կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-08 16:27
Առանց Կատեգորիա

Չպարզաբանված, բայց կանխատեսելի հրաժարական

Չպարզաբանված, բայց կանխատեսելի հրաժարական

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2,5 տարվա պաշտոնավարումից հետո և 2017թ. խորհրդարանական ընտրություններից ընդամենը 9 ամիս առաջ հրաժարական տվեց: Ըստ 2015թ. հանրաքվեով ընդունված Սահմանադրության 149-րդ հոդվածի երկրորդ կետի՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալուց և կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցությունները պետք է առաջադրեն վարչապետի թեկնածուներ: Վարչապետն ԱԺ-ի կողմից ընտրվում է պատգամավորների ընդհանուր ձայների մեծամասնությամբ: Սա նշանակում է, որ նոր վարչապետը ոչ թե նշանակվելու է, այլ ընտրվելու է ԱԺ-ի կողմից: 

Չնայած Աբրահամյանի հրաժարականի պատճառների վերաբերյալ տարատեսակ վարկածներին` պաշտոնապես դեռևս որևէ կոնկրետ պարզաբանում չի հնչել: Պետք է ենթադրել, որ երբ ՀՀ նախագահը կընդունի վարչապետի և կառավարության հրաժարականը, այս առումով որոշակի հստակություն կմտցնի: Հրաժեշտի ելույթում Հովիկ Աբրահամյանն ընդամենը նշել է, որ «պետք է մտածել բոլորիս հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբել հասարակությանը»:

2011թ. դեկտեմբերին Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու նպատակով, ինչի մասին հայտարարվում էր բացահայտ: Սակայն, չնայած մամուլում շրջանառվող լուրերին, թե  նա նաև վարչապետի պաշտոնից է հրաժարական տալիս 2017թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի նախընտրական շտաբը ղեկավարելու նպատակով, այդ մասին հրաժեշտի ելույթում Աբրահամյանը որևէ ակնարկ չարեց: Չի բացառվում, որ հրաժարականի հիմնական պատճառը կամ պատճառներից մեկն իսկապես դա է, բայց այդ մասին ո\'չ նա և ո\'չ էլ ՀՀԿ-ական ակտիվը չեն բարձրաձայնում՝ պետական առանցքային պաշտոնը կուսակցության շահերին և նախընտական շտաբին ստորադասելու համար նոր քննադատության չենթարկվելու  նկատառումով:

Անկախ դրանից` այս հրաժարականը շատ ավելի խորքային պատճառներ ունի, որոնք առաջին հերթին պայմանավորված են հասարակություն-իշխանություն փոխանվստահության ճգնաժամով, որն առավել սրվեց ապրիլյան պատերազմից հետո և նյութականացվեց հուլիսին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Էրեբունու ՊՊԾ գնդի գրավմամբ  ու հասարակության մի մասի կողմից այդ գործողության արդարացմամբ: Հովիկ Աբրահամյանի հրաժարականը միտված է այդ ճգնաժամը հաղթահարելուն: Թերևս հենց դա նկատի ուներ այլևս նախկին վարչապետը, երբ շեշտում էր «հասարակությանը համախմբելու» նոր կառավարության անելիքը: Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ինչ-որ իմաստով զոհաբերվեց այդ ճգնաժամի հաղթահարմանը: Առավել ևս, որ թե\' «Սասնա ծռերի» և թե\' նրա համախոհների հիմնական պահանջներից մեկը գործող կառավարության հրաժարականն էր և նոր՝ «ազգային համաձայնության» անցումային կառավարության ձևավորումը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից զենքը վայր դնելու և իրավապահներին հանձնվելուց հետո իշխանական իսթեբլիշմենթի հետ օգոստոսի 1-ին ունեցած հանդիպման ժամանակ իր ելույթում էր ակնարկել կառավարության հնարավոր փոփոխության մասին: «Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Սակայն արդյո՞ք Հովիկ Աբրահամյանի հրաժարականը տեղի է ունենում հենց «ազգային համաձայնության կառավարության ձևավորման» նպատակով: Դրա մասին հրաժեշտ տված վարչապետն իր խոսքում ոչինչ չի ասում: Համաձայնությունների ձեռք բերմանն ուղղված հանդիպումներ ու բանակցություններ դեռևս տեղի չեն ունեցել: Սա հուշում է, որ ՀՀԿ-ն գուցե այդ տիպի կառավարության ձևավորումը թողնում է խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ ներկա փուլում նոր կառավարությունը պարզապես անցումային բնույթ է ունենալու: Իսկ ինքնին Աբրահամյանի հրաժարականն անհրաժեշտ համարվեց հասարակության ներսում կուտակված բացասական լիցքերն ընտրություններից առաջ թուլացնելու և նոր սպասումներ առաջացնելու համար, թեև դժվար չէ չնկատել, որ հասարակությունը ոչ այնքան կառավարության և անձերի տեխնիկական փոփոխության, այլ համակարգային ու խորքային բարեփոխումների սպասումներ ունի:

Ինչևէ, հրաժեշտի ելույթի կեսը Հովիկ Աբրահամյանը նվիրել էր իր երկամյա գործունեության ընթացքում ունեցած ձեռքբերումներին: Մի կողմ թողնելով այն իրողությունը, որ ավելի ճիշտ կլիներ, որ իր գործունեության և արդյունքների գնահատականը հեռացող վարչապետը լսեր հասարակությունից  և նրան այդ պաշտոնում պաշտպանած քաղաքական ուժի կողմից, սակայն նման ոճով ելույթով հանդես գալն ինչ-որ չափով պաշտպանվելու, արդարանալու տպավորություն է ստեղծում: Այնպիսի տպավորություն է, որ Հովիկ Աբրահամյանը ոչ միայն փորձում է իրեն պաշտպանել ապագա քննադատությունից, այլև քավության նոխազ դառնալու հեռանկարից: Պատահական չէ, որ ելույթը եզրափակում է հետևյալ մտքով. «...Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ համատեղ աշխատանքի համար և հայտնել, որ, որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակից, ես կշարունակեմ հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու` իմ առաքելությունը»:

Հետաքրքրական է նաև, որ այլևս նախկին վարչապետը խոսում է ոչ թե ՀՀԿ-ի և իշխանության շջանակներում, այլ, առհասարակ, «քաղաքական կյանքի» ակտիվ մասնակից մնալու մասին: Արդյո՞ք նման ձևակերպումներից կարելի է եզրակացնել, որ Աբրահամյանն ինչ-որ իմաստով իր քաղաքական թիմից նեղացածություն է արտահայտում, իրեն օտարում ՀՀԿ-ից, անհամաձայնություն արտահայտում իր հրաժարականի խնդիրն օրակարգ բերելու կապակցությամբ և ուզում հասկացնել, որ ցանկության դեպքում կարող է «հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու առաքելությունը» «քաղաքականապես ակտիվ» կատարել նաև իշխանության դաշտից դուրս: Եթե այդպես է, ապա սա կարող է խոսել ներիշխանական որոշակի խմորումների մասին:

Անկախ դրանից, սակայն, փաստ է, որ երկու տարվա ընթացքում կառավարության երկրորդ հրաժարական է տեղի ունենում: Սա երկրի քաղաքական, հասարակական և սոցիալ-տնտեսական անկայունության ինդիկատոր է: Հայաստանը, սակայն, մտնում է էլ ավելի անկայուն իրականություն: 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո ստիպված կլինի հրաժարական տալ նաև, եթե ճիշտ են պնդումները, Կարեն Կարապետյանի ձևավորելիք կառավարությունը: Եվս մեկ հրաժարական` Սահմանադրության ուժով, տեղի կունենա նաև 2018թ. ապրիլ-մայիսին, երբ կավարտվի գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը: Ու ստացվում է, որ, սկսած 2014թ., հինգ տարվա ընթացքում Հայաստանում չորս կառավարություն է փոխվում՝ երկիրն այդ ընթացքում թողնելով կարճաժամկետ ծրագրերի շրջափուլում, իսկ կառավարման համակարգը՝ անդադար վերափոխումների ենթարկվելու նյարդայնացնող սպասումներում: Պետք է հույս ունենալ, որ այս գործընթացներն իսկապես կծառայեն երկրում արմատական,  համակարգային փոփոխությունների հանրային ակնկալիքների բավարարմանը և ներկայիս վստահության ճգնաժամի հաղթահարմանը:

Գևորգ Դարբինյան