Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան ազգային-ազատագրական շարժումը հանդիսանում է Հայ Դատի բաղկացուցիչ մասը: Շարժումն իր կիզակետին էր հասել1988թ. փետրվարին: Անտարակույս, ազգային-ազատագրական շարժման կրողը հայ ժողովուրդն էր, բայց, իմ խորին համոզմամբ այն չի եղել հայերի հախաձեռնությամբ: Այդ է վկայում այն փաստը, որ համազգային շարժում է ծավալվել առանց առաջնորդող քաղաքական կազմակերպության կամ կուսակցության` ավանգարդի եւ առանց բազմակողմանի նախապատրաստական աշխատանքներ կատարելու: «Ղարաբաղ» եւ «Կռունկ» կոմիտեները շարժման ծնունդը լինելով չեն կարողացել եւ չէին կարող լիարժեքորեն ստանձնել ավանգարդի դերը, քանի որ դրանք չունեին մշակված ու հաստատված ծրագրեր (եղածները տվյալ պահի կարճաժամկետ ծրագրեր էին), հստակ քաղաքական կուրս, քաղաքական պայքարի փորձ: Այսինքն այն, ինչը պահանջում է ազգայի-ազատագրական շարժման տրամաբանությունը: Նշված դերակատարությունները կարող են ստանձնել միայն փորձառու ազգային կուսակցությունները, որոնք, ցավոք ուշացումով են միացել ազգայի-ազատագրական շարժմանը:
Ազգային կուսակցություններից ՀՅԴ-ն առաջինն էր, որ Արցախում` Ստեփանակերտում ստեղծեց անդրանիկ Կոմիտեն (1989թ. մայիս): Դաշնակցության համար Արցախում կար նպաստավոր քաղաքական եւ ընկերային-տնտեսական պայմաններ եւ որ ամենակարեւորն է` նմանատիպ կուսակցություն` Հայոց Ընկերվարական Արցախական Կուսակցությունը:
Դեռ գորբաչովյան «վերակառուցման» առաջին տարիներին` 1986թ. գարնանը Ստեփանակերտում գործող մի շարք ազգայնական, ոչ ֆորմալ կազմակերպությունների առաջնորդներ եւ ներկայացուցիչները Ստեփանակերտում հիմնադրել են «Արցախական Միությունը» (նախագահ՝ Արկադի Կարապետյան, քարտուղար՝ Հակոբ Խաչատրյան): ԱՄ նպատակն էր` միավորել Արցախում գործող բոլոր ազգայնական խմբերին եւ կազմակերպություններին, նախապատրաստվել ազգային-ազատագրական պայքարին:
Կազմակերպության նախագահության յուրաքանչյուր անդամ պատասխանատու էր այս կամ այն բնագավառի համար: Ստեղծված էր քաղաքական, տնտեսական, մարտական, գաղափարախոսական եւ հատուկ բաժիններ: ԱՄ ուներ իր ծրագիրը եւ կանոնադրությունը: Արցախի բոլոր շրջաններում գործում էին փոքրաթիվ խմբեր, որոնք անմիջական կապ ունեին Ստեփանակերտի կենտրոնի հետ: Միությունը գործում էր ընդհատակյա:
1987թ. լայն թափ էր ստացել Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու համար ստորագրահավաքները: «Արցախական Միության» ջանքերով այդ գործընթացը ստացավ գործնական բնույթ` ստորագարահավաքները կազմակերպվեցին այդ նպատակի համար նախատեսված հատուկ ձեւաղթերի վրա: Բացի ստորագրահավաքից Միության անդամներն արձանագրում, հավաքում էին Արցախի եւ Ադրբեջանի տարածքում հայության իրավունքների ոտնահարման եւ «սպիտակ ցեղասպանության» իրագործումը հաստատող փաստերը: Բոլոր նյութերը հավաքվում, խմբավորվում էին, ԱՄ նախագահ Ա. Կարապետյանը տեղափոխում էր Երեւան ու հանձնում Արցախյան ազգային-ազատագրական շարժման երախտավորներից մեկին՝ Իգոր Մուրադյանին եւ այլ շահագրգիռ անձանց:
1988թ. հունվարի սկզբներին «Արցախական Միության» նախագահ Արկադի Կարապետյանը գործուղվում է Երեւան: Նա հանդիպում է տարբեր քաղաքական ուժերի առաջնորդների, ներկայացուցիչների: Նա վերադառնալով Ստեփանակերտ հրավիրում է Միության նիստ եւ ներկայացնում հաշվետվություն, նշում, որ պետք է անհապաղ կազմակերպել հանրահավաքներ: Միության անդամներից ոմանք գտնում էին, որ հանրահավաքներ անցկացնել նշանակում է ազգայի-ազատագրական պայքարի սկսել, որին Արցախը եւ համայն հայությունը պատրաստ չէ թե՛ գաղափարական, թե՛ կազմակերպական, թե՛ նյութա-ֆինասական ռեսուրսների կենտրոնացման տեսանկյուններից: Բայց, քանի որ պահը հասունացել էր իրավիճակը պարտադրում էր կատարել համապատասխան աշխատանքներ:
1988թ. փետրվարի սկզբին «Արցախական Միությունը» լուծարվում է նախագահության անդամների տարաձայնությունների պատճառով:
«Արցախական Միության» անդամների բացարձակ մեծամասնությունը նորից համախմբվում են 1988թ. փետրվարի 13-ին` Արցախյան ազգային-ազատագրական շարժման հանրահավաքային փուլի սկզբին: Այդ օրը հազարավոր քաղաքացիներ են դուրս գալիս Ստեփանակերտի Լենինի անվան հրապարակ եւ հայտարարում Մայր Հայաստանին վերամիավորման իրենց վճռականությունը:
1988թ. փետրվարի 24-ին Հակոբ Խաչատրյանի նախաձեռնությամբ մի խումբ ընկերներներով հիմնադրում են «Հայոց Ընկերվարական Արցախական Կուսակցությունը»: Սկզբնական շրջանում այն ավելի շատ դեկլարատիվ բնույթ էր կրում` չուներ ծրագիր եւ կանոնադրություն: 1988թ. սեպտեմբերի 17-ին հրավիրված ընդհանուր ժողովին հաստատում է կուսակցության ծրագիրը եւ կանոնադրությունը: Ծրագրի առանցքը կազմում էր Հայ Դատը: Որպես գործունեության սկզբունք ՀԸԱԿ-ն որդեգրել էր ապակենտրոնացումը, հաշվի առնելով հայության եւ մասնավորապես` արցախահայության առանձնահատկությունները:
ՀԸԱԿ Բյուրոյի հաստատված կազմը.
1. Խաչատրյան Հակոբ- նախագահ
2. Ավանեսյան Լեւոն- քարտուղար
3. Կարապետյան Արկադի- մարտական գործերի պատասխանատու
4. Ներսիսյան Գենադի — ելմտանքի եւ տնտեսական բաժնի պատասխանատու
5. Սարգսյան Աշոտ — հատուկ բաժնի պատասխանատու
6. Արզումանյան Վարդան
7. Ավետիսյան Ալեքսանդր
ՀԸԱԿ Բյուրոյին կից գործում էին գաղափարախոսության-քարոզչության, մարտական, ելմտանքի-տնտեսական եւ հատուկ բաժինները: Գաղափարախոսության-քարոզչության բաժինը (պատասխանատու` Լ. Ավանեսյան) զբաղվում էր պաշտոնաթերթի հրատարակմամբ, թռուցիկների ստեղծման եւ տարածման, քարոզչական բնույթի այլ աշխատանքներով: Մարտական բաժինը (պատասխանատու` Ա. Կարապետյան) զբաղվում էր մարտական ջոկատների ստեղծման եւ նրանց միջեւ կապի հաստատման աշխատանքներով, ինչպես նաեւ` զենքերի եւ զինամթերքների հայթայթմամբ եւ բաշխմամբ: Ելմտանքի-տնտեսական բաժինը (պատասխանատու`
Գ. Ներսիսյան) զբաղվում էր անդամավճարների հավաքման, տնտեսական բազայի ստեղծման, դրամական եւ նյութական միջոցների հայթայթման աշխատանքներով:
Հատուկ բաժինը (պատասխանատու` Ա. Սարգսյան) ուներ հետախուզական եւ հակահետախուզական ենթաբաժիններ. զբաղվում էր կուսակցության անդամության թեկնածուների հուսալիության ստուգման, անդամների ընդունելության, կուսակցության ներքին ու արտաքին կյանքին վերաբերվող հարցերով, զենքերի եւ զինամթերքների անվտանգ տեղափոխման հարցերով:
Բյուրոյի նիստերը հրավիրվում էին ամեն շաբաթ, նախօրոք ճշտելով օրը, ժամը եւ հավաքման վայրը: Հատուկ բաժինը պատասխանատու էր նիստերի անցկացման անվտանգության ապահովմանը:
ՀԸԱԿ-ը հրատարակում էր «Վերածնունդ» պաշտոնաթերթը, որի խմբագիրն էր
Հ. Խաչատրյանը: ՀԸԱԿ Բյուրոյի անդամները յուրաքանչյուր ամիս հաշվետվություն էին ներկայացնում կատարված աշխատանքների մասին: Շրջանների կուսակցական խմբերի հետ կապն անմիջական էր: Բոլոր խմբապետները գիտեին Բյուրոյի նախագահին, մարտական եւ տնտեսական բաժինների պատասխանատուներին: Խմբապետների բացակայության դեպքում, նրանց տեղակալները հատուկ նշանաբանով կապվում էր Բյուրոյի ցանկացած անդամի հետ եւ լուծում առաջացած հարցերը:
ՀԸԱԿ ստեղծման առաջին իսկ օրվանից կուսակցության անդամները հիմնականում զբաղվում էին ակտիվ քարոզչական աշխատանքներով: Կուսակցական խմբեր ունենալով Արցախի տարբեր շրջաններում, պարբերաբար Բյուրոյին տեղեկացնում էին շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Հարկ եղած դեպքում Բյուրոն շրջաններ էր գործուղում գործիչների` կազմակերպելու նոր խմբեր, ստեղծելու մարտական ջոկատներ եւ լուծելու տարաբնույթ խնդիրներ:
Արցախում հազարավոր թռուցիկներ տարածելով ՀԸԱԿ Բյուրոն գտնում էր, որ հարցի լուծման այսպես կոչված քաղաքական՝ խաղաղ տարբերակը ցանկալի է, բայց ոչ իրատեսական, ուստի կոչ էր անում արցախահայությանը համախմբվելու, զինվելու եւ նախապատրաստվելու ինքնապաշտպանության: Սումգայիթյան եղեռնագործությունից հետո ՀԸԱԿ Բյուրոն որոշում է` արյանը արյամբ պատասխանել` պատժիչ գործողություն իրականացնել Ջամիլու գյուղում: Արցախի քաղաքական առաջնորդները տեղեկանալով այդ մասին, կանխում են` «համոզելով», որ նման գործողությունը կվնասի ազգային-ազատագրական պայքարի քաղաքական ոգուն:
ՀԸԱԿ Բյուրոն Ա. Կարապետյանին եւ Աշոտ Ղուլյանին գործուղում է Երեւան զենք եւ զինզմթերք հայթայթելու համար, իսկ Բյուրոյի մյուս անդամները գնում են Արցախի տարբեր բնակավայրեր եւ զբաղվում զինված պայքարի քարոզչությամբ: Բյուրոյի հրահանգով կուսակցական բոլոր խմբերը սկսվում են զինվել: Այդ ժամանակ Արցախում լայն թափ էր ստացել ինքնաշեն զենքերի արտադրությունը: 1988թ. նոյեմբերին, փորձարկվում են Աշոտ Ղուլյանի նախագծած ականներն ու նռնակները, ինչպես նաեւ ականանետը:
ՀԸԱԿ-ը իր ծրագիրը եւ որոշումները իրագործելու համար օգտագործում էր ընձեռված ամեն մի չնչին հնարավորություն, սակայն դրանք բավարար չէին ժողովրդի ինքանապաշտպանությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: ՀԸԱԿ Բյուրոն որոշում է ընդունում` առաջացած խնդիրները լուծելու համար համագործակցել շահագրգիռ քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների եւ անհատների հետ: Այդ նպատակով Արկադի Կարապետյանին հանձնարարվում է Երեւանում շփվել տարբեր քաղաքական եւ կուսակցական առաջնորդների, գործիչներ, ներկայացուցիչների հետ: Ա. Կարապետյանը տեղեկացնում է ՀԸԱԿ Բյուրոյին, որ միայն երկու կուսակցության հետ կարելի է համագործակցել` «հանրապետականների» եւ «դաշնակցականների»: Նախապատվությունը տրվում է ՀՅԴ կուսակցությանը, քանի որ ՀԸԱԿ ծրագիրն ու գործելաոճը շատ մոտ է ՀՅԴաշնակցությանը:
Ա. Կարապետյանը ՀԸԱԿ ծրագիրը եւ կանոնադրությունը ներկայացնում է ՀՅԴ Բյուրոյի գործիչ Ափո Պողիկյանին եւ առաջարկում համագործակցություն:
1989թ. հունվարի սկզբներին Ա. Կարապետյանը վերադառնալով Ստեփանակերտ իր հետ բերում է ՀՅԴ ծրագիրը, կանոնադրությունը եւ հարուստ գրականություն:
Երկարատեւ փոխադարձ հետախուզումներից հետո ՀԸԱԿ Բյուրոն որոշում է ընդունում Երեւանում հանդիպել ՀՅԴ Բյուրոյի գործիչին եւ տեղում որոշել համագործակցության պայմանները: Բյուրոն նախորոք քննարկում է նաեւ Դաշնակցություն կուսակցությանը անդամակցելու հարցը:
ՀԸԱԿ Բյուրոյի հինգ անդամներ` Հ. Խաչատրյանը, Լ. Ավանեսյանը,
Ա. Կարապետյանը, Գ. Ներսիսյանը եւ Ա. Սարգսյանը 1989թ. ապրիլի 19-ին Երեւանում հանդիպում են ՀՅԴ Բյուրոյի գործիչ Ափո Պողիկյանին: Երկարատեւ քննարկումներից հետո ՀԸԱԿ Բյուրոյի անդամները որոշում են ընդունում` ընդունել ՀՅԴ Բյուրոյի գործիչի առաջարկը, որը համաձայնեցված էր ՀՅԴ Բյուրոյի հետ, եւ անդամակցել ՀՅԴ-ին: Նույն օրը տեղի է ունենում հինգ ընկերների Դաշնակցության շարքերում ընդունվելու երդման արարողությունը:
Հատուկ լիազորությամբ վերադառնալով Ստեփանակերտ ՀՅԴ հինգ անդամների առաջարկությամբ գումարվում է ՀԸԱԿ ընդհանուր ժողով եւ որոշում է ընդունվում ՀԸԱԿ լուծարելու մասին: ՀԸԱԿ անդամներին բաժանում են ՀՅԴ ծրագիրը եւ կանոնադրությունը, հնարավորություն ընձեռելով բոլորին մտնելու ՀՅԴ շարքերը: ՀԸԱԿ անդամների բացարձակ մեծամասնությունը մտնում են ՀՅ Դաշնակցության շարքերը:
1989թ. մայիսի 3-ին ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ, հատուկ շրջաբերականով ստեղծվում է ՀՅԴ Արցախի «Անտառ» կոմիտեն հետեւյալ կազմով.
1. Խաչատրյան Հակոբ- նախագահ
2. Ավանեսյան Լեւոն- քարտուղար, գաղափարա-քաղաքական բաժնի պատասխանատու
3. Կարապետյան Արկադի- մարտական գործերի պատասխանատու
4. Ներսիսյան Գենադի — ֆինանսա-տնտեսական բաժնի պատասխանատու
5. Սարգսյան Աշոտ — հատուկ բաժնի պատասխանատու
ՀՅԴ Բյուրոյի որոշմանբ Արցախ է գործուղվում Բյուրոյի գործիչ Վարանդ Փափազյանը: Նրա ցուցումներով եւ ակտիվ գործունեության շնորհիվ վերակազմվում է նախկին կուսակցական (ՀԸԱԿ) խմբերը, ստեղծվում են նորերը: Կուսակցական խմբերում պարբերաբար անցկացվում են ժողովներ, հավաքվում են անդամավճարներ: Կուսակցական ամեն մի խումբ պատասխանատու էր իր բնակավայրի, թաղամասի ինքնապաշտպանության կազմակերպման, քաղաքական եւ տնտեսական կացություններին վերաբերող հարցերում:
Կոմիտեի հատուկ բաժնի պատասխանատուի առաջարկությամբ Արցախի դաշնակցական Կոմիտեն հանձնարարում է կուսակցության գործիչներին եւ խմբապետերին կազմելու Արցախի բոլոր բնակավայրերի այն անձանց ցուցակները, ովքեր ՀՅԴ տեսանկյունից արժանի են ուշադրության եւ համագործակցության: Նպատակն էր` համագործակցել եւ այդ անձանց ներուժը օգտագործել ազգային-ազատագրական շարժումը իր նպատակին հասցնելու համար: Այդ դժվարին ու պատասխանատու աշխատանքը որոշ չափով հեշտ էր այն տեսանկյունից, որ Արցախի համարյա բոլոր խոշոր բնակավայրերում կային դաշնակցական խմբեր: Կարճ ժամանակում կազմվում են ցուցակները (մոտ 1500 անձանց անուններով), որը նպաստել է ճիշտ գնահատելու Արցախի մտավոր, մարտական ներուժը եւ հնարավորությունները: Հատուկ բաժնին հանձնարարված էր կազմել նաեւ այն անձանց ցուցակները, ովքեր վնասում եւ կարող են վնասել Շարժմանը:
Դաշնակցության մոտալուտ նպատակը լինելով կարճ ժամանակում զինվելը եւ ազգաբնակչության ինքնապաշտպանությունը կազմակերպելը, քիչ ժամանակը էր հատկացվում մտավորականության եւ առհասարակ ժողովրդի հետ գաղափարական, քարոզչական բավարար աշխատանքներ կտարելու համար: Զգացվում էր դաշնակցական գործիչների եւ համապատասխան գրականության պակաս:
Արցախյան դաշնակցական կազմակերպության ինքնահաստատման առաջին իսկ օրվանից վիճակված էր պայքարելու պետական համապատասխան ծառայությունների եւ գործակալների եւ «ներքին խլուրդների» դեմ: Միամտություն կլինի կարծել, թե
ՊԱԿ-ը չգիտեր արցախյան դաշնակցական կազմակերպության մասին, բայց ճիշտ կազմակերպված ընդհատակյա գործունեության շնորհիվ հնարավոր եղավ հնարավորինս զերծ մնալ նրանց գործակալների ներթափանցումից, մանավանդ սկզբնական շրջանում:
ՀՅԴ արցախյան կազմակերպության միջուկը հանդիսանում էին մարտական խմբերը` ջոկատները: Բացի դաշնակցական ջոկատներից Արցախում գործում էին բազմաթիվ զինված ջոկատներ, որոնց միավորում էր այս կամ այն գաղափարը` հայրենասիրությունը, արժանապատվության զգացումները, հեղինակավոր անհատը եւ այլն: Դաշնակցական մարտական ջոկատներին միավորում էր ազգային միասնության գաղափարը, Հայ Դատը, «հարատեւ կռվի» հոգեբանությունը եւ վերջին հաշվով ՀՅԴ ծրագիրն ու կանոնադրությունը: Ի տարբերություն մնացած զինված ջոկատների դաշնակցական մարտական ջոկատները գործում էին միասնական հրամանատարության ներքո, կապված էին իրար եւ համեմատաբար լավ էին զինված: Ազատամարտիկների շարքերում իշխում էր կուսակցական կարգապահությունը: Մարտական ջոկատների նպատակն էր` համախմբել տվյալ բանակավայրի բնակչությանը, կազմակերպել նրանց անվտանգության ապահովումը, օգնել տեղերում նոր ջոկատների ստեղծմանը: Այդ գործընթացին նպաստել է նաեւ տարբեր ճանապարհներով ձերք բերված զենքերն ու զինզմթերքները եւ տեղում արտադրված ինքնաշեն ականներն ու նռնակները:
Զինվելով ժամանակակից հրաձգային զինատեսակներով դաշնակցական ջոկատները աստիճանաբար իրենց վրա են վերցնում ամբողջ Արցախի ինքնապաշտպանությունը: Այդ երեւույթը գայթակղելով քաղաքական այլ կազմակերպությունների եւ ուժերի ստիպում է, որ Արցախ ուղարկեն որոշ քանակությամբ զենքեր եւ զինամթերքներ ու հաստատեն իրենց «իշխանությունը»:
1988թ. Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը զուգընթաց Արցախի բոլոր շրջաններում ստեղծվել են զինված ջոկատներ, որոնց գործողությունները համակարգելու համար 1988թ. նոյեմբերի 16-ին Ստեփանակերտում ստեղծվում է Ղարաբաղի պաշտպանության շտաբ՝ Արկադի Կարապետյանի գլխավորությամբ: Շտաբի անդամներն էին՝ Մուրադ Պետրոսյանը, Աշոտ Ղուլյանը, Արթուր Ալեքսանյանը, Սերժիկ Գրիգորյանը, Ռոլես Աղաջանյանը, Վիգեն Շիրինյանը (Մարտակերտի շրջանից), Սլավիկ Առուշանյանը (Ասկերանի շրջանից), Վոլոդյա Խաչատրյանը (Մարտունու շրջանից), Արթուր Մկրտչյանը (Հադրութի շրջանից):
1989թ. նոյեմբեր – 1990թ. օգոստոս ընկած ժամանակահատվածում ՀՅԴ տարբեր խողովակներով Արցախ է տեղափոխվում ավելի քան 300 միավոր АКМ (Կալաշնիկով) տիպի ինքնաձիգներ, 25 գնդացիր, 7 Կարաբին, 12 նռնականետ եւ այլ զինատեսակներ ու զինամթերք: Ստացված եւ պատրաստված զինատեսակները, զինզմթերքը ՀՅԴ Արցախի մարտական շտաբի որոշումով բախշվել է ոչ միայն կուսակցական խմբերին, այլ նաեւ Արցախում ակտիվ գործող ջոկատներին, սահմանամերձ բնակավայրերի Շարժման ակտիվ մասնակից անձանց եւ խմբերին:
Դեռ 1989թ. հոկտեմբերին Ստեփանակերտում, Աշոտ Ղուլյանի նախաձեռնությամբ
(Աշոտ Սարգսյանի եւ Սերժիկ Գրիգորյանի մասնակցությամբ) պատրաստվում է 300 նռնակ եւ ուղարկվում Շահումյանի շրջանի ջոկատներին: Այնուհետեւ պատրաստվում է 900 նռնակ, 200 հակահետեւակային, հակատանկային ականներ:
1990թ. օգոստոսին Ղարաբաղի պաշտպանության շտաբը համախբելով Արցախում գործող բոլոր զինված ջոկատներին ստեղծել է Արցախի Ինքնապաշտպանության Ուժերը, որի հրամանատարը հռչակվել է Արկադի Կարապետյանը:
Տարբեր կուսակցություններ եւ կազմակերպություններ ձգտում էին Արցախում ղեկավարությունը վերցնել իրենց ձեռքը, բայց չէին համարձակվում: Այդ խառնաշփոթության մեջ է, որ ծնվում է Ազգային Խորհրդի գաղափարը:
Երեւանում 1989թ. դեկտեմբերի 1-ին կայանում է ՀՍԽՀ Գերագույն Խորհրդի եւ Արցախի Ազգային Խորհրդի համատեղ նիստը: Որոշում է ընդունվում Լեռնային Ղարաբաղը Հայակական ԽՍՀ-ին վերամիավորելու մասին:
Ստեղծելով Ազգային Խորհրդը որոշ քաղաքական լիդերներ հասնում են իրենց նպատակին, առաջ են տանում իրենց գաղափարները, բայց ձախողումների մեղքը բարդում են ԱԽ-ի վրա: Ցավոք ՀՅԴ-ն չկարողացավ Արցախի Ազգային Խորհրդի կազմավորման եւ հետագա աշխատանքների կատարման ժամանակ դերակատարություն ունենալ, այդ իսկ պատճառով էլ չկարողացավ տեր կանգնել հայության համար ընդունված կարեւորագույն փաստաթղթերից մեկի իրագործմանը:
Ամբողջ 1990թ. ՀՅԴ արցախյան կառույցի համար եղել է բազմաթիվ փորձությունների հաղթահարման ժամանակաշրջան: Գործելով ընդհատակում Արցախի «Անտառ» կոմիտեին հաջողվում է բոլոր խոշոր բնակավարյերում ստեցծել դաշնակցական խմբեր եւ մարտական ջոկատներ, որոնցից շատերը իրենց վրա են վերցնում ոչ միայն ինքնապաշտպանության գործերը, այլ նաեւ տնտեսական, սոցիալական եւ քաղաքական ղեկավարությունը:
Արցախի ոչ դաշնակցական մարտական ջոկատները ձգտում էին համագործակցել դաշնակցական ջոկատների հետ, հաշվի առնելով նրանց կազմակերպվածությունը, կարգապահությունը եւ զինվածությունը: Որոշ ջոկատներ միանում են դաշնակցական ջոկատներին:
ՀՅԴ «Անտառ» կոմիտեն ոչ դաշնակցական մարտական ջոկատների հետ հարաբերությունների հարցում ընդունում է հատուկ որոշում եւ կարգադրություն:
Ամբողջությամբ վերցրած 1990թ. Արցախի դաշնակցության պատմության մեջ պետք է գնահատել որպես կազմակերպության վերջնական ձեւավորման եւ բեղմնավոր աշխատանքի տարի: Կուսակցական կյանքը ընթանում էր նորմալ հունով` ստեղծվում էին նոր խմբեր, ենթակոմիտեներ: Կոմիտեն ամբողջությամբ վերահսկում էր նրանց աշխատանքը եւ նպաստում աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Արցախում ցանկացած հարց առաջանալու դեպքում պարտադրաբար հաշվի էին առնում Կոմիտեի կարծիքը: Կոմիտեն հաշվառման մեջ էր պահում կուսակցությանը պատկանող յուրաքանչյուր անշարժ եւ շարժական գույք, նյութական եւ դրամական միջոցները, զենքերը եւ զինամթերքները: Առանձնապես խիստ էր վերահսկողությունը զենք-զինզմթերքի հաշվառման եւ բաշխման գործում:
1991թ. հունվարի 2-ին ՀՅԴ Բյուրոյի գործիչ Վարանդ Փափազյանը օգտվելով իր լիազորություններից հրավիրում է Կոմիտեի նիստ եւ Բյուրոյի հատուկ շրջաբերականի միջոցով լուծարում ՀՅԴ «Անտառ» կոմիտեն:
1991թ. մարտի 3-ին, ձեւավորվում է Ստեփանակերտի «Արամ Մանուկյան» ենթակոմիտեն, որն ուներ 17 խումբ՝ Արծիվ , Հայք, Կռոճ , Նժդեհ, Մռով, Գարդման, Վարարակն, Ազատություն, Վրեժ, Երկաթ, Նոր սերունդ, Գիքոր, Կաչաղակաբերդ, Հայրենիք, Կող, Կրկժան, Մայր Հայրենիք:
Ասկերանի շրջանում Լեւոն Ավանեսյանի նախաձեռնությամբ ստեղծում են երկու ենթակոմիտեներ, իսկ Հադրութում ՝ Էմիլ Աբրահամյանը ստեղծում է «Դիզակ» ենթակոմիտեն: Մարտակերտի եւ Մարտունու շրջաններում ենթակոմիտեների ստեղծման համար կային բոլոր նախադրյալները, միայն պակասում էր նորանշանակ Կոմիտեի ցանկությունը եւ համապատասխան աշխատանքները:
1991 թվականի մարտի 17-ին խորհրդային ղեկավարությունը անցկացրեց համամիութենական հանրաքվե: Ադրբեջանը կողմ քվեարկեց Խորհրդային Միության պահպանման օգտին՝ նոր Միութենական Համաձայնագրի շրջանակներում: Հայաստանը բոյկոտեց հանրաքվեն` հայտարարելով, որ սեպտեմբերին անց է կացնելու անկախության հանրաքվե: Ադրբեջանի «հավատարմությունը» ըստ արժանվույն գնահատվեց: «Անօրինական զինված կազմավորումների զինաթափման» եւ «անձնագրային ռեժիմի ստուգման» պատրվակով Ադրբեջանը Կենտրոնի օժանդակությամբ ձեռնամուխ եղավ Արցախի հայաթափման նոր գործողություն սկսել, որ հայտնի է «Օղակ» ռազմագործողություն անվանմամբ:
Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայի դահլիճում 1991թ. մարտի 17-ին տեղի է ունեցել ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանի հերթական նիստը, որի ԼՂԻՄ մարզխորհրդի պատգամավորներից բացի նիստ-խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվիստներ, հայտնի մտավորականներ, ֆորմալ եւ ոչ ֆորմալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կազմակերպիչների նպատակն էր ԼՂԻՄ-ը թողնել Ադրբեջանի կազմում ավելի բարձր՝ ինքնավար հանրապետության կարգավիճակով:
Բարեբախտաբար որոշումը չի ընդունվում, չի օգնում նաեւ Ստեփանակերտի կաթի գործարանի տնօրենի գրասենյակում կազմակերպված ավելի քան քսան «ակտիվիստների» հավաքը:
1991թ. մարտի 17-ին Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայի դահլիճում կայացած ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանի հերթական նիստից հետո, ՀՅԴ Ստեփանակերտի «Արամ Մանուկյան» ենթակոմիտեի նախագահի նախաձեռնությամբ ենթակոմիտեության բոլոր 17 խմբերում անցկացվեցին հարցում հետեւյալ բովանդակությամբ.
«Համաձայն եք դուք, որ`
1. ԼՂԻՄ-ը միանա Հայաստանին
2. ԼՂԻՄ-ը լինի անկախ պետություն
3. ԼՂԻՄ-ը լինի ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում
4. Այլ տարբերակ
Ստանալով 17 խմբերից 14-ի ժողովների արձանագրությունները եւ ամփոփելով արդյունքները, ենթակոմիտեն պարզել է, որ բոլոր խմբերը համաձայն են, որ իրագործվի Արցախյան ազգային-ազատագրական շարժման եւ 1989թ. դեկտեմբերի 1-ի Հայաստանի Գերագույն Խորհրդի եւ ԼՂԻՄ Ազգային Խորհրդի համատեղ նիստի որոշման պահանջը` «Միացում»-ը:
«Արամ Մանուկյան» ենթակոմիտեն, որն ուներ ավելի քան 150 անդամ (ՀՅԴ «Անտառ» կոմիտեությունում կար 256 անդամ) իր վճռական «ո՛չ»-ն է ասել Արցախի կարգավիճակի ցանկացած այլ տարբերակի, այդ թվում նաեւ անկախ պետություն ստեղծելու գաղափարին:
Արցախի կարգավիճակի մասին շրջանների դաշնակցականների բացարձակ մեծամասնության կարծիքը Մայր Հայաստանին միացմանը հավատարիմ մնալն էր:
Աշոտ Գ. Սարգսյան