Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սիրիայի դեմ կիրառելի զինվորական միջամտությունը հետզհետե տեսանելի է դառնում: Երեւույթները մտածելու տեղիք են տալիս, որ ծայրահեղ զգուշավորությամբ են շարժվում գործողություն կազմակերպող ուժերը: Այստեղ ՄԱԿ-ից անջատ եւ թեկուզ հակառակ միջազգային ընտանիքի կողմից ընդունվելիք որոշման բացակայության, արեւմտյան ուժերն ու ՆԱՏՕ-ն որոշել են պատժիչ գործողության իրականացումը:
Անվճռականության տեսքով հանդես է գալիս Սիրիայի հարցում մինչ այդ ավելի վճռորոշ դերակատարություն ստանձնած, տարածաշրջանում իր կարեւորագույն հենարանը չկորցնելու տեղի չտալու վարքագծով հատկանշված Մոսկվան, որ մի քայլ առաջ, երկու քայլ հետ մարտավարական քայլեր է ցուցադրում աշխարհին: Եթե մի կողմից հայտարարում է, որ Ռուսաստանը չի միջամտում Սիրիայի դեմ սանձազերծելի պատերազմին, մյուս կողմից զգուշացնում է նման նախաձեռնության դիմողներին անկանխատեսելի հետեւանքներից: Առանց առաջին բաժինը հայտարարելու, երկրորդ զգուշացումն է կատարում նաեւ շրջանային կարեւոր ուժ Իրանը, որ այս դեպքում Սիրիայի մերձակա շրջանում, ի դեմս Հեզբոլլահի, ունի տեղակայված զորամիավորում: Հետաքրքիր է նաեւ Հեզբոլլահի հայտարարությունը այն առումով, որ եթե գործողությունները պիտի անցնեն սահմանափակվածության գծերը եւ վերածվեն գետնի վրա ուժերի հավասարակշռության փոփոխոթյան, այդ դեպքում Հեզբոլլահը եւս կներգրավի պատերազմին:
Մի պահ կենտրոնանանք հայտարարության այս բաժնի վրա, որ որոշակի մեկնաբանությունների դուռ է բացում: Հայտարարությունը փորձենք տարբաղադրել, սկսելով եզրակացության բաժնից: Հեզբոլլահը կներգրավվի պատերազմին եւ մասնակցություն կունենա, եթե գետնի վրա ուժերի հավասարակշռության փոփոխության միտող գործողություններ իրականան: Սա նշանակում է, այս անգամ նկատի ունենալով առաջին բաժինը, որ ըստ բանաձեւված բնութագրի գործողությունները եթե լինեն սահմանափակ, պատժիչ, «դաստիարակիչ» կամ կանխազգուշացնող, ապա Հեզբոլլահը չի ներգրավվի պատերազմին:
Ուղերձը խառն է եւ միանշանակ իմաստ չունի: Քանի որ, Հեզբոլլահը շրջանային պատերազմի ներգրավվելու մասին հայտարարություն է կատարում միայն համաձայնաբար շրջանային գերուժ Իրանի հետ: Ուրեմն, այստեղ խոսքը Իրանի ներգրավվածության պայմանականության մասին է: Իսկ Իրանը միաժամանակ ասում է այն, ինչ որ Ռուսաստանն է հայտարարում, այսինքն չի ներգրավվում պատերազմին, եթե վարչակարգի տապալումը չէ անմիջական նպատակը նրա: Չմոռանանք սակայն Իրանի զգուշացումը՝ անկանխատեսելի հետեւանքներից:
Իսկ հիմա մտածենք նաեւ, որ եթե պատժիչ գործողությունները անկանխատեսելի հետեւանքների ռիսկայնության բարձր հավանականությունը առանց չեզոքացնելու կդիմե՞ն քայլի: Չերեւացող, լուռ համաձայնություններ կան այս բոլորի մեջ: Միջերկրականյան ծովերի խորքերը, Սիրիայի մերձակա ջրերում եթե մինչեւ հիմա Մոսկվային էր պատկանում ռազմանավեր տեղակայած լինելու մենաշնորհը, հիմա նաեւ ամերիկյան ռազմանավեր են ծփում ջրային միեւնույն տարածքների վրա:
Երեւույթները մտածելու տեղիք են տալիս, ուրեմն, որ Մոսկվայի եւ Իրանի միջին արեւելյան կարեւորագույն հենարանի նկատմամբ սահմանափակ գործողությունների իրականացման կանաչ լույսը կտրվի միայն կանխատեսելի հետեւանքների տեսանելիության ապահովմամբ. գեթ այս հանգրվանին:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր