կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-23 16:16
Տարածաշրջան

Մաշալյանը դիմել է Գարեգին Բ-ին՝ խնդրելով աջակցել Պոլսի պատրիարքի` ընտրված տեղապահին

Մաշալյանը դիմել է Գարեգին Բ-ին՝ խնդրելով աջակցել Պոլսի պատրիարքի` ընտրված տեղապահին

Պոլսի պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ և ընտրված տեղակալ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի փոխանորդ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կարծում է, որ պատրիարքի ընտրությունների շուրջ առաջացած խնդիրը կլուծվի, երբ պետությունը ուսումնասիրի հարցը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

«Ակօս»-ի հետ զրույցում նա հայտնել է, որ գործընթացի հետագա աշխատանքների համար կարելի սպասել մինչև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը տեղի է ունենալու ապրիլի 16-ին:

Մաշալյանն անդրադարձել է ընտրությունների գործընթացին Ստամբուլի նահանգապետարանի միջամտությանը և ստեղծված իրավիճակում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կեցվածքին, ով թեև պարտվել էր տեղապահի ընտրություններում, բայց հրաժարվում է հեռանալ պաշտոնից՝ որպես արդարացում բերելով Ստամբուլի նահանգապետարանի գրությունը. փոխնահանգապետը գրությամբ տեղեկացրել էր, որ պատրիարքի ընտրությունների անցկացումն իրավաբանորեն անհնար է:

Հիշեցնելով, որ ընտրված տեղապահ Բեքչյանը Գերմանիայից կարևոր հայտարարություն է արել` Աթեշյանին հորդորելով հրաժարվել «պատրիարքի փոխանորդ» անվանումը կիրառելուց, Մաշալյանը նշել է, որ այսքանից հետո Աթեշյանը  պետք է ընտրություն կատարի եկեղեցու և պետության միջև: Նրա խոսքով` Բեքչյանի՝ Գերմանիայից վերադարձից  հետո պետությանը կներկայացվի ստեղծված իրավիճակը:

«Միջամտությունը թյուրիմացության հետևանք էր, և գրությունը գրված էր հապշտապ: Երբ պետությունը մասնագետներին հանձնարարի գործընթացն ուսումնասիրել, իրավիճակը կբացահայտվի: Կբացատրենք, որ տեղապահի ընտրությունը եկեղեցու ընթացակարգի փուլերից է: Մենք էլ այս գործընթացի հետագա աշխատանքները կարող ենք հանրաքվեից հետո կատարել»,- ասել է Մաշալյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Պոլսի պատրիարքարանը տեղապահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ նամակներ է ուղարկել Էջմիածին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Առաջին նամակում պատրիարքարանի ընդհանուր  ժողովի դիվանի ատենապետ Եղիշե վարդապետ Ուչգունյանը կաթողիկոսին տեղեկացնում է մարտի 15-ին տեղի ունեցած` տեղապահի ընտրությունների արդյունքների մասին, համաձայն որոնց`, տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Երկրորդ նամակի հեղինակը Սահակ Մաշալյանն է: Նա գրել է, որ ընտրված տեղապահ Բեքչյանն այս անցումային շրջանում կաթողիկոսի աջակցության կարիքն ունի, որպեսզի կարողանա իր պարտականություններն իրականացնել:

«Ցավոք, հարգարժան Արամ արք. Աթեշյանի՝ փոխանորդի պաշտոնից չհրաժարվելու համառ դիրքորոշումը, որը հակառակ է մեր եկեղեցու ավանդույթներին և Ձեր առաջարկներին, եկեղեցում և համայնքում խառնաշփոթի պատճառ է դարձել: Ձեր տեղին միջամտությունն օգտակար կլինի այս պաշտոնի լիազորությունները դադարեցնելու ու Ստամբուլի հայ համայնքում խաղաղությունն ապահովելու հարցում:

Սահակ եպիսկոպոս Մաշալյան
Տեղապահի փոխանորդ և Հոգևոր խորհրդի նախագահ
»: