Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն) ՀՅԴ-ի կողմից առաջադրված անկուսակցական թեկնածու Տիգրան Բալոյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց՝ ՀՅԴ-ի և իր համատեղ որոշման արդյունքն է, որ առաջադրվել է հենց այդ կուսակցության ցուցակով: «Ինչո՞ւ հենց Դաշնակցություն, որովհետև բավականին ֆունդամենտալ կուսակցություն է, այդ կուսակցության սոցիալիստական ուղղվածությունը շատ հոգեհարազատ է ինձ»,- նշեց նա` հավելելով, որ, նախքան մեծ քաղաքականությունում հայտ ներկայացնելը, ներգրավված է եղել տարբեր սոցիալական նախագծերում:
«Տարբեր սոցիալական նախագծեր կյանքի կոչելու համագումարում ստեղծվեց «Ֆոնդ 100»` քաղցկեղով հիվանդ երեխաների օժանդակության համար նախատեսված բարեգործական հիմնադրամը: Կարծում եմ՝ ժամանակն է, որ մեր կուտակած փորձն ավելի լայն կիրառում ունենա, և ավելի խորանա այդօրինակ գործունեությունը: Փորձում ենք մեր աշխատանքային ոճը մտցնել նաև պառլամենտ: Շատ լավ կլինի, որ որևէ խնդրահարույց ոլորտում աշխատած մարդը ներկայացված լինի խորհրդարանում, որպեսզի կարողանա խնդիրը հենց ներսից բարձրացնել»,- ընդգծեց Բալոյանը, ով նաև գովազդի ու բրենդինգի մասնագետ է և ղեկավարում է «Ստատուս ընդ կո» գովազդային գործակալությունը:
Մեր զրուցակիցը նշեց, որ իր՝ քաղաքականություն մտնելը պայմանավորված է զուտ անհրաժեշտությամբ: «Սոցիալական խնդիրների առկայությունն է ստիպում, պետք է դրանց մասին բարձրաձայնել, ուղիներ փնտրել լուծելու համար, պետք է մի շարք բյուրոկրատական պատեր քանդվեն: Մենք ունենք գաղափարներ, իսկ հնարավորությունը հենց այն է, որ պետք է ձեռք բերենք՝ խորհրդարան մտնելով»,- նշեց նա:
Բալոյանի խոսքով՝ ժողովուրդը Դաշնակցությանն ընտրելու ծանրակշիռ պատճառ ունի: «Պատմական իրադարձությունների, ամեն մեկի կատարած քայլերի վերլուծությունը թույլ է տալիս ասելու, որ Հայաստանին կայունություն հենց Դաշնակցությունն է տալիս: ՀՅԴ-ն ճգնաժամային բոլոր պահերին չի թողել, որ բաժակը լցվի և բանը բանից անցնի, սկսվի քաղաքական պատերազմ կամ ավելի լուրջ խմորումներ տեղի ունենան: Այդ հարցում ամենալուրջ դերակատարում է ունեցել հենց Դաշնակցությունը»,- ասաց նա:
Խոսելով Ընտրական օրենսգրքում ամրագրված ռեյտինգային կամ տարածքային թեկնածուների ընտրակարգի և հիմնականում հենց այդ ընտրակարգով առաջադրված թեկնածուների միջև տեղի ունեցող բախումների մասին՝ Տիգրան Բալոյանն ասաց, որ ծավալվող պայքարը վատ բան չէ, սակայն պետք է այնպես անել, որ պայքարը չվերածվի բախման: «Դա կուսակցության ներքին կուլտուրայի հարց է: Ես վստահ եմ, որ ՀՅԴ-ի ներսում չի կարող նման բան լինել»,- ասաց նա:
Բալոյանը նաև ասաց, որ այն համայնքներում, որտեղ ինքն է առաջադրված, այս պահին առողջ մրցապայքար է: «Առայժմ որևէ արտառոց բան չեմ տեսել, քաղաքակիրթ վիճակից շեղումներ չկան, ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա: