Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում հանձնարարական ուղղեց բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրների վերացման վերաբերյալ:
Վարչապետի խոսքով` սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարում ունեն բժշկական-սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովները:
«Չնայած նախկին ձեռնարկած որոշ միջոցներին` ներկայումս գործող կարգավորումները, ինչպես նաև նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար են: Մասնավորապես` հանձնաժողովների գործունեության մեջ նվազագույնի հասցված չէ սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը, հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ և կանխատեսելի չէ: Լիարժեք չէ հաշմանդամության ճանաչման գործընթացի կազմակերպման և մոնիտորինգային համակարգը»,- ասաց Կարապետյանը:
Վարչապետը աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարներին հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես փոփոխմանն ուղղված առաջարկություններ`հստակ անդրադարձ կատարելով փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերին, մոնիտորինգային համակարգին և բժիշկ փորձագետին ներկայացվող պահանջների վերանայման ոլորտային պատասխանատվության շրջանակի հստակեցման, ինչպես նաև գործընթացի թվայնացման և էլեկտրոնային առողջապահության համակարգին համակցման հարցերին:
«Նախնական քննարկել ենք սա աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարների հետ, այն ուրվագիծը, որ իրենք առաջարկում են, սկզբունքորեն, որակապես փոխելու է այդ ոլորտը, այնպես որ` մեկ ամսվա ժամկետի մեջ վստահ եմ, որ կստանանք նոր խաղի կանոններ»,- ասաց Կարապետյանը: