կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-28 15:23
Հասարակություն

Կանխատեսելի էր այդ ցուցանիշը. Անահիտ Հարությունյանը՝ բուհերում 60 տոկոս թափուր տեղերի մասին

Կանխատեսելի էր այդ ցուցանիշը. Անահիտ Հարությունյանը՝ բուհերում 60 տոկոս թափուր տեղերի մասին

Կրթության միջազգային ակադեմիան ուսանողների թվաքանակի նվազելու հետ կապված որևէ խնդիր չի տեսնում, քանի որ նախկինում մշակած ռազմավարության արդյունքում կանխատեսել էր այդ ցուցանիշը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանն՝ անդրադառնալով այս տարի հայաստանյան բուհեր ընդունված ուսանողների քանակի նվազման խնդրին:

Նշենք, որ 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության քննությունների ամփոփումից պարզ է դարձել, որ բուհերում հատկացված տեղերի մոտ 60 տոկոսը թափուր է մնացել:

Հարությունյանի խոսքով՝ նման ցուցանիշը նախևառաջ պայմանավորված է ազգաբնակչության թվի նվազման, ինչպես նաև Հայաստանում աննախադեպ մեծ թվով բուհերի առկայության հետ: Ըստ նրա՝ այս ցուցանիշը չի կարող աղետալի լինել բուհի համար, եթե բուհը գոնե երկու տարի առաջ նախապատրաստվել է դրան:

«Որքան մարդ կա, ով ցանկանում է ստանալ բարձրագույն կրթություն, ըստ էության, կարող է ստանալ, այսինքն` տեղերը շատ են, իսկ դիմորդները` քիչ: Սակայն 10-15 տարի առաջ իրավիճակն այլ էր. հայտարարված էր մրցույթ, շատերն էին ուզում ընդունվել այս կամ այն մասնագիտությամբ, սակայն տեղերը բավարար չէին, իսկ այսօր տեղերը շատ են, դասախոսական կազմը կա, իսկ ուսանողները քիչ են»,-ասաց նա՝ ցավով փաստելով, որ նման իրավիճակում շատ դասախոսներ մնալու են առանց աշխատանքի:

«Հայտնի է, որ բուհերի համակազմը համալրվում է հիմնականում ավագ դպրոցն ավարտած շրջանավարտների հաշվին և, եթե դիմորդների թիվը համեմատենք ավագ դպրոց գնացած աշակերտների թվի հետ, պատկերը բնական կլինի»,-ասաց նա:

Հարությունյանի խոսքով՝ պետությունն այս իրավիճակում արդեն ոչինչ չի կարող անել, քանի որ ամեն ինչ պետք է արվեր ժամանակին՝ նախապես: «Երբ որ պատասխանատու մարմինները տեսնում են, որ ՀՀ –ում գնալով պակասում է բնակչության թիվը, նվազում են մարդկանց եկամուտները, ֆինանսական ռեսուրսները և այդ ֆոնին գրեթե ամեն տարի նոր բուհեր են բացվում, բավական շքեղ ու գրավիչ անուններով նոր համալսարաններ, ապա ինչ-որ բան պետք է ձեռնարկվեր»,-ասաց նա՝ հավելելով, որ պետությունն իր հստակ դիրքորոշումը պետք է ունենար մինչ այսօր:

Հարությունյանը տեղեկացրեց, որ Կրթության միջազգային ակադեմիայի բազային ավագ դպրոցի շրջանավարտներից ոչ ոք այս տարի հայկական ազգային բուհերից որևէ մեկը չի դիմել: Նրա խոսքով՝ ավագ դպրոցի շրջանավարտների 20 տոկոսն ընդունվել է Ամերիկյան համալսարան, 25 տոկոսը՝ Ֆրանսիական համալսարան, 12 տոկոսը «Հայբուսակ» համալսարան, շրջանավարտներից մի քանիսն ընդունվել են Եվրոպայում և ԱՄՆ-ում գործող բուհեր:

Նրա խոսքով՝ այս ցուցանիշը պայմանավորված է տվյալ բուհերի ցույց տված արդյունքներով: «Ամերիկյան կամ ֆրանսիական համալսարաններն ավելի քիչ տեղեր ունեն, քան մեր պետական համալսարաները, իսկ դեպի այդ բուհեր ձգտումը հայ երիտասարդների՝ պայմանավորված է այդ բուհերի արդյունավետությամբ»,-ասաց նա:

Անահի Հարությունյանը նաև համոզմունք հայտնեց, որ Հայաստանը շատ վաղուց կարող էր դառնալ տարածաշրջանում խոշոր բարձրագույն կրթական կոնտրոն: «Գաղտնիք չէ, որ մենք մեծ մտավոր պոտենցիալ ունենք, բայց այսօր գիտահետազոտական կենտրոններ ենք փակում, մինչդեռ այդ մարդկանց կարիքն ունենք»,-ասաց նա՝ հավելելով, որ կարելի է արտերկրից ժամանած ուսանողների հաշվին լրացնել թափուր տեղերը: