|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն և հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի հետ։ Նրա ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է «Ֆրանկ Մյուլլեր»-ի տարբեր մասնաբաժիններում, եղել ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Վարդան Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, մասնավորապես՝ նրա կողմից Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերը։
Շվեյցարահայ գործարարն իր հերթին ասել է, որ ինքն ու որդիները պատրաստ են տարբեր ծրագրերի միջոցով ընդլայնել իրենց մասնակցությունը Հայաստանի և Արցախի զարգացմանը:
Նշելով, որ արտասահմանյան այցերի ընթացքում իր պարտքն է համարում մշտապես խոսել ու պատմել Հայաստանի մասին, նախագահ Սարգսյանը գերխնդիր է դիտարկել Հայաստանը ներդրողների համար գրավիչ երկիր դարձնելը։
«Մենք պետք է կարողանանք կառուցել կայուն և կանխատեսելի երկիր, որտեղ հնարավոր է երկարաժամկետ ծրագրեր պլանավորել ու հաջողությամբ իրագործել»,-ընդգծել է Հանրապետության նախագահը։ Նա նաև կարևորել է սփյուռքի երիտասարդ սերնդի ակտիվ կապը հայրենիքի հետ, նրա ներգրավվածությունը Հայաստանի զարգացման ծրագրերին։