Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատմականորեն այնպես է ստացվել, որ Թուրքիայի հայությունը չունի այլ կազմակերպչական, կառավարման մարմին, և ինչպես Օսմանյան կայսրությունում, այնպես էլ Թուրքիայի Հանրապետությունում հայերի շահերը ներկայացնող միակ կառույցը Պոլսի Հայոց պատրիարքությունն է, պատրիարքն էլ համարվում է հայ համայնքի ոչ միայն հոգևոր, այլ նաև, ընդհանրապես, առաջնորդը և ներկայացուցիչը: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Ըստ նրա` Թուրքիայի հայությունը կանգնած է բազմաթիվ խնդիրների առջև և քանի տարի է` զրկված է առաջնորդից: «Ստեղծված իրավիճակը մի քանի տարվա պատմություն ունի, երբ գահակալը՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, անբուժելի հիվանդությամբ էր տառապում, և, սկսած 2008-ից, համայնքը ղեկավարվում էր պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի միջոցով, ով, ցավոք, կառավարման տարիներին ոչ միայն չլուծեց համայնքի խնդիրները, այլև նոր խնդիրներ ի հայտ եկան: Ամենակարևորն այն էր, որ համայնքի և պատրիարքության միջև ստեղծվեց անջրպետ, ինչն աննախադեպ էր պատմության ընթացքում, այսինքն` համայնքը հեռացավ իր կառավարման միակ օղակից: Աթեշյանն իր գործունեությամբ առաջացրեց ոչ միայն Թուրքիայի հայ համայնքի, այլև հայության ավելի լայն շերտերի բացասական տրամադրվածությունն իր անձի նկատմամբ»,- ասաց թուրքագետը:
Անդրադառնալով նոր պատրիարքի ընտրությանը` նա նշեց, որ այդ գործընթացը պետք է արվեր վաղուց: «Մոտ 8 տարի համայնքը կանգնած էր այդ խնդրի առջև, թե ինչու համապատասխան մարմինները, ավելի կոնկրետ` Արամ Աթեշյանը չի դիմում ներքին գործերի նախարարությանը, որպեսզի անցկացնեն պատրիարքական ընտրություններ: Այն հիմնավորումը, թե բժշկական արձանագրության պատճառով են որոշում ընդունել անցկացնել նոր ընտրություններ, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը: Այս որոշումը կարող էր լինել 5-6 տարի առաջ»,- ասաց Մելքոնյանը:
Թե ինչո՞ւ վերջապես որոշվեց ընտրություններ անցկացնել, նա կարծիք հայտնեց, որ կա առնվազն 2 պատճառ: Առաջինը ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորել է պատրիարքական փոխանորդին` դիմել թուրքական իշխանություններին, որպեսզի անցկացվեն պատրիարքական ընտրություններ, և, փաստորեն, փոխանորդը հրաժարվում էր կատարել Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորը: Երկրորդ` հատկապես Բունդեսթագի որոշումից հետո Աթեշյանի արձագանքն առաջացրել էր աշխարհասփյուռ հայության արդարացի զայրույթը, և ևս մեկ անգամ ամբողջ հայության օրակարգում հայտնվել էր պատրիարքի` ընտրված չլինելու խնդիրը:
Թուրքագետը կարևորեց նաև թեկնածուների հարցը, որը հուզում է Թուրքիայի հայ համայնքին ու թուրքական իշխանություններին:
«Հիմնական թեկնածուները 3-ն են: Առաջինը Աթեշյանն է, ով համայնքում ունի շատ ցածր վարկանիշ և տարատեսակ սկանդալների կիզակետում է եղել: Երկրորդը Գերմանիայի թեմի առաջնորդն է՝ Գարեգին Բեկչյանը: Երրորդը Գուգարաց թեմի առաջնորդն է` Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը` Հայաստանի ներկայացուցիչը, ով ծնունդով Թուրքիայից է: Եթե լինի արդար ընտրություն, ապա շատ հետաքրքիր իրավիճակ կստեղծվի, քանի որ ֆավորիտներից մեկը հայաստանցի արքեպիսկոպոսն է»,- ասաց Մելքոնյանը:
Նա ընտրությունների 2 սցենար կանխատեսեց: «Առաջին` տոտալիտար Թուրքիայում տոտալիտար են նաև ընտրությունները: Կարծում եմ, որ տարատեսակ ճնշումների միջոցով թուրքական իշխանությունները կփորձեն անցկացնել իրենց համար ցանկալի թեկնածուին: Երկրորդն այնքան էլ իրատեսական չի թվում, բայց Հայաստանի և Թուրքիայի համար ամենաձեռնտուն կլինի այն, որ ընտրվի Սեպուհ արքեպիսկոպոսը, և դրանով գուցե ստեղծվի հայ -թուրքական դիվանագիտական օղակ»,- կարծիք հայտնեց թուրքագետը: