Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր, որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար, զբաղեցրած պաշտոններից ազատել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին։ Պաշտպանության համակարգում կատարված այս պաշտոնանկությունները կապ չունեն կադրային վերադասավորումների հետ։ Դրանք, ըստ էության, ապրիլի 2-5-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած պատերազմի արձագանքներն են։ Դրա մասին է խոսում նախ այն հանգամանքը, որ պաշտոնանկությունները փաստացի հաջորդեցին քառօրյա պատերազմին և դրա պատճառահետևանքնային կապերի ուսումնասիրությանը։ Բացի դրանից՝ զբաղեցրած պաշտոններից ազատվեցին մարդիկ, ովքեր անմիջականորեն պատասխանատու էին այն ոլորտների համար, որոնց գործունեությունը, քառօրյա պատերազմի ընթացքի անգամ հպանցիկ, ոչ մասնագիտական դիտարկման պարագայում, բազմաթիվ չպատասխանված հարցեր էին առաջացրել և հանրային քննարկումներում ամենասուր քննադատության առարկան դարձել։ Այս իմաստով կատարվածը սպասելի էր և պահանջված։
Նախագահի այս որոշումը, սակայն, որքան էլ սպասելի, այնուամենայնիվ, ինչ-որ իմաստով ռիսկային է։ Խնդիրն այն է, որ ապրիլի 5-ից հետո ռազմական գործողությունները ԼՂ-ում ոչ միայն չեն ավարտվել, այլև կրակի դադարեցման պայմանավորվածությունների ձեռք բերումից հետո աստիճանաբար ավելի ինտենսիվ ու մասշտաբային են դառնում՝ առօրեական դարձնելով ծանր հրետանու, «Գրադ» համազարկային կայանքների, տանկերի կիրառությունը։ Նախագահն ինքը ամերիկյան «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ լայնածավալ ռազմական գործողություններն ամեն վայրկյան կարող են վերսկսվել։ Նման պայմաններում բանակի ղեկավար կազմում, այն էլ` այսպիսի առանցքային պոստերում կադրային փոփոխությունների գնալը նմանվում է «ընթացքի պահին ձիեր փոխելուն», որին, որպես կանոն, կա'մ չեն դիմում, կա'մ դիմում են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Եթե նախագահը, հաշվի առնելով ստեղծված իրադրության լրջությունը, այնուամենայնիվ, գնում է այս քայլին, պետք է համոզված լիներ, որ այն ոչ միայն համակարգում ցնցումների տեղիք չի տալու և չի խաթարելու բանակի ընդհանուր կառավարումը, այլև օբյեկտիվ անհրաժեշտություն է բանակի մարտունակության, Հայաստանի և Արցախի անվտանգության, պաշտպանության մակարդակը բարձրացնելու համար։ Հետևաբար, այս քայլը պետք է ընդունել որպես թույլ տրված սխալներն ուղղելու, տեղի ունեցածից հետևություններ անելու և, իբրև դրանց հետևանք, համարձակ, ռիսկային, բայց նաև անհետաձգելի վերանայումներ, սրբագրումներ կատարելու դրսևորում։
Մյուս կողմից` որքան էլ այդ կարճատև, բայց արյունալի պատերազմում ԼՂՀ ՊԲ-ն կարողացավ կասեցնել հակառակորդի ներխուժումը, սակայն փաստ է, որ եղել են մեզ համար ցավալի ինչպես մարդկային, այնպես էլ որոշակի դիրքային կորուստներ։ ՀՀ նախագահն ինքն է հաստատել, որ հակառակորդն այդ պատերազմում կարողացել է չնչին, ռազմավարական նշանակություն չունեցող առաջխաղացում ունենալ ԼՂՀ հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով։ Սրանք պատերազմի այնպիսի հետևանքներ են, որոնք հնարավոր չէ անտեսել, հնարավոր չէ թաքցնել հաղթական պաթոսի ներքո, և որոնք դնում էին նման «վիրահատական» միջամտության, կոնկրետ պատասխանատուների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու հրամայականը։ Դա անհրաժեշտ էր, մի կողմից, բանակի և բարձրագույն հրամանատարական կազմի զգոնությունն ու պատասխանատվությունը բարձրացնելու, իսկ մյուս կողմից՝ հանրության մոտ կուտակված` հասկանալի պատճառներով զսպվող դժգոհություններին, սպասելիքներին դրական, ըմբռնողաբար արձագանքելու տեսանկյունից։
Այսպիսի դեպքերում ամենահեշտը քննադատելն է, ըմբոստանալը, «կախաղան հանելու», «նստեցնելու» կոչեր հնչեցնելը, քավության նոխազներ փնտրելն ու վհուկների որս սկսելը։ Բայց դրա ո'չ ժամանակը կա և ո'չ էլ «հավեսը», որովհետև բանակում առկա խնդիրները հրատապ լուծումներ են պահանջում, և այդ խնդիրները չլուծելու տարբերակ, եթե նպատակն առնվազն չպարտվելն է մեզ թելադրվող նոր պատերազմում, ուղղակի չկա։ Դա նաև անհրաժեշտ է բանակի և հատկապես` պետության նկատմամբ հանրային լիարժեք լոյալությունը վերականգնելու համար, առանց որի հնարավոր չէ ոչ միայն հաղթել, այլև անգամ արդյունավետ պատերազմել։
Կարևոր է ևս մեկ հանգամանք`թեև պատերազմական գործողությունները տեղի էին ունեցել ԼՂ-Ադրբեջան սահմանագծի երկայնքով, որի պահպանումն իրականացնում է ԼՂՀ Պաշտպանության բանակը, բայց պաշտոնանկությունները տեղի են ունենում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում։ Սա պատահական չի կարող լինել։ Ուղերձներն առավել քան հասկանալի են։ Առաջին՝ անկախ նրանից, որ Հայաստանի և ԼՂՀ-ի բանակները դե յուրե առանձին սուբյեկտներ, միավորներ են, սակայն դրանք միասնական մեկ օրգանիզմ են, և այդ օրգանիզմի «ուղեղը» գտնվում է Երևանում։ Սրա մեջ կա նաև արտաքին լսարանին ուղղված որոշակի ասելիք։ Երկրորդ՝ Հայաստանը լիարժեք պատասխանատվություն է կրում ՊԲ-ի գործողությունների, արդյունավետության, մարտունակության, սպառազինության, նրա հաջողությունների ու անհաջողությունների համար։ Այս հանգամանքն էական է նրանով, որ եթե կոսմետիկ փոփոխություններ իրականացնելու, հանրության աչքին թոզ փչելու խնդիր դրված լիներ, ապա, բնականաբար, ավելի դյուրին կլիներ բավարարվել` ԼՂՀ ՊԲ ԳՇ-ում նմանատիպ պաշտոնանկություններ նախաձեռնելով։ Բայց դրանք իրականացվում են Հայաստանում, և չպետք է բացառել՝ իրենց շարունակությունը կունենան ԼՂՀ ՊԲ-ում։
Գևորգ Դարբինյան