կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-24 17:02
Տարածաշրջան

Հայտնի է թուրքական իշխանությունների նոր պայմանը. ո՞վ կարող է լինել Կ. Պոլսի պատրիարքի թեկնածու

Հայտնի է թուրքական իշխանությունների նոր պայմանը. ո՞վ կարող է լինել Կ. Պոլսի պատրիարքի թեկնածու

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը նոր մանրամասներ է հայտնում սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկված՝ պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագրից (կանոնադրությունից):

Նշվում է, որ այդ փաստաթուղթը ստացել է Տ. Շիրվան քահանա Մյուրզյանը և փոխանցել պատրիարքական տեղապահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որին էլ հասցեագրված է եղել կանոնադրությունը:

6 էջից բաղկացած կանոնագիրն ընթերցվել է սեպտեմբերի 23-ի երեկոյան` Նախաձեռնարկ մարմնի հերթական նիստում:

Նախաձեռնակ մարմնի անդամները կանոնագիրը խորապես ուսումնասիրելու, քննարկելու և իրենց դիրքորոշումը հստակեցնելու համար որոշել են արտահերթ ժողով գումարել սեպտեմբերի 25-ին:

«Ժամանակը» գրում է, որ երեկ երեկոյան խոսակցություններ են շրջանառվել, որ պետք է այսօր` սեպտեմբերի 24-ի վաղ առավոտյան, կրոնական ժողով գումարվեր, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ այդպիսի ժողով տեղի չի ունեցել: Փոխարենը նշվում է, որ տեղապահ Մաշալյանը, որին տրված են այդ լիազորություններն ու պատասխանատվությունը, թեկնածու սրբազանների վերաբերյալ անհրաժեշտ աշխատանքներ կատարելուց հետո նախատեսելու է կրոնական ժողով հրավիրել, որի նիստին զուգահեռ՝ պետք է կազմակերպվի եկեղեցականների համագումար:  

Օրաթերթի տեղեկացմամբ` այս նոր կանոնագրի մեջ մեծ տարբերություն չկա, սական պարբերաբար ավելի զգալի է 1863թ. «Ազգային Սահմանադրության» ազդեցությունը: Կանոնագրում կա մի կետ, որում նշվում է, որ Պոլսի հայոց պատրիարքական թեկնածու պետք է լինեն պատրիարքական աթոռին ենթակա սրբազանները:

Աղբյուրը հայտնում է. «Սա Սահմանադրութեամբ նախատեսուած պարագայ մըն է, որու շուրջ նախկին կանոնադրութիւններուն մէջ յարաբերաբար աւելի ճկուն մօտեցում մը կը ցուցաբերուէր՝ արտասահմանէ այլ թեկնածուներու մասնակցութեան տեսակէտէ»:

Օրաթերթը նշում է, որ այդ նոր սահմանումը գործնականորեն որոշ չափով սահմանափակումներ է նշանակում, և հավելում, որ համայնքը այդպիսի իրավիճակում պետք է վարվի որոշակի հավասարակշռությամբ` տարուբերումներից խուսափելու և հակասական պահանջներից զերծ մնալու համար:

Կանոնագրի նորություններից մեկն էլ Ազգային պատգամավորական ժողովի անդամների թվի ավելացումն է: Նախկին 89 պատվիրակների փոխարեն այս անգամ թիվը 120 է: 

Թերթն ուշագրավ է համարել Ազգային պատգամավորական ժողովի անդամների թվի  ավելացումը՝ հայտնելով, որ այն ավելի է 1863թ. Ազգային Սահմանադրության մեջ նախատեսված թվից:

Ըստ նոր կանոնադրության` թե՛ ընտրողների և թե՛ պատվիրակների թեկնածուների դեպքում նվազագույն տարիքի շեմը իջեցվել է 18-ի:

Աղբյուր՝  Ermenihaber.am