կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-13 10:38
Հասարակություն

Նախ ասֆալտապատում են, հետո ջրմուղը քանդում է ասֆալտը, պետք է հակառակը լինի. Գյումրու ավագանու ՀՅԴ-ական թեկնածու

Նախ ասֆալտապատում են, հետո ջրմուղը քանդում է ասֆալտը, պետք է հակառակը լինի. Գյումրու ավագանու ՀՅԴ-ական թեկնածու

Գյումրու ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակի 5-րդ համարը` «Գյումրու N 8 միջն. դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Համազասպ Խոցանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը գնահատում է արդյունավետ:

«Քարոզարշավը սկսել ենք բուժհաստատություններից՝ այդ ընտրությունը մի փոքր ասոցացնելով մեր` առաջին համարի թեկնածուի բժիշկ լինելու հանգամանքի հետ: Շատ մտերմիկ, ջերմ, առանց ամբիոնի, ժողովրդավարական մթնոլորտում հանդիպեցինք մեր բուժաշխատողների հետ  ու  փորձեցինք նրանց ներկայացնել մեր  ծրագրային  դրույթներից որոշակի մասեր, փորձեցինք հասկանալ՝ նրանք ինչ խնդիրներ ունեն՝ որպես պարզապես քաղաքացիներ և որպես բուժհաստատության աշխատողներ: Փորձեցինք հասկանալ՝ ինչ ակնկալիքներ ունեն ՀՅԴ-ից: Բնականաբար, համապետական խնդիրների համատեքստում են խնդիրները»,- ասաց Խոցանյանը՝ տեղեկացնելով, որ բուժաշխատողների հետ հանդիպումը եղել է օրենքով սահմանված ընդմիջման հաշվին:

«Մենք առանձնացրել ենք խնդիրներ, որոնք համայնքային են, և խնդիրներ, որոնք համապետական համատեքստում են: Գումարած այդ ամեն  ինչին` մենք հանրությանը ներկայանում ենք  որպես սահմանադրական բարեփոխումների նախաձեռնող և անցկացնող: ՀՅԴ-ի վաղեմի նպատակներից մեկը  սահմանադրական բարեփոխումներն են և խորհրդարանական կառավարման անցումը: Մենք հասել ենք դրան, և դրա ածանցյալն է Գյումրու ընտրությունները համամասնականով անցկացնելը»,- նշեց թեկնածուն:

Նա, ի թիվս համայնքային այլ խնդիրների, առանձնացրեց տրանսպորտի խնդիրը: «18:00-19:00-ից  հետո ծայրամասերում բնակվող քաղաքացին հնարավորություն չունի տրանսպորտով հասնելու տուն, ստիպված է օգտվել կա\'մ տաքսուց, կա\'մ էլ այլ մեքենայով հասնել տուն: Հաջորդ կարևոր խնդիրը աշխատատեղերի, փոքր ու միջին բիզնեսի  զարգացմանը վերաբերող հարցերն են: Նրանց արտադրանքի սպառմանն ենք ուզում նպաստել: Կարևորել ենք նաև գալիք վարկային միջոցների ճիշտ տնօրինումը: Պայքարելու ենք, որ չլինի այն, ինչ եղել է` սկզբից ասֆալտապատեն, հետո ջրմուղը քանդի էդ ասֆալտը, որ իր ծրագիրն անի, խողովակներ անցկացնի, վերջում էլ նորից համայնքապետարանը իր բյուջեից միջոցներ տրամադրի: Պետք է լինի հակառակը`  ի սկզբանե ջրմուղը  ներկայացնի իր անելիքները, հետո նոր  ասֆալտապատում լինի»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ միջոցները պետք է նպատակային և խնայողաբար ծախսվեն:

«Խնայված միջոցներով նաև երկրորդական փողոցները պետք է ասֆալտապատվեն, որով ևս կնպաստենք գյումրեցու հավատի վերականգնմանը, որ արտագաղթելուց առաջ գուցե գյումրեցին ասի՝ եկեք ճամպրուկներս այն կողմ դնենք»,- նշեց Խոցանյանը:

Նրա խոսքով՝ քարոզարշավի նպատակն այն է, որ հուսալքված գյումրեցու մեջ հույս արթնացնեն: Շատ  դեպքերում գյումրեցին սոցիալական խնդիրներից չէ, որ վախենում է, նա ավելի շատ վախենում է արդարություն բացակայությունից: «Գյումրեցին  ընդդիմադիր չէ,  շատ էլ լավ իր պետության ու իշխանության կողքին է, պարզապես, տեղեր կան, որ գյումրեցու հույսը կոտրվել է, և չի հավատում, որ արդարությունը կվերականգնվի: Մենք փորձում ենք գյումրեցու մեջ արթնացնել այդ հույսը»,- եզրափակեց Համազասպ Խոցանյանը: