Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրու ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակում ընդգրկված` երրորդ համարի թեկնածու, անկուսակցական, «Սեյսմիկ պաշտպանության հյուսիս. ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Սերգեյ Նազարեթյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկից մինչ օրս գնահատում է արդյունավետ:
«Ընդհանրապես, բոլոր 11 կուսակցություններն ու դաշինքը լավ քարոզարշավի փուլում են: Արդեն տասն օր է` բոլորը համոզված են, որ իրենք են հաղթելու: Չկա այնպիսի ուժ, որը համոզված չլինի, որ ինքն է հաղթելու: Մոտավորապես 45-50 հազար ընտրող կլինի, այնպես որ` բավականին թեժ են լինելու ընտրությունները, մրցապայքարը»,- ասաց Նազարեթյանը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի թիմին, ըստ նրա, այն բավականին հաջող է ընտրված: «Արժանի մարդիկ են ընդգրկված, համարյա ամեն օր հանդիպում ենք բավական մեծ կոլեկտիվների հետ, ինչ հնարավոր է, անում ենք, հնարավոր բոլոր տարբերակներն օգտագործում, ունենում ենք նաև բակային հանդիպումներ: Անձամբ ես, ինչպես նաև կուսակցական գործընկերները, գոհ ենք, որովհետև պլանավորված, առանց ավելորդ բաներ խոստանալու մշակված սցենար ունենք»,- ասաց Նազարեթյանը:
Նրա խոսքով՝ բնակիչների հետ հանդիպումների ընթացքում հիմնական բանախոսները լինում են ցուցակում ընդգրկված թեկնածուներից առաջին երեքը:
«Ես` որպես սեյսմիկ ծառայության աշխատակից, ով բավական լավ գիտի քաղաքաշինական, սոցիալական խնդիրները, ներկայացնում եմ մեր ծրագրի խոշոր դրույթները՝ չորս մասի բաժանելով: Գիտաշխատող լինելս օգնում է խոսել փաստերի լեզվով: Սիրում եմ փաստեր բերել, ինչը ժողովրդի կողմից ավելի ընկալելի է ու համոզիչ»,- ասաց Նազարեթյանը:
Ըստ նրա` Գյումրիում առկա խնդիրները կարելի բաշխել մի քանի խմբի, որոնց մեջ առաջնային են համարվում քաղաքային բյուջեին վերաբերող հարցերը: «Կարևոր է քաղաքի բյուջեի խելացի ու արդյունավետ ծախսումը: Մեր բյուջեն 3, 6 միլիարդ դրամ է, որը շատ քիչ է, և մեծ մասը գնում է աշխատավարձերի վրա: Համայնքապատկան կառույցները շատ են` մանկապարտեզներ, սպորտային դպրոցներ և այլն: Այդ բոլորին պետք է անպայման հատկացումներ լինեն: Արդյունքում` մեծ գումար չի մնում, և պետք է գումարներն արդյունավետ ծախսել: Գյումրիում առկա են ամենօրյա խնդիրներ, որոնք պայմանավորված են Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական վիճակով, հասարակարգի փոփոխություններով: Դրան գումարվել են նաև երկրաշարժի հետևանքները, որովհետև երկրաշարժի հետևանքների վերացումը չի իրականացվել ամբողջությամբ»,- նշեց Նազարեթյանը:
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ քաղաքում խնդիրները բազմազան են: «Շատ խնդիրներ կան, օրինակ՝ կոյուղու հետ կապված, Կումայրու արգելոցի 1200 կամ 1400 շենքերի հետ կապված, տնակային թաղամասեր կան, դրանք լուծման կարիք ունեն: Շեշտեմ նաև, որ Զարգացման ու վերակառուցման եվրոպական բանկը 23,5 մլն եվրոյի ծրագիր է տվել, որի իրականացումը սկսվել է արդեն. ավագանին պետք է հետևի, որ այդ ծրագիրն արդյունավետ իրականանա: Հազար ու մի խնդիր կա, բայց, քաղաքաշինությանը մոտ լինելով, ասեմ, որ անպայման պրոբլեմներ կծագեն` ծրագրի իրականացման հետ կապված: Տեսեք` տասը փողոց պիտի այդ վարկային ծրագրով լրիվ վերակառուցվի, բայց երեք տարի հետո պետք է սկսվի քաղաքի կոյուղագծերի վերականգնումը: Հիմա ասֆալտեն փողոցները, հետո նորից քանդեն` դա լուրջ խնդիր է, պետք է խելացի լուծումներ առաջադրվեն,- ասաց Նազարեթյանը և խոսեց նաև մյուս խնդիրների մասին:- Երրորդ խնդիրը ֆինանսական միջոցների հայթայթումն է: Ես քսանից ավելի միջազգային ծրագրերի եմ մասնակցել, գիտական հինգ ծրագրերի ղեկավար եմ եղել ու հասկացել եմ, որ փող հայթայթելն այդքան բարդ չէ, ավելի կարևորը հիմնավորված, համոզիչ ծրագիր գրելն է: Պետք է փորձել, օգտագործելով ՀՅԴ-ի արտասահմանյան կապերը, լավ ծրագիր ներկայացնել, ու դրանից հետո հաստատ կլինի համապատասխան ֆինանսավորում: Քույր քաղաքների սխեման օգտագործելով ևս` կարելի է ծրագրերի իրականացմանը հասնել: Չորրորդ խնդիրն այն է, որ Հայաստանում սպասվում են լուրջ տնտեսական փոփոխություններ, և այս ամենից Գյումրին պետք է անմասն չմնա»:
Ի դեպ, Նազարեթյանը նշեց նաև, որ, լինելով անկուսակցական, սիրով է համաձայնել համագործակցել ՀՅԴ-ի հետ: «Ես քաղաքի ակտիվ մտավորականներից եմ, երեք անգամ փորձել եմ ԱԺ պատգամավոր դառնալ: Ասեմ, որ համագործակցող տեսակ եմ, ու երբ ինձ առաջարկեցին համագործակցել, համաձայնեցի, քանի որ գիտեի՝ ում հետ եմ համագործակցում: Ուրիշ առաջարկներ էլ են եղել, բայց ես ընտրեցի Դաշնակցությունը: Ելնելով դաշնակցականների երեք կարևոր քաղաքական գծերից՝ ընտրել եմ Դաշնակցությունը: Առաջինը, որ մինչև հիմա դաշնակցականները ընտրակաշառքով չեն զբաղվել, այդ բանից խուսափում են, միշտ մոտ են եղել հաղթանակին՝ առանց կոպեկ ծախսելու: Երկրորդը՝ դաշնակցականները մեծ ավանդ ունեն հատկապես երկրի անվտանգության, սահմանները պահելու հարցում: Դաշնակցականները ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իրենց շատ բարձր պահեցին, առանց որևէ մեկի հորդորի, կուսակցության որոշմամբ գնացին դիրքերը պահելու: Դա մեծ արժեք է: Երրորդն այն է, որ դաշնակցականների քայլերն ավելի հիմնավորված են, քան ուրիշներինը, ովքեր փուչիկներ են խոստանում, բայց հենց ասեղը կպչում է, դրանք պայթում: Բացի այս ամենից` ես տեսա, որ ցուցակում լուրջ մարդիկ են ընդգրկված, համաձայնեցի»,- եզրափակեց մեր զրուցակիցը: