կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-13 20:50
Առանց Կատեգորիա

«Փափուկ» հարկադրանք՝ արցախյան հարցում

«Փափուկ» հարկադրանք՝ արցախյան հարցում

Մոտ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց. «Փակ դռների հետևում մեզ վրա մեծ ճնշում է գործադրվում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Հայտարարությունն Ալիևն արեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կողմից դրանից ընդամենը օրեր առաջ արտահայտած այն մտքի ֆոնին, թե Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվում, որովհետև նախագահներն այդ ուղղությամբ կամք չեն ցուցաբերում: Ադրբեջանի նախագահն այս դիտարկումը սեփական հանրությանը մատուցեց որպես ԱՄՆ-ի կողմից Հայաստանին պաշտպանելու, հետևաբար` նաև ԼՂ հարցում առկա ստատոս քվոն պահպանելուն ուղղված աջակցության դրսևորում:

Երեկ, սակայն, ԵԽԽՎ լիագումար նիստում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արցախյան կարգավորմանը վերաբերող հարցին պատասխանելիս հայտարարել է, թե բանակցային օրակարգում «օկուպացված» 5 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու հարցն է:  «ԵԱՀԿ Մինսկի խումբն ու Ռուսաստանը ջանքեր են գործադրում հակամարտության կարգավորման համար։ ...Ռուսաստանն իր ջանքերը ներկայացրել է մեզ, և մենք աջակցություն ենք ցուցաբերել այդ հարցում։ Մենք սատարում ենք ցանկացած լուծման, որը բխում է Ադրբեջանի շահերից»,- ասել է նա:

Առաջին հայացքից թվում է, թե Ալիևի և Չավուշօղլուի հայտարարությունները հակասում եմ իրար: Ի վերջո, տարօրինակ է՝ ինչո՞ւ պետք է Ալիևը բացահայտեր ԼՂՀ-ն ճանաչելու նպատակով իրենց վրա գործադրվող ճնշումները, եթե բանակցային սեղանին իսկապես դրված է 5 շրջանները նրան վերադարձնելու հարցը: Սա այն դեպքում, երբ Չավուշօղլուն առհասարակ չի խոսում ԼՂ-ի կարգավիճակի մասին՝ փաստացի այն դուրս համարելով օրակարգից: Իրականում, սակայն, այս հայտարարությունները բացահայտում են ԼՂ կարգավորման՝ այս պահին փակուղային թվացող բանակցային գործընթացի կարևոր ծալքերը:

Խորքային առումով` Ալիևի մեկնաբանությունը ճշմարտությունից հեռու չէ: Դրանից առաջ բացահայտվեց, որ Հայաստանի զինված ուժերի հաշվեկշռում օպերատիվ-մարտավարական «Իսկանդեր» հրթիռային համակարգ կա: Սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ընթացքում դրանց ցուցադրումը հոգեբանական լուրջ ցնցումներ հարուցեցին Ադրբեջանում: Պաշտոնական Բաքվի վրա, սակայն, ազդեցություն ունեցավ ոչ թե ինքնին Հայաստանում այդ համակարգի առկայությունը, այլ այն լոյալ վերաբերմունքը, որ դրա հանդեպ դրսևորվեց Արևմուտքի և հատկապես Թուրքիայի կողմից, եթե նկատի առնենք, թե ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը որքան սուր են արձագանքում ռուսական հրթիռային համակարգերի տարածմանը իրենց շահերի գոտու սահմանագծի երկայնքով: Այսքանը քիչ էր, հանկարծ պարզվեց, որ ԼՂՀ ՊԲ-ն սկսել է կիրառել ժամանակակից ամերիկյան հետախուզա-մոնիթորինգային C4ISR համակարգը, որը հսկայական հնարավորություններ է տալիս ՊԲ-ին` վերահսկելու սահմանագծի երկայնքով հակառակորդի թիկունքում արձանագրվող զորքերի և զինտեխնիկայի բոլոր տեղաշարժերը: Այդ համակարգն էականորեն նվազեցնում է Ադրբեջանի կողմից անակնկալ նոր հարձակման հավանականությունը: ԼՂՀ-ում այս համակարգի առկայության մասին, ամերիկյան National Interest ամսագրի վկայակոչմամբ, խոսել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը: Այս նորությունը ևս լայն արձագանք գտավ Ադրբեջանում՝ թույլ տալով եզրակացնել, որ, Ռուսաստանից բացի, Հայաստանին ժամանակակից սպառազինությամբ ապահովում է նաև Միացյալ Նահանգները:

Ելնելով այս ամենից՝ Ադրբեջանում սկսել է համոզմունք ձևավորվել, որ եթե անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող` այս առանցքային երկու գերտերությունները լիակատար պրոհայկական դիրքավորում չեն որդեգրում, ապա առնվազն երաշխավորում են առկա ստատուս քվոն և կապում Ադրբեջանի ձեռքերը` խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու առումով: Այսինքն` պատերազմի նոր բռնկումը կանխարգելելու` միջազգային հանրության ակտիվ ջանքերը մի կողմից փոխարինում են շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի չկատարվող պայմանավորվածություններին՝ իմաստազրկելով դրանցից Ադրբեջանի հրաժարվելը, մյուս կողմից` Բաքվին հասկացնում, որ այլ տարբերակ, քան զիջումների դաշտ տեղափոխվելը, չկա և թույլ չի տրվելու:

Դրան զուգահեռ` ԵԽԽՎ-ում Չավուշօղլուի արած հայտարարությունները հաստատում են, որ Հայաստանի կողմից շրջանների վերադարձման պահանջն իսկապես մնում է օրակարգում, և որ այդ խնդրի լուծման հիմնական բեռն իր վրա է վերցրել Մոսկվան: Ուշադրություն դարձնենք՝ Չավուշօղլուն խոսում է ներկայումս Մոսկվայի և Անկարայի համաձայնեցված գործողությունների մասին, ինչի լույսի ներքո արդեն պարզ է դառնում, թե ինչու Թուրքիայում վայնասուն չբարձրացվեց իրենց քթի տակ «Իսկանդեր»-ների հայտնվելու կապակցությամբ: Չավուշօղլուի հայտարարության հետ կապված` ուշագրավ է երկու պահ: Նախ՝ Թուրքիայի արտգործնախարարը փաստացի ակնարկում է, որ Անկարայի համար սկզբունքայինը ոչ թե Հայաստանի վերջնական կապիտուլյացիան է, այլ Ադրբեջանի որոշումը: Այսինքն` ինչպիսի որոշում էլ Բաքվում կայացնեն, Անկարան կսատարի դրան: Սա ինչ-որ իմաստով ևս ուղերձ է Բաքվին՝ հրաժարվելու մաքսիմալ պահանջներից և վերադառնալու ռացիոնալության հարթություն: Երկրորդ ուշագրավ հանգամանքը Չավուշօղլուի հայտարարությանը Երևանի արձագանքն էր: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, թե «ԼՂ հիմնախնդրի կարգավորումն առաջին հերթին ուղղված է ԼՂ-ի կարգավիճակի որոշմանը՝ համաձայն Արցախի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամաարտահայտության»: «Առաջին հերթին» բառակապակցության կիրառումը շատ հստակ ակնարկ է, որ տարածքների հանձնումը Երևանն իրականացնելի է համարում միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը համաձայնի ԼՂ-ում ինքնորոշման հանրաքվե անցկացնելու սկզբունքին: Սա հաստատում է, որ Երևանի համար մադրիդյան սկզբունքների կազանյան սխեման դեռևս օրակարգում է: 

Այսինքն` պարզ է դառնում, որ թե՛ Երևանի և թե՛ Բաքվի վրա ուժեղ ճնշումներ են գործադրվում` Երևանի վրա՝ տարածքների հանձման, Բաքվի վրա՝ ԼՂ-ում հանրաքվե անցկացնելուն համաձայնելու ուղղությամբ: Ընդ որում՝ դա տեղի է ունենում Ռուսաստանի և Արևմուտքի միջև ներքին բացահայտ կամ թաքուն փոխհամաձայնության պայմաններում: Երևանի մասով ակտիվ է ռուսական, իսկ Բաքվի մասով՝ ամերիկյան «մահակը»: Կարելի է ասել՝ միջազգային հանրությունը խնդրի կարգավորումը կողմերին թողնելու` 22 տարվա մարտավարությունից անցում է կատարում, այսպես կոչված, առայժմ փափուկ, դիվանագիտական-քարոզչական հարկադրանքի մարտավարությանը: Որքան Բաքուն և Երևանը համառություն են դրսևորում, այնքան մեծանում է փափուկ հարկադրանքից կոշտին անցնելու հավանականությունը: Գնդակը, սակայն, մեծ հաշվով գտնվում է Բաքվի կիսադաշտում: Եվ նրա խաղարկումից է կախված՝ ինչ ընթացք կստանա պրոցեսը:

Մեկ բան, սակայն որոշակի է`. եթե իր և Ադրբեջանի ուժերին գերվստահ Իլհամ Ալիևն արդեն հարկ է համարում բարձրաձայնել ԼՂ հարցում իրենց վրա գործադրվող ճնշումների մասին, նշանակում է՝ սկսել է հասկանալ պատերազմի անհեռանկարայնությունն ու զիջումների գնալու անխուսափելիությունը:

Գևորգ Դարբինյան