կարևոր
6619 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-10 20:28
Աշխարհ

Թուրքը ոչ միայն յաթաղանով, այլև փափուկ ուժի միջոցով՝ «բամբակով է վիզ կտրում»

Թուրքը ոչ միայն յաթաղանով, այլև փափուկ ուժի միջոցով՝ «բամբակով է վիզ կտրում»

Թուրք-հայ բարեկամութիւն մը կարելի՞ է: Այսօր Ո՛Չ: Եւ ով որ հակառակը կը պնդէ, կա՛մ Թուրքը չի ճանչնար, կա՛մ ինքզինքը: Աւելի ճիշտ՝ ո՛չ Թուրքը կը ճանչնայ, ո՛չ ինքզինքը:
Մեր կարծիքով՝ թուրք-հայ բարեկամութեան մը մէջ յոյս տեսնողները գիտակցօրէն ու անգիտակցօրէն թշնամի են հայութեան: Եւ վաղը այսպիսի քայլէ մը առաջ գալիք նոր արիւններու պատասխանատուութիւնը, անկախ արտաքին դաւերէն, ամէնէն առաջ կ’իյնայ Հային վրայ:

ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ

Հայ-թուրքական հարաբերություններում «խաղաղության դարաշրջանի» մեկնարկի և սահմանների բացման ռիսկերի գնահատման առնչությամբ թուրքական տարածաշրջանային քաղաքականության մասին առավել համապարփակ պատկերացում կազմելու համար բավական է միայն ուսումնասիրել Վրաստանում և առհասարակ ողջ հետխորհրդային տարածաշրջանում Թուրքիայի վարած տնտեսական ու մշակութային էքսպանսիոնիստական քաղաքականությունը եւ հասկանալ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ այլ որակի և այլ բովանդակության քաղաքականության ակնկալիքներն ու պատրանքները, մեղմ ասած, հիմնազուրկ են:

Խորհրդային Միության փլուզումից հետո Թուրքիան նախկին խորհրդային գերտերության մի շարք շրջաններ սկսեց դիտարկել որպես իր ազդեցության գոտիներ: 1991 թ. Անկարան առաջինն էր, որ շտապեց ճանաչելու Կենտրոնական Ասիայի նորանկախ թյուրքալեզու պետությունները։ Եվ արդեն 1992 թ. հունվարին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իր երկրի տարածաշրջանային կարգավիճակի փոփոխության մասին՝ հաշվի առնելով նրա համար բացվող հնարավորությունները՝ ԱՊՀ երկրներում որոշելու մուսուլմանների քաղաքական ապագան։ Այս առումով Թուրքիան պետք է լուծեր երկու կարևորագույն խնդիր՝ ապահովել Արևմուտքի և այդ հանրապետությունների միջև շփումների անհրաժեշտ մակարդակը և համոզել նրանց առաջնորդներին, որ Անկարան կարող է ծառայել որպես ԱՊՀ մուսուլմանական երկրների շահերի ներկայացուցիչը Արևմուտքում :

Այս համատեքստում Հարավային Կովկասը՝ իր երեք հանրապետություններով, կդառնա կամուրջ, որը նավթի պաշարներով հարուստ Միջին Ասիան և կասպյան ավազանը Թուրքիայի միջոցով կկապի Արևմուտքի հետ։

Առհասարակ ողջ Հարավային Կովկասը միաժամանակ և՛ տարածաշրջանային, և՛ գլոբալ խաղացողների շահերի բախման էպիկենտրոն է: Այս տարածաշրջանում ծավալվող ցանկացած գործընթաց ուղղակիորեն կախված և կապված է գլոբալ քաղաքական տրանսֆորմացիաների հետ: Թուրքիան, ձգտելով դառնալու տարածաշրջանային առաջատար, ջանք չի խնայում քաղաքականապես և տնտեսապես ամրապնդելու իր դիրքերը տարածաշրջանում՝ փափուկ ուժի ռազմավարության կիրառմամբ սկիզբ դնելով թուրքական քաղաքական, մշակութային և տնտեսական ակտիվ ներթափանցմանը:

Վրաստանում, ՌԴ թաթարաբնակ մարզերում, Կենտրոնական Ասիայում և Ադրբեջանում, տնտեսական հարմարավետ ենթակառուցվածքներից բացի, հիմնվում են բազմաթիվ կրթական կենտրոններ, բուհեր և հիմնադրամներ, որոնք բավականին գրավիչ պայմաններ են ապահովում տեղի բնակիչների համար, որոնց երեխաները, մատչելի և որակյալ կրթություն ստանալուց բացի, նաև հնարավորություն են ստանում շարունակելու կրթությունը արտերկրում՝ գլխավորապես Թուրքիայում: Ավարտելուց հետո նրանք ապահովվում են աշխատանքով, բնականաբար թուրք գործատուների մոտ:

Իր նպատակներին հասնելու համար Թուրքիան ընտրել է քողարկված տեղեկատվական պատերազմի մեթոդները, ինչպես նաև իր տնտեսական համակարգում տարբեր պետություններ աստիճանաբար ընդգրկելու մեթոդը: Սրանք փափուկ ուժի դրսևորման արտահայտություններ են։ Թուրքիայի փափուկ ուժի քաղաքականության հիմնական ուղղություններն են՝ թուրքերենի տարածման խթանում, մշակութային համագործակցություն, համագործակցություն կրթության և գիտության ոլորտում, տնտեսական համագործակցություն։ Նման գործելաոճը նպաստում է Թուրքիայի դրական և գրավիչ իմիջի ձևավորմանը:

Ամրապնդելով իր դիրքերը և ձեռք բերելով քաղաքական կշիռ՝ Թուրքիան սկսում է դիրքավորվել որպես տարածաշրջանային ուժ և փորձում է ազդել ողջ տարածաշրջանում և առանձին երկրներում ծավալվող քաղաքական գործընթացների վրա: Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ Հայաստանը զերծ կմնա Թուրքիայի փափուկ ուժի քաղաքականության նման դրսևորումներից: Իհարկե ո՛չ: Առավել ևս հիմա, երբ վերջերս կառավարության կողմից շրջանառության մեջ դրված մի նախագծով սահմանվել են չափանիշներ, որոնց համաձայն՝ Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտարերկրացիները, անկախ ազգային և էթնիկ պատկանելությունից, կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն 150 հազար ԱՄՆ դոլար Հայաստանում ներդնելու դեպքում (նախագիծը ներկայացված է e-draft.am պաշտոնական կայքում)։ Թուրքիայի գործելաոճը իր համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջաններում կասկած չի թողնում, որ նա ոչ մի դեպքում բաց չի թողնի նման հնարավորությունը և բազմաթիվ ոլորտներում ներդրումներ կկատարի՝ ձգտելով մեծացնելու իր ազդեցությունը Հայաստանում ու ներազդելու երկրի ներքին և արտաքին քաղաքական օրակարգերի վրա:

Թուրքական ներդրումային քաղաքականությունը կախման մեջ է դնում և վերահսկողության տակ առնում երկրի ողջ տնտեսական համակարգը: 1990-ականների սկզբներից Թուրքիան, թափանցելով Հարավային Կովկաս, Վրաստանն սկսեց օգտագործել որպես տարանցման հարթակ՝ Կենտրոնական Ասիայի և կասպյան ավազանի հարուստ ռեսուրսները փոխադրելու համար, որով վրացական տնտեսությունը զգալիորեն կախման մեջ հայտնվեց թուրքական կապիտալից: Վրաստանն առանձնապես չէր դիմադրում թուրքական բազմակողմանի էքսպանսիային, քանի որ ընկալում էր Թուրքիան որպես ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու միջոց։ Սակայն առ այսօր Վրաստանը ո՛չ մեկում է հաջողել, ո՛չ էլ մյուսում: Իսկ Թուրքիան, հակառակը, հաջողությամբ ներթափանցել է Վրաստանի քաղաքական-տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտները և անհրաժեշտության դեպքում ներազդում է երկրի քաղաքական գործընթացների վրա՝ ստանալով ձեռնտու լուծումներ: Հայաստանին նույնպես հրամցվել և հրամցվում է նույն քաղցրաբլիթը՝ Արևմուտքի հետ մերձենալու հույսերով և խոստումներով եղբայրանալ Թուրքիայի հետ: Բայց Թուրքիան Հայաստանից ավելին է պահանջում՝ հարաբերությունները բարելավելու համար: Այս հարցին կանդրադառնանք փոքր-ինչ ուշ: Նախ տեսնենք, թե ինչպիսի սպառնալիքների և մարտահրավերների առջև է կանգնած Վրաստանը, ինչը չի շրջանցի նաև մեզ:

Բացի այն, որ Վրաստանում թուրքական բիզնեսը զանգվածաբար անշարժ գույք է ձեռք բերում, մեծ ներդրումներ են կատարվում նաև շինարարության ոլորտում, հյուրանոցային և ռեստորանային բիզնեսներում, որոնց ղեկավար կազմը բաղկացած է միայն թուրքերից, իսկ վրացիները՝ որպես էժան աշխատուժ, ընդգրկված են սպասարկման ոլորտում:

Վրաստանում թուրքերի ձեռամբ ծաղկում է նաև ոչ լեգալ բիզնեսը: Վրացի ակտիվիստ Սանդրո Բրեգաձեն համոզված է, որ թուրքական էքսպանսիան իրեն դրսևորել է հատկապես «սև բիզնեսում» ։

Զբոսաշրջիկների և ապրանքների ավանդական հոսքերին ավելացել են մարդկանց թրաֆիքինգը և թմրանյութերի առևտուրը։ Միևնույն ժամանակ Վրաստանում գործող ազատական օրենսդրության մեջ թուրքական բիզնեսի ներկայացուցիչները լավ հնարավորություն են տեսնում մոլախաղերի խրախուսման գործում՝ հատկապես հաշվի առնելով այս ճանապարհով արագ հարստանալու՝ իրենց հայրենակիցների ընդգծված հակումը : Իսկ որտեղ մոլախաղն է, այնտեղ կան բոլոր հարակից ծառայությունները ։

Բայց սա դեռ ամենը չէ: Վերը նշվածին գումարվում են նաև մզկիթաշինությունն ու Վրաստանի աստիճանաբար իսլամացումը: Առհասարակ թուրքերը մեծ նշանակություն են տալիս մզկիթների կառուցմանը անգամ այն վայրերում և երկրներում, որտեղ արդեն իսլամ են դավանում, և կան մզկիթներ (օր.՝ միջինասիական երկրներ, ՌԴ-ի՝ թաթարական էթնիկ կազմ ունեցող շրջաններ): Դրանք, աղոթատներ լինելուց բացի, նաև քարոզչական օջախների դեր են կատարում, այլ կերպ ասած՝ ուղեղի լվացման կենտրոններ են: Իսլամի քարոզչությունն իրականացվում է թուրքական մեկնաբանությամբ. պատրաստվում են թուրքամետ հայացքներով կադրեր, որոնք անհրաժեշտ պահին կարող են օգտագործվել թուրքական շահերը սպասարկելու նպատակով:

Վրաստանի մահմեդականները կազմում են երկրի ընդհանուր բնակչության ավելի քան 10 տոկոսը, և այդ ցուցանիշն անընդհատ աճում է։ Իսլամացումն ակտիվորեն իրականացվում է թուրք միսիոներների կողմից 2000-ականների սկզբից ի վեր։ Այսպես՝ 2002 թ. Ադրբեջանին սահմանակից Մառնեուլիի շրջանի Մեորե Քեսալո գյուղում Թուրքիայի դրամական աջակցությամբ բացվեց իսլամական մեդրեսե, ուր հաճախում են զգալի թվով տեղացի աշակերտներ, որոնք թուրքամետ քարոզչություն են ծավալում ուսումնական հաստատության պատերից դուրս: Թուրքական կողմը հետագա կրթության համար ընտրել է լավագույն ուսանողներին։ 2006-2008 թթ. կրթություն ստանալով Թուրքիայում՝ նախկին ուսանողները Վրաստանում հիմնել են մի քանի թուրքամետ երիտասարդական կազմակերպություններ, ինչպիսիք են «Հուզուրը», «Վրաստանի մահմեդականների միությունը» և «Կրթություն և աջակցություն Վրաստանի երիտասարդներին» միությունը: Անցած տարիների ընթացքում այս կազմակերպությունները զգալիորեն ավելացրել են իրենց անդամների թիվը և ձեռք բերել հեղինակություն ու համակրանք տեղի բնակչության շրջանում։ Դրանում մեծ դեր է խաղացել կրոնական տոների ժամանակ անապահով ընտանիքներին անհատույց օգնություն բաժանելը: Նման բարեգործության համար միջոցներ է հատկացրել TIKA-ն (Türk işbirliği ve koordinasyon ajansı – Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալություն, գործում է Մշակույթի և զբոսաշրջության նախարարության հովանու ներքո)։ Նշենք, որ ներկայումս թուրքամետ հասարակական կազմակերպությունների և մարդասիրական ծրագրերի ողջ ցանցը գործում է TIKA-ի հովանու ներքո։ Այս կառույցը հաճախ հանդես է գալիս MIT-ի՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության աշխատանքը քողարկելու նպատակով։ Հատկանշական է, որ Անկարան կիրառում է փափուկ ուժ՝ փորձելով լինել անտեսանելի, և չի ակնկալում իր ջանքերի ու ներդրումների շուտափույթ արդյունք։ Թուրքիան կենտրոնանում է իր ազդեցության կրոնական, տնտեսական և կրթական բաղադրիչների վրա։ Բացի այդ՝ Քվեմո Քարթլիի և Կախեթի շրջաններում, որտեղ ադրբեջանական համայնքները համախումբ են, Թուրքիան լայնորեն օգտվում է Ադրբեջանի աջակցությունից ։

Այսքանից հետո ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի կողմից այդքան չարչրկված՝ ազերի փախստականների՝ Հայաստան վերադարձի խնդրի լուծվելուց հետո Հայաստանում թուրքական տարրերի վերաբնակեցման հետևանքով այստեղ նույնպես կհայտնվեն մզկիթներ և մեդրեսեներ: Թյուրք/թաթար ազերիներն աստիճանաբար կփոխեն նաև երկրի ժողովրդագրական պատկերը՝ իրենց բնակության պատմական վայրերից և զբաղմունքի ոլորտներից դուրս մղելով հայերին: Նրանց թվական աճը հղի է նաև այլ վտանգներով. բավարար թվաքանակ ապահովելու դեպքում նրանք իրենց պահանջներին կարող են հասնել ապստամբության կամ հեղաշրջման սպառնալիքով: Թուրք-ադրբեջանական տանդեմը ոչինչ չի խնայելու իր ծրագրերն իրականացնելու ճանապարհին, ինչի հետևանքով Հայաստանը կանգնելու է ներսից պայթելու վտանգի առաջ:

Թուրքիան նաև աշխատում է շիադավան համայնքներում սուննիների թվաքանակի ավելացման ուղղությամբ: Վրացական «Ռոնդելի» ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի փորձագետների՝ 2021 թ. մայիս-հունիս ամիսների տվյալներով՝ Քվեմո Քարթլիի մեծավ մասամբ շիադավան ադրբեջանական համայնքում նկատվում է սուննի մահմեդականների թվի աճ : Փորձագետների կարծիքով՝ այս գործընթացը կապված է թուրքական կողմի աջակցությամբ գործող սուննի բարեգործական կազմակերպությունների, այդ թվում՝ TIKA-ի և Կրոնական հարցերի վարչության («Diyanet») գործունեության հետ :

«Diyanet»-ը գործադիր իշխանության մարմին է, որն անմիջականորեն հաշվետու է Թուրքիայի նախագահին և պաշտոնապես լիազորված է կառավարելու մահմեդական համայնքների գործերը երկրում և երկրից դուրս, դրանց հարաբերությունները երկրի ղեկավարության և արտերկրում գտնվող մահմեդականների հետ, ինչպես նաև վերահսկելու և կարգավորելու այլ կրոնական կազմակերպությունների գործունեությունը:

Նախատեսվում է շիաներով խիտ բնակեցված վայրերում բացել սուննիների կրթական կենտրոններ՝ դասախոսական կազմում ընդգրկելով թուրք աստվածաբանների։ Մասնավորապես 2021 թ. «Diyanet»-ի խնդրանքով Թուրքիայի ղեկավարությունը մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել Վրաստանի մարզերում և առանձին բնակավայրերում նոր կրոնական ուսումնական հաստատություններ բացելու և սուննիադավան քարոզիչներին վճարելու նպատակով։

Վրաստանի սուննի իմամների մեծ մասը դրամական սուբսիդիաներ է ստանում Թուրքիայից. նրանք թուրք կրոնական քարոզիչներ Օսման Թոփբաշիի և Ահմեդ Յունլուի գաղափարախոսության քարոզիչներն են։ Թուրքական կազմակերպությունները շիադավան երիտասարդության շրջանում սերմանում են սուննի իսլամի ամենաարմատական ուղղվածությունը՝ սալաֆիզմը, ինչի պատճառով ադրբեջանական համայնքում պարբերաբար հակասություններ են ծագում շիաների և սուննիների միջև։ Ադրբեջանական համայնքի աստիճանական արմատականացումն իրողություն է. կան միջազգային ահաբեկչական կազմակերպություններում նրա անդամների մոբիլիզացման վտանգներ: Քվեմո Քարթլիում սալաֆիական գաղափարախոսության տարածման հիմնական կենտրոններն են Մառնեուլի, Գարդաբանի, Բոլնիսի և Դմանիսի շրջանները ։

«Ռոնդելի» հիմնադրամի ուսումնասիրություններում նշվում է, որ թուրքական քարոզչության ազդեցությամբ Վրաստանում նկատվում են բնակչության իսլամացման միտումներ։
2005 թ. ի վեր սալաֆիական համայնքի անդամների թիվն ավելացել է 70 հազարով և ներկայում հասնում է 470 հազարի (կազմում է երկրի բնակչության 13 %-ը՝ 2005 թ. 9 %-ի դիմաց)։ Նման գործընթացների հիմնական պատճառը թուրքական սուննիզմի մասսայականացումն է Վրաստանի մուսուլմանների համախումբ բնակության շրջաններում, ինչպես նաև նոր աղոթատեղիների և իսլամական կրթական հաստատությունների բացումը Թուրքիայի դրամական և այլ բնույթի աջակցությամբ։

Թուրքիայի կողմից կրոնական գործոնի օգտագործումը Վրաստանի ադրբեջանական համայնքում հանգեցնում է տեղի շիա և սուննի հոգևորականների միջև հակասությունների սրմանը, ինչպես նաև ստեղծում է կովկասյան հանրապետություններում իսլամական արմատականության ամրապնդման վտանգ ։

Հարկ է նշել, որ Վրաստանի ադրբեջանաբնակ շրջանները սահմանակից են Հայաստանին, և ՀՀ-ն ՌԴ-ի հետ կապող ռազմավարական միակ ցամաքային ճանապարհն անցնում է ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջանով: Ինչպես տեսնում ենք վերը նշվածից, Թուրքիան անհրաժեշտության դեպքում որպես Հայաստանի վրա ճնշման և շանտաժի լծակ կարող է օգտագործել վրաստանաբնակ ադրբեջանցիներին Հայաստանից դեպի Ռուսաստան բեռնափոխադրումները կաթվածահար անելու և Հայաստանը հյուսիսից նույնպես շրջափակելու համար: Ի դեպ, նույնպիսի վտանգ կա նաև հարավում՝ Հայաստան-Իրան սահմանային գոտում: Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ատրպատական (պարսկերեն՝ Ազրբայջան) նահանգը հիմնականում բնակեցված է թրքախոս էթնիկ տարրերով, որոնց շրջանում Թուրքիան ստեղծել է ակտիվ պրոթուրքական բջիջներ (պրոքսիներ), որոնք Թուրքիայից իջեցված հրահանգով իսկույն խոչընդոտներ են ստեղծում դեպի Հայաստան եկող և հակառակ ուղղությամբ փոխադրվող բեռների համար՝ փակելով ճանապարհները (վերջին թարմ օրինակը՝ 44-օրյա պատերազմի ընթացքում որպես օգնություն Հայաստան ուղարկվող բեռները տեղ չէին հասնում թրքախոս էթնիկ խմբերի կողմից ճանապարհների փակ լինելու պատճառով):

Ինչպես տեսնում ենք, արևելքից և արևմուտքից շրջափակված Հայաստանը հարաբերական կամ էլ պոտենցիալ շրջափակման մեջ է նաև հյուսիսից և հարավից, քանի որ քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ Թուրքիան, ակտիվացնելով իր պրոքսի շրջանակները նաև Իրանի և Վրաստանի ուղղություններով, կարող է խոչընդոտներ ստեղծել արտաքին աշխարհի հետ Հայաստանի ցամաքային կապի համար: Ստացվում է, որ Հայաստանը թուրքական շրջանակի մեջ է, և Թուրքիայի բարեհաճությունից է կախված միայն, թե որքանով կսեղմվի կամ կընդարձակվի այդ օղակը Հայաստանի պարանոցի շուրջ:
Վերադառնալով Վրաստանում Թուրքիայի ազդեցության տարածմանը՝ կարճ անդրադարձ կատարենք նաև մեսխեթցի թուրքերի վերաբնակեցման խնդրին: Թուրքիան ձգտում է մեսխեթցի թուրքերին վերադարձնելու Վրաստան, ինչի մասին վկայում է 2021 թ. նոյեմբերի 15-ին մեսխեթցի թուրքերի տեղահանման տարելիցի կապակցությամբ թուրքական իշխանամետ «Daily Sabah» թերթում հրապարակված հոդվածը։

Ինչպես նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ, «Թուրքիան նշում է Խորհրդային Միության տարիներին ահիսկա (մեսխեթ) թուրքերի տեղահանման 77-րդ տարելիցը»: Հայտարարության համաձայն` «1944 թ. նոյեմբերի 14-ին մոտ 100.000 ահիսկա թուրքեր աքսորվեցին Վրաստանի Մեսխեթի շրջանի իրենց պապենական հողերից Խորհրդային Միության հեռավոր շրջաններ»: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ «Թուրքիան կշարունակի ուշադիր հետևել ահիսկա թուրքերի վերադարձին իրենց հայրենիք և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նրանց հարազատներին» ։

Մեսխեթցի թուրքերի վերադարձը խոչընդոտողները հիմնականում Վրաստանի իշխանություններն են: Վրացական վերնախավի հիմնական մտահոգությունն այն է, որ խիտ բնակեցված թյուրքալեզու մահմեդական փոքրամասնությունը կարող է բարձրացնել Թուրքիային միանալու հարց: Հաշվի առնելով Աբխազիայի և Հարավային Օսիայի կորուստը՝ կարելի է հասկանալ վրացական կողմի անհանգստությունը, մանավանդ որ Աջարիայում աճող թուրքական գործոնը նույնպես նման ռիսկերի համար պարարտ հող է ստեղծում: Իսկ Թուրքիան իր հերթին հայտնի է նրանով, որ օգտագործում է իր էթնիկ տարրերի գործոնը՝ համապատասխան հող նախապատրաստելով ռազմական ներխուժման համար (Սիրիա, Լիբիա, Հ. Կիպրոս):

Վրաստանում Թուրքիայի ջանքերով կառուցված գազատարներն ու նավթատարները, որոնք ադրբեջանական գազն ու նավթը փոխադրում են Թուրքիա, շրջանցում են Հայաստանը՝ պատճառաբանելով դա արցախյան հիմնախնդրով: Սակայն սա միակ խնդիրը չէր, որի պատճառով Թուրքիան հրաժարվում էր Հայաստանի հետ տնտեսական ու դիվանագիտական կապեր հաստատելուց: Հայաստանի անկախացումից ի վեր Թուրքիան մի քանի անգամ փորձել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ՝ արցախյան հիմնախնդրի ադրբեջանանպաստ լուծման պահանջից զատ առաջ քաշելով նախապայմաններ, որոնք հակասում են Հայաստանի ազգային շահին: Դրանցից հատկապես կարևորվում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարման և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման պահանջները: Ահա այն գինը, որը մենք պետք է վճարենք թվացյալ բարեկեցիկ և անհոգ կյանքի համար:

Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը, հարաբերություններում դոմինանտության ձգտումը ցույց են տալիս, որ մենք ապրիորի չենք կարող շահեկան դիրքերում լինել՝ բացելով սահմանները և բարելավելով հարաբերությունները ի հաշիվ մեր ազգային շահերի:

Նման հնարավոր զարգացումների դեպքում Հայաստանն ամբողջությամբ կկորցնի իր սուբյեկտայնությունը և կվերածվի աշխարհագրական տարածքի, որի Հայաստան անվանումը կդառնա պայմանական և զուտ ձևական բնույթ կկրի: Հետևելով Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանը և տեսնելով, թե ինչպես է նա ադրբեջաներենով անվանափոխում հայաստանյան մարզերի և քաղաքների անունները՝ չի բացառվում, որ ժամանակի ընթացքում մեր երկրի անվանումն էլ կարող է այլևս Հայաստան չլինել այնպես, ինչպես որ թուրքերը Արևմտյան Հայաստանն են կոչում «Արևելյան Անատոլիա»՝ ձգտելով արմատախիլ անելու հայության պատմական հիշողությունը: Ի՞նչը կարող է խանգարել նրանց հետագայում նույն կերպ վարվել նաև Հայաստանի Հանրապետության անվան հետ՝ ընտելացնելով հայ ժողովրդին բարեկեցիկ, կուշտ ու թուլամորթ խաղաղությանը, և ստիպել հրաժարվել «կեղծ ազգային կատեգորիաներից»:

Որպեսզի հասկանանք, որ Թուրքիան երբեք չի հրաժարվում իր ազգային նպատակներից և համակարգված կերպով աշխատում է դրանք իրականացնելու ուղղությամբ, պետք է հայացք նետենք ոչ վաղ անցյալին: Ավելի քան 100 տարի առաջ նույնպես նմանատիպ մի «խաղաղության դարաշրջան» էր բացվում հայերի և թուրքերի միջև: Այն ժամանակ նույնպես Հայաստանը պարտություն էր կրել պատերազմում, և նրան պարտադրվում էր կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրել: Ըստ Ալեքսանդրապոլի պայմանագրի՝ «Հայաստանը զրկվում էր ընդհանուր զինապարտություն մտցնելու և բանակ պահելու իրավունքից. նա կարող էր ունենալ միայն 1500 զինվոր, 8 թնդանոթ և 20 գնդացիր։ …. Դրա փոխարեն Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգի դեպքում, եթե Հայաստանի կառավարությունը նման խնդրանքով դիմեր նրան։ …. Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցման ճանապարհները, ռազմական միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի տարածքում։ …. Պայմանագրով Հայաստանի մաս ճանաչված, բայց Թուրքիայի կողմից օկուպացված շրջանները պետք է ազատվեին Հայաստանի կողմից պայմանագրի բոլոր կետերի կատարումից հետո։ …. Պայմանագրի մյուս հոդվածները վերաբերում էին ազատ տարանցիկ առևտրին, փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը, Հայաստանի իսլամադավան բնակչության իրավունքներին» ։

Եթե համեմատելու լինենք 1920 թ. և այսօրվա իրավիճակները, ապա կտեսնենք, որ տարբերությունը մեծ չէ: 2020 թ. պատերազմից հետո մեզ պարտադրվեց կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրել: Այսպես կոչված «հաղթած» երկրի ղեկավարը հայտարարում էր, որ Հայաստանն այլևս զինված ուժեր չպետք է ունենա, քանի որ արցախյան հիմնախնդիրն արդեն ստացել է «արդարացի» լուծում, և Հայաստանը բանակի կարիք այլևս չունի: ՀՀ ղեկավարությունն էլ հայտարարել է, որ Հայաստանն անցում է կատարում պրոֆեսիոնալ բանակի ձևավորմանը, և պարտադիր զորակոչն աստիճանաբար պետք է դադարեցվի: Որպես արդյունք՝ Հայաստանն ունենալու է փոքրաթիվ բանակ, որն ի զորու չի լինի դիմակայելու արտաքին սպառնալիքներին:

Այսօր թշնամին, սողացող եղանակով զավթելով ՀՀ տարածքները և գրավելով ռազմավարական բարձունքները, ստացել է դիրքային առավելություն և վերահսկողության տակ վերցրել միջպետական նշանակության ճանապարհները: Նա պահանջներ է ներկայացնում, այսպես կոչված, «անկլավների» վերաբերյալ, որոնք նույնպես գտնվում են ռազմավարական նշանակություն ունեցող վայրերում, և որոնցով անցնում են Հայաստանի հաղորդակցության կարևոր ենթակառուցվածքները: Հետագայում այդ վայրերը պետք է բնակեցնեն իսլամադավան տարրերը, ինչը հանգեցնելու է հայ բնակչության դուրսմղմանը և ժողովրդագրական կազմի փոփոխությանը: «Խաղաղության դարաշրջան» նախագծի անվան տակ տեղի կունենա Հայաստանի աստիճանական վիլայեթացում:

Արդյոք մենք այսօր նույն իրավիճակում չե՞նք, ինչպես 100 տարի առաջ, և «խաղաղության դարաշրջանի» ծրագիրը 100 տարի անց էլ Հայաստանի պետականության ոչնչացմանն ու հայկական գործոնի իսպառ վերացմանն ուղղված նույն թուրքական ծրագրի համակարգված և կազմակերպված իրականացումը չէ՞ արդյոք:

Թուրքը ոչ միայն յաթաղանով, այլև փափուկ ուժի միջոցով՝ «բամբակով է վիզ կտրում»:

Սաբինա Մուրադյան

Թուրքագետ

«Դրօշակ» թիվ 11, 2022թ