կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-29 18:20
Մշակույթ

Հին շենքերը քանդելով` ուզում են Երևանի մասին նոր պատմություն գրել ու անցյալը ջնջել

Հին շենքերը քանդելով` ուզում են Երևանի մասին նոր պատմություն գրել ու անցյալը ջնջել

Տեղեկացրել էինք, որ դեռ երկու շաբաթ առաջ մի խումբ արվեստագետներ համախմբվել են` կոչ անելով դադարեցնել Երևան քաղաքում հին շենքերի քանդման գործընթացը: Նրանք «Քաղաքացիական պահանջագիր»  են տարածել, որը հանձնելու են Երևանի քաղաքապետարանին:

«Մենք բարձրաձայնում ենք հազարավոր մտահոգ քաղաքացիների բողոքն ու վրդովմունքը. հանրության շահը պահանջում է պահպանել և վերականգնել մեր ինքնության մաս հանդիսացող մշակութային արժեքները: Մեր հստակ պահանջն է` դադարեցնել պատմամշակութային հուշարձանների շարունակական ոչնչացումն ու որդեգրել դրանց պահպանման, խնամքի և մշակութային ժառանգության վերականգնման պետական քաղաքականություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Երգիչ Արթուր Իսպիրյանը, ով նույնպես միացել էր «Քաղաքացիական պահանջագրին», yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ «Դոլմամա»-ի տնօրենը` Ժիրայր Ավանյանը, նախագիծ է ներկայացրել քաղաքապետարան, և հիմա քննարկումներ են գնում:

«Եթե որևէ շենքի նկատմամբ ոտնձգություն կատարվի, մենք անպայման կրկին մեր բողոքի ձայնը կբարձրացնենք: Հիմա ասում են, թե չեն քանդվելու այդ շենքերը, ամեն դեպքում` մենք մեր նախագիծը ներկայացրել ենք և հիմա սպասում ենք պատասխանի: Թույլ չենք տալու ոչ մի շենք քանդեն, եթե որևէ պատմամշակութային նշանակության շենքի կպնեն, մենք պատրաստ ենք նույն կերպ պայքարել»,-ասաց Իսպիրյանը:

Նա նշեց նաև, որ Երևանում դեռ մնացել են 10-15 գեղեցիկ, հնագույն շենքեր, այնպիսիք, որ երևի ԱԺ պատգամավորները չեն էլ տեսել, քանի որ փողոցով չեն զբոսնում: Եթե նրանք, ըստ Իսպիրյանի, տեսնեն, պատկերացում կկազմեն` ինչի մասին է խոսքը, քանի որ որևէ մեկը հաճույք չի ստանում այսօրվա տգեղ շենքերի կողքը կանգնելիս:

«Արդյունքում` բետոնապատ կենտրոն ենք ունենալու, որտեղ չկա ոչ մի ծառ: Ձևի համար ինչ-որ ծաղկամաններ են դնում, մեջն` ինչ-որ ծաղիկներ, որոնք 7 օրից չորանում են, քանի որ ջրելու մշակույթ էլ չունեն: Բացի այդ` ո՛չ շենքերը մաքրելու, ո՛չ ավտոկայանատեղի ապահովելու, ո՛չ մուտք պահելու մշակույթ ունեն, ո՛չ էլ բակեր կան երեխաների համար: Մենակ սարքեն ու վաճառեն, դա է նրանց մոտ լավ ստացվում»,- ասաց Իսպիրյանը:

Նա նաև նշեց, որ Երևանում մի շարք շենքեր կան, որոնցով կարելի է հպարտանալ`  Մարգարյան հիվանդանոցին կիպ եռահարկը, որն արդեն փլվում է, Դերասանի տունը, Աբովյան փողոցի` գեղեցիկ դռնով հին սև շենքը: «Ես ուզում եմ ակցիա անել` ջրով ու ապակի մաքրող հեղուկով այդ շենքի ապակիները մաքրենք, փայտե դուռը լաքենք: Արամ Մանուկյանի տունն էլ անտեր է մնացել, եթե ներսը չեն կարողանում վերանորոգեն, քաղաքապետարանն արտաքին տեսքին գոնե հետևի. տանիքը սարքեն, որ ջուրը ներս չլցվի: Կան շենքեր, որ կարելի է կանգնել նրանց առջև ու զգալ, որ հին Երևանում ես: ԱՕԿՍ-ի շենքի կողքերը պետք է մաքրել. ամենակարևոր ու գեղեցիկ շենքերից մեկն է, բայց տանիքը տեսել եք` ի՞նչ վիճակում է»:

Իսպիրյանի կարծիքով` բացի հին շենքերը քանդելուց, Երևանում էլի խնդիր կա, ինչի մասին քիչ է խոսվում, խոսքը կիսակառույցների մասին է, օրինակ` «Մոսկվա» կինոթատրոնի և Նկարիչների միության մեջտեղում, ԱՕԿՍ-ի ու Ստանիսլավսկու թատրոնի արանքում գտնվող շենքը` 20 տարուց ավելի է, կիսակառույց է:

«Ի պաշտոնե քաղաքով զբաղվող մարդիկ անտարբեր են, և եթե ինչ-որ մեկը գա` ճաշակ ունեցող մեկը, ու ասի` այս քարերը վաճառեք ինձ, կվաճառեն, բայց եթե մենք Վրաստանից ինչ-որ բան ուզենք, որ այստեղ թեկուզ վերականգնենք, վրացիները չեն տա: Մերոնց սիրտը չի ցավում… Ուզում են Երևանի մասին նոր պատմություն գրեն ու անցյալը ջնջեն: Նարեկ Սարգսյանն ուզում է ցույց տալ, որ Թամանյանից հետո ինքն է ու Թամանյանի «սխալներն» է ուղղում: Հազարավոր ճաշակով մարդիկ կան Հայաստանում, օրինակ` Ջեյմս Թուֆենկյանը, նա էլ էր շահ հետապնդում, չէ՞, բայց արդյունքում ունեցանք կառույց, որը դարձավ Երևանի մի մասնիկը: Քաղաքի «սեփականատերերը» քաղաքը չսիրող մարդիկ են, մարդիկ, որ տարվա կեսն արտասահմանում են լինում ու տեսնում` դրսում ոնց են պահում հնությունները: Դրա համար էլ քաղաքը մերն է, ոչ թե իրենցը»,- խոսքն ամփոփեց Իսպիրյանը: