Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձավ կառավարությունում կադրային փոփոխությունների վերաբերյալ հարցերին: Նրա կարծիքով` առհասարակ, նախընտրական և հետընտրական գործընթացների անբաժան մասն են կադրային փոփոխությունները:
Ինչ վերաբերում է կառավարությունում կադրային փոփոխությունների վերաբերյալ` վերջին օրերի լուրերին, Գագիկ Մելիքյանը նշեց, որ կարդացել է, բայց դրանք ենթադրությունների դաշտում են, որովհետև Հանրապետական կուսակցությունում ու կուսակցության խորհրդի նիստում նման բան չի քննարկվել:
«Կառավարությունում կադրային փոփոխությունները երբևէ չեն բացառվել, որովհետև փոփոխություններն անընդհատ գործընթաց են: Ես միշտ կողմ եմ կադրային փոփոխություն իրականացնելուն: Կարծում եմ, որ կառավարությունն ամեն ինչ արել է տնտեսական աճ ապահովելու նպատակով. տնտեսական դժվար տարի է եղել, և արձանագրվել է կիսամյակի համար 2,2 տոկոս տնտեսական աճ: Իհարկե, տնտեսական աճի նվազման հարցը մտահոգիչ է, և ամեն քայլ պետք է կատարվի, որ տնտեսական ակտիվության ցուցանիշներն աճեն»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի կողմից հայտարարված` ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցին, Գագիկ Մելիքյանի կարծիքով` ազգային համաձայնության կառավարությունը ենթադրում է, որ կառավարության անդամներ կարող են լինել այնպիսի արհեստավարժ մասնագետներ, որոնք վստահության բարձր ցուցանիշ ունեն հասարակության շրջանում, որոնք ներկայացված են տարբեր քաղաքական ուժերում կամ ներկայացված չեն: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` անհրաժեշտ են ինչպես կադրային, այնպես էլ օրենսդրական փոփոխություններ, կոռուպցիայի դեմ պայքար, ինչը կարող է նպաստել տնտեսական աճին:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի` վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին, Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ Կարեն Կարապետյանը շատ արհեստավարժ մասնագետ է, բազմաթիվ լուրջ կազմակերպություններ է ղեկավարել, Երևանի քաղաքապետ է եղել, ՌԴ-ում լուրջ պաշտոն է զբաղեցնում և կարող է դառնալ վստահելի պաշտոնյա:
Իսկ թե արդյո՞ք նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կարող է դառնալ լավ դիվանագետ, եթե նշանակվի ԱԳ նախարարի պաշտոնում, ասաց. «Ես չէ, որ որոշում եմ, թե ով ինչ պաշտոնի կարող է ստանձնել: Բայց Վիգեն Սարգսյանը շրջահայաց, կազմակերպված, կիրթ ու արհեստավարժ քաղաքական գործիչ է, ով կարող է լինել նաև դիվանագետ»:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու մասին լուրերին, ՀՀԿ-ականը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի կողմից վերջին հայտարարությունը եղել է քաղաքականությունից հեռանալու մասին, և քանի դեռ նրա այլ հայտարարություն չի արել, այդ խոսակցություններն ավելորդ են: