|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մարտի 15-ին Ստամբուլում գումարվել է Պոլսի հայոց պատրիարքարանի կրոնական ժողովը՝ պատրիարքի տեղապահ ընտրելու համար: Ընտրություններում 12 ձայնի առավելությամբ պատրիարքի տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել Պոլսո միաբանության 34 հոգևորական:
Թեկնածուներն էին պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գարեգին Բեքչյանը և պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վերջինս ընտրությունների նախօրյակին հայտարարել էր թեկնածությունը հանելու մասին՝ հօգուտ Գարեգին Բեքչյանի: Տեղապահի ընտրությունը առաջին քայլն է դեպի պատրիարքի ընտրություն:
Ըստ «Ակօս» շաբաթաթերթի`, ընտրությունների ավարտից րոպեներ անց Աթեշյանը լրատվամիջոցներին և հոգևորականներին է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված պաշտոնական գրությունը, որով իշխանությունն ակնհայտորեն միջամտում է ընտրական գործընթացին: Փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ և «շտապ» մակագրությամբ նամակում նշվում է, որ պատրիարքի ընտրության գործընթացը իրավաբանորեն հնարավոր չէ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Նահանգապետարանի միջամտությանն անդրադարձել է ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոսը: Նա հայտնել է, որ մի խումբ, որի կազմում կլինեն նաև Արամ և Սահակ սրբազանները այցելելու է նահանգապետարան: «Այդ այցին ես չեմ մասնակցելու: Հանդիպման ժամանակ կներկայացվի տեղապահի ընտրության իմաստը: Այդ ամենից հետո հայտարարություն կարվի: Դա կտևի մի քանի օր: Այդ ընթացքում ես այստեղ կլինեմ»,- ասել է Գարեգին արքեպիսկոպոսը: