Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կենտրոնական բանկը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ բանկի խորհուրդը նիստի ընթացքում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1.75 տոկոսային կետով՝ սահմանելով 8.50%: ԿԲ հաղորդագրության մեջ ասվում է. «2014 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.9%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 2.6%:
Արտաքին հատվածում վերջին զարգացումներն հիմնականում արտահայտվել են ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի արագացմամբ, որի ներքո ձևավորվել են ԱՄՆ-ում տոկոսադրույքների հետագա բարձրացման սպասումներ: Վերջինս պատճառ հանդիսացավ զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի դեպի ԱՄՆ, որը նպաստեց հիմնական զարգացող երկրների տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը և արժույթների արժեզրկմանը:
Գրեթե բոլոր զարգացող երկրներն այս երևույթին արձագանքեցին տոկոսադրույքների որոշակի աճով՝ զսպելով գնաճային ճնշումները: Տարածաշրջանում այս ամենին լրացրեց հումքային շուկաների, հատկապես նավթի, գնանկումը և աշխարհաքաղաքական հիմնախնդիրները, որոնք նպաստեցին ՌԴ տնտեսության նկատմամբ բացասական սպասումների ձևավորմանը և ռուբլու ու այլ հետխորհրդային երկրների արժույթների արժեզրկմանը:
Համաշխարհային տնտեսության և տարածաշրջանի վերոնշյալ զարգացումների ազդեցությունն արտացոլվել է նաև ՀՀ տնտեսությունում, որտեղ արտաքին աշխարհից ստացվող արտարժութային հոսքերի կրճատումը արժեզրկման ճնշումներ ստեղծեց արժութային շուկայում: Դրամի արժեզրկման հետևանքով տեղի ունեցած որոշ ապրանքների թանկացման արագությունը բնակչության մոտ ապակայունացրեցին գնաճային սպասումները, որը բերեց ապրանքային և արտարժութային պահանջարկի կտրուկ ավելացմանը և զգալի լրացուցիչ գնաճային ճնշումների:
Չնայած ակնկալվում է, որ տարեվերջին 12-ամսյա գնաճը դեռևս կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում, սակայն ապագա գնաճային ճնշումները մեղմելու և առկա գնաճային սպասումները նպատակային ցուցանիշի շուրջ խարսխելու նպատակով ՀՀ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ կամ նվազեցմամբ ԿԲ-ն պայքարում է գնաճի դեմ: Այստեղ գործում է փոխանցման մեխանիզմը: Այսինքն` վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումն ավելի մատչելի է դարձնում վարկային ռեսուրսները, ինչն էլ, իր հերթին, աշխուժացնում է տնտեսությունը: Իսկ այս դեպքում ԿԲ-ն, բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, դանդաղեցնում է տնտեսության աճի տեմպը: Տվյալ դեպքում գնաճը շեղվել էր թույլատրելիի մակարդակից, ինչը բնակչությանը դժվարությունների առջև կկանգնեցներ: Այս քայլով ԿԲ-ն փորձում է զսպել գնաճը` պահելով այն 4% պլյուս, մինուս 1%-ի միջակայքում: