կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-14 13:00
Քաղաքական

Կարեն Կարապետյանը տիրապետում է Հայաստանի խնդիրներին. ՀՀԿ-ական պատգամավոր

Կարեն Կարապետյանը տիրապետում է Հայաստանի խնդիրներին. ՀՀԿ-ական պատգամավոր

Նորանշանակ վարչապետը փորձառու մարդ է և տիրապետում է Հայաստանի խնդիրներին. այսօր լրագրողներին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուն։

«Բնական է՝ հիմա վաղ է փոփոխությունների մասին խոսել։ Դեռևս փետրվարի 12-ին, երբ ՀՀ նախագահը ելույթ ունեցավ, արդեն պարզ էր, որ լինելու են փոփոխություններ, նշվեց, որ մեզ՝ ժողովրդիս, և իշխանությանը չեն բավարարում այն տեմպերը,որ ունենք և՛ տնտեսական աճի բնագավառում, և՛ հանրային կյանքը բարելավելու բնագավառում, և այդ տեմպերի հիմնական պատասխանատուն կառավարությունն է՝ վարչապետի գլխավորությամբ։ Հովիկ Աբրահամյանը, ինքն արդեն գոհ չլինելով այն նպատակներից, որ դրել էր իր և իր կառավարության առջև, հրաժարական տվեց։ Նոր վարչապետն առաջիկայում կձևավորի կառավարության նոր կազմը, և կտեսնենք, թե ինչ խնդիրներ կդնի իր առջև նոր կառավարությունը։ Նորանշանակ վարչապետը փորձառու մարդ է և տիրապետում է Հայաստանի խնդիրներին, և ինձ համար անհասկանալի են այն մեկնաբանությունները, թե Կարեն Կարապետյանը աշխատել է Ռուսաստանում, ուրեմն նրան Ռուսաստանից են նշանակել, նրան նշանակել է ՀՀ նախագահը»,-ասաց պատգամավորը։

Իսկ ըստ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բաբայանի՝ Հովիկ Աբրահամյանի կողմից պահպանվել էին այն դրական տեմպերը, որոնք կարող էին կայունություն ապահովել։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի կառավարությունից ակնկալիքներին, նա ասաց. «Բայց 6-7 ամիսների ընթացքում ոչ մեկին չի հաջողվի լուրջ փոփոխության հասնել, սակայն անհնար ոչինչ չկա։ Բարեփոխումները ինչ ուղիով կգնան, ցույց կտա ժամանակը»։