կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-27 20:01
Քաղաքական

Ինձ հոգեհարազատ են ՀՅԴ գաղափարները. ռեյտինգային ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու

Ինձ հոգեհարազատ են ՀՅԴ գաղափարները. ռեյտինգային ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու

Գեղարքունիքի մարզում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է 12 թեկնածու: Թեկնածուներից` անկուսակցական Սարիկ Բարսեղյանը զրուցել է Yerkir.am-ի հետ: 

Իր` ՀՅԴ ցուցակով առաջադրվելը նա բացատրում է նրանով, որ իրեն հոգեհարազատ են Դաշնակցության գաղափարները: «Դեռ փոքր հասակից լսել եմ դաշնակցականների հերոսությունների մասին, և որ Դաշնակցությունը միշտ եղել է մեր երկրի անկախության պայքարի ակունքներում»,- ասաց Սարիկը, ապա հավելեց. «Այսօր արդեն քաջածանոթ լինելով մեկհարյուրամյակից ավելի պատվով գործող Դաշնակցության պատմությանն ու գործունեությանը, գաղափարախոսությանը` մեծագույն ցանկություն և պատրաստակամություն եմ հայտնում մասնակցելու Դաշնակցության նախանշած ծրագրային բոլոր նախաձեռնություններին, քանի որ դրանք համապատասխանում են իմ համոզմունքներին, քաղաքական մոտեցումներին»:

Ըստ Բարսեղյանի` իրենք տանելու են ազնիվ նախընտրական պայքար, որն էլ լինելու է  իրենց հաղթանակի գրավականը: «Մենք դեմ ենք ընտրակաշառքներին` առհասարակ, ինչպե՞ս կարելի է ձայնը գնել կամ վաճառել: Որևէ ստահոդ «փաստով» չենք նսեմացնելու, չենք արատավորելու մյուս կուսակցություններին, աշխատելու ենք ժողովրդի հետ, ժողովրդի համար»,- ընդգծեց նա:

Հարցին` նախընտրական պայքարում քաղաքական ուժերը ոչ թե խոսում են իրենց ծրագրերից, այլ նախընտրում են այլ ուժերի վրա ցեխ շպրտել, թեև մեր զրուցակիցը նշում է, որ իրենք պայքարի այդ ձևը չեն ընտրելու, այդուհանդերձ, ինչո՞վ են պատասխանելու իրենց դեմ տարվող հակաքարոզչությանը, Բարսեղյանն արձագանքեց. «Նման փորձեր շատ են արվում, կոալիցիոն հուշագիրն են շահարկում, բայց ՀՅԴ-ն ապացուցել է, որ հավատարիմ է իր տեսակետներին, իր գաղափարներին: Այդ հուշագիրը ստորագրվել է, և դրանով Դաշնակցությունն իր դրույթներն է իրականություն դարձրել, համակարգ է փոխվել, մի շարք փոփոխություններ են իրականացվել, որը ՀՅԴ-ի ձեռքբերումն է»:

Նրա խոսքով` իրենց 12 հոգանոց թիմում մաքուր կենսագրություն ունեցող մարդիկ են, և բոլորի նպատակը մեկն է` շատ ձայներ ապահովել կուսակցության համար:

Բարսեղյանը համոզված է, որ այս անգամ ՀՅԴ-ն ավելի շատ ձայներ է ստանալու: «Երկրում լուրջ փոփոխությունների հիմքը դրել է հենց Դաշնակցությունը, և վստահ եմ, որ Ազգային ժողովում այս կուսակցությունն ավելի շատ ներգրավվածություն է ունենալու: Պետք է այդպես լինի, որպեսզի սկսած փոփոխությունները տրամաբանական շարունակություն ունենան»: