Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիահայերի մեծ մասի համար պարզ է, որ, Հայաստան գալով, չեն հայտնաբերելու եվրոպական զարգացած երկիր, այլ բացահայտելու են իրենց հայրենիքը, ուր կան բազմաթիվ դժվարություններ: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին Սիրիայից Հայաստան տեղափոխված Ալեքսան Գարատանայանը, Պերճ Քիրազյանը, Միքայել Կարապետն ու Անդրանիկ Վարդանյանը:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի փոխնախագահ Ալեքսան Գարատանայանը, խոսելով Հայաստանում սիրիահայերի ինտեգրման գործընթացների մասին, նշեց, որ իրենց ՀԿ-ում ցուցակագրվել էր շուրջ 6000 սիսրիահայ, և, համագործակցելով Սփյուռքի նախարարության հետ, փորձել են երկու փուլով լուծել այդ 6000 սիրիահայերի խնդիրները: Առաջին փուլում պետք է լուծվեր նրանց տեղավորման հարցը, երկրորդ փուլում` բուժման և փաստաթղթային հարցերը:
«Այս հարցերը մեծ մասամբ լուծվել են, մնում է լուծել աշխատանքի ու բնակարանի հարցերը: Աշխատանքի հարցով մենք` սիրիահայերս, չենք կողմնորոշվում, որովհետև չենք կարող ակնկալել նույն արդյունքները, որոնք ստացել ենք Սիրիայում»,- ասաց Ալեքսան Գարատանայանը` հավելելով, որ Սիրիայում հայերը, մեծ մասամբ զբաղվելով արհեստագործությամբ և հաստոցաշինությամբ, ունեցել են իրենց արտադրանքը մեծ արաբական շուկա հանելու հնարավորություն, որովհետև Սիրիան, իրավամբ, առևտրային խաչմերուկ էր: Սակայն Հայաստանում շուկան շատ փոքր է, և արտադրանքի պահանջարկ չկա, որը ստիպում է սիրիահայերին թողնել իրենց զբաղմունքն ու արհեստը և փնտրել ցանկացած աշխատանք` գոյատևման համար:
«Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի հիմնադիր անդամ Պերճ Քիրազյանը նշեց, որ սիրիահայերին պետք է հիմնականում ինտեգրացիոն ու բարոյահոգեբանական աջակցություն, որովհետև սիրիահայերը արժանապատիվ ու աշխատասեր հայեր են, որոնց պետք չէ վերաբերվել որպես խեղճի կամ օգնություն հայցողի:
Երտասարդ ծրագրավորող Անդրանիկ Վարդանյանը նշում է, որ սկզբնական փուլում աշխատել է Երևանի սրճարաններից մեկում` որպես մատուցող: Նրա կարծիքով` Հայաստանում կա աշխատանք, այլ հարց է, որ այդ աշխատանքը ցածր է վարձատրվում:
«Սիրիայում 5 հոգանոց ընտանիքի միայն մեկ տղամարդը կարող էր իր աշխատանքով պահել մնացած 4-ին, իսկ Հայաստանում 4 հոգանոց ընտանիքից առնվազն 2-ը պետք է աշխատեն, որ կարողանան ծայրը ծայրին հասցնել: Ահա սա է Սիրիայի ու Հայաստանի միջև այդ ոլորտի տարբերությունը»,- ասաց Անդրանիկ Վարդանյանը:
Միքայել Կարապետն էլ նշեց, որ ինքը ստացել է փախստականի կարգավիճակ, ստանում է աջակցություն հումանիտար կազմակերպություններից, սակայն, օրինակ, եթե դեղ է անհրաժեշտ լինում, ապա մինչ այն ձգձգելով տրամադրում են, անցնում է 7-10 օր:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Նաիրա Եդիգարյանն էլ նշեց, որ, մարտ ամսից սկսած, ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը, որպես բացառություն, ամեն սիրիահայի 5 ամիս ժամկետով տրամադրելու է պարենային օգնություն: