Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրու ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակում ընդգրկված` երրորդ համարի թեկնածու, անկուսակցական, «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Սերգեյ Նազարեթյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերից որևէ մեկը կասկած չունի, որ հաղթելու է: «Չկա այնպիսի ուժ, որը համոզված չլինի, որ ինքն է հաղթելու: Մոտավորապես 45-50 հազար ընտրող կլինի: Այնպես որ` բավականին թեժ են լինելու ընտրությունները, մրցապայքարը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի թիմին, ըստ Նազարեթյանի, ցուցակը բավականին հաջող է ընտրված: «Արժանի մարդիկ են ընդգրկված: Համարյա ամեն օր հանդիպում ենք կոլեկտիվների հետ, ինչ-որ հնարավոր է` անում ենք, հնարավոր բոլոր տարբերակներն օգտագործում ենք: Ունենում ենք նաև բակային հանդիպումներ: Անձամբ ես, ինչպես նաև կուսակցական գործընկերները, գոհ ենք, որովհետև պլանավորված, առանց ավելորդ խոստումների սցենար ունենք»,- ասաց նա:
Նազարեթյանի խոսքով՝ բնակիչների հետ հանդիպումների ընթացքում հիմնական բանախոսները լինում են ցուցակում ընդգրկված թեկնածուներից առաջին երեքը, ովքեր և ներկայացնում են ծրագիրը: «Ես` որպես սեյսմիկ ծառայության աշխատակից, ով բավական լավ գիտի քաղաքաշինական, սոցիալական խնդիրները, ներկայացնում եմ մեր ծրագրի խոշոր դրույթները՝ չորս մասի բաժանելով: Գիտաշխատող լինելս օգնում է խոսել փաստերի լեզվով: Սիրում եմ փաստեր բերել, ինչը ժողովրդի համար ավելի ընկալելի է ու համոզիչ»,- ասաց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ Գյումրիում առկա խնդիրները կարելի բաշխել մի քանի խմբի, որոնց մեջ առաջնային են համարվում քաղաքային բյուջեին վերաբերող հարցերը: «Կարևոր է քաղաքի բյուջեի խելացի ու արդյունավետ ծախսումը: Մեր բյուջեն 3,6 միլիարդ դրամ է, որը շատ քիչ է, և մեծ մասը գնում է աշխատավարձերի վրա: Համայնքապատկան կառույցները շատ են` մանկապարտեզներ, սպորտդպրոցներ և այլն: Այդ բոլորին պետք է անպայման հատկացումներ լինեն: Արդյունքում` մեծ գումար չի մնում, հետևաբար հարկավոր է գումարներն արդյունավետ ծախսել: Գյումրիում առկա են ամենօրյա խնդիրներ, որոնք պայմանավորված են Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական վիճակով, հասարակարգի փոփոխություններով, դրանց գումարվել են նաև երկրաշարժի հետևանքները, որովհետև դրանց վերացումը չի իրականացվել ամբողջությամբ»,- նշեց Նազարեթյանը և ընդգծեց, որ քաղաքում խնդիրները բազմազան են, օրինակ` կոյուղու, «Կումայրի» արգելոցի 1200 կամ 1400 շենքերի, տնակային թաղամասերի հետ կապված
Ըստ նրա` Զարգացման ու վերակառուցման եվրոպական բանկը 23,5 մլն եվրոյի ծրագիր է քաղաքում իրականացնում, և ավագանին պետք է հետևի, որ այդ ծրագիրն արդյունավետ իրականանա:« Հազար ու մի խնդիրներ կան, բայց, քաղաքաշինությանը մոտ լինելով, ասեմ, որ անպայման պրոբլեմներ կծագեն ծրագրի իրականացման ընթացքում: Տեսեք` տասը փողոց պիտի այդ վարկային ծրագրով լրիվ վերակառուցվի, բայց երեք տարի հետո պետք է սկսվի քաղաքի կոյուղագծերի վերականգնումը: Հիմա կասֆալտեն փողոցները, հետո քանդեն: Դա լուրջ խնդիր է, պետք է խելացի լուծումներ առաջադրվեն»,- ասաց Նազարեթյանը:
Նա առանձնացրեց նաև ֆինանսական միջոցների հայթայթման խնդիրը: «Ես քսանից ավելի միջազգային ծրագրերի եմ մասնակցել, գիտական հինգ ծրագրի ղեկավար եմ եղել ու հասկացել եմ, որ փող հայթայթելն այդքան էլ բարդ չէ, ավելի կարևորը հիմնավորված, համոզիչ ծրագիր գրելն է: Պետք է փորձել, օգտագործելով ՀՅԴ-ի արտասահմանյան կապերը, լավ ծրագիր ներկայացնել, ու դրանից հետո հաստատ կլինի համապատասխան ֆինանսավորում: Քույր քաղաքների սխեման օգտագործելով ևս` կարելի է ծրագրերի իրականացմանը հասնել: Հայաստանում սպասվում են լուրջ տնտեսական փոփոխություններ, և այս ամենից Գյումրին չպետք է անմասն մնա»,- ներկայացրեց Նազարեթյանը:
Ի դեպ, նա նշեց նաև, որ, լինելով անկուսակցական, սիրով է համաձայնել համագործակցել ՀՅԴ-ի հետ: «Ես քաղաքի ակտիվ մտավորականներից եմ, երեք անգամ փորձել եմ ԱԺ պատգամավոր դառնալ: Ասեմ, որ համնագործակցող տեսակ եմ, ու երբ ինձ առաջարկեցին համագործակցել, համաձայնեցի, քանի որ գիտեի՝ ում հետ եմ համագործակցում: Ուրիշ առաջարկներ էլ են եղել, բայց ես ընտրեցի Դաշնակցությունը` ելնելով նրանց քաղաքական գծից: Նախ` մինչև հիմա դաշնակցականները ընտրակաշառքով չեն զբաղվել, միշտ մոտ են եղել հաղթանակին՝ առանց կոպեկ ծախսելու: Երկրորդ՝ դաշնակցականները մեծ ավանդ ունեն, հատկապես` երկրի անվտագությունը, սահմանները պահելու հարցում: Դաշնակցականները ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իրենց շատ բարձր պահեցին, առանց որևէ մեկի հորդորի, կուսակցության որոշմամբ գնացին` դիրքերը պահելու: Դա մեծ արժեք է: Երրորդ` դաշնակացականների քայլերը ավելի հիմնավորված են, քան ուրիշներինը, ովքեր փուչիկներ են խոստանում, բայց հենց ասեղը կպչում է, պայթում են այդ փուչիկները: Բացի այս ամենից` ես տեսա, որ ցուցակում լուրջ մարդիկ են ընդգրկված, համաձայնեցի»,- եզրափակեց մեր զրուցակիցը: