներն էլ ներկայացման տապալման պատճառ են դարձել: Սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ աշխատանքից ազատվածները վարչական աշխատողներ են, սակայն ներկայացումից առաջ նվագախումբը մեկ մարդու նման ուղղակի դուրս չի եկել ելույթի՝ տապալելով ներկայացումը:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, թե խնդրի կապակցությամբ այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այցելել է թատրոն: Նախարարն ասել է, որ որևէ կերպ հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպես կարող է արտիստը տապալել ներկայացումը: «Տոմսերը վաճառված են, լեփ-լեցուն դահլիճ՝ մոտ 750 մարդ սպասում է, և դուք դավաճանում եք ձեր հանդիսատեսին։ Հանդիսատեսը և ներկայացումը սրբություն են իսկական արտիստի համար։ Դա պարզապես սաբոտաժ էր և ապացուցեց, որ, իրոք, անհրաժեշտություն են վարչական կառուցվածքային այն փոփոխությունները, որոնք որոշել է իրականացնել մաեստրո Օրբելյանը, և որոնց մենք հավանություն ենք տվել։ Միայն դրանք իրականացնելով` մենք կունենանք մեր երազած նոր թատրոնը»։

Կոնստանտին Օրբելյանը դիմել է ժողովի եկածներին ու ասել, թե արտիստը բացարձակապես իրավունք չունի լքելու հանդիսատեսին ՝ երբեք և ոչ մի պատճառով։ «Ինձ համար միևնույն է, թե ով է հեռացված կամ ով՝ ոչ։ Բայց դուք իրավունք չունեք այդպես վարվելու հանդիսատեսի հետ, այդպես վարվելու մեր երկրի հետ»,- ասել է նա:

Ի դեպ, ներկայացման տոմսերը կարող են հետ վերադարձվել: