Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության ծրագրային դրույթների` այս կարճ ժամանակահատվածում իրականացվելու դեպքում հնարավոր են դրական տեղաշարժեր. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրին: Նրա խոսքով` դրական փոփոխությունների ակնկալիքներ կան ժողովրդի մոտ: «Այդ ակնկալիքները, համոզված եմ, հիմնականում իրականության կվերածվեն բոլորիս համատեղ աշխատանքի շնորհիվ»,- ասաց պատգամավորը:
Մեր դիտարկմանը՝ կառավարության վեցամսյա այս ծրագիրը նախընտրական քարոզարշավի տպավորություն է թողնում, Մելիքյանն արձագանքեց. «Դրանք ընդամենը տարբեր քաղաքական ուժերի կողմից իրականացվող քարոզչական ձևեր են: Ժողովուրդը շատ շուտ կընկալի, որ այդ քարոզչական ձևերին չպետք է մասնակից լինի»:
Նա նշեց, որ կառավարության կողմից իրականացվող քայլերը, այդ թվում` օրենսդրական դաշտի փոփոխությունները, Ազգային ժողովի վերջին նիստերում կարևոր նախաձեռնությունների` արագացված տեմպերով քննարկումները բիզնեսի համար ստեղծում են արդյունավետ ու արդար միջավայր, որը կարող է ապահովել արտաքին ներդրումների հոսք մեր երկիր:
Հարցին՝ վարչապետի հանդեպ հավատ կա կարծես, 2017 թվականի ընտրություններից հետո ժողովուրդը չի՞ հիասթափվի, Մելիքյանը պատասխանեց. «Այդ հավատն ավելի կամրապնդվի: Եթե արդար լուսաբանվեն այն քայլերը, որոնք իրականացվում են կառավարության կողմից, դա ոչ միայն հույսը կավելացնի, այլ նաև ակնկալիքը՝ ավելի լուրջ տեղաշարժեր ապահովելու առումով»: Պատգամավորը համոզված է, որ մենք 2017 թվականին, իրոք, կտեսնենք բավականին դրական ու մեծ տեղաշարժ:
ՀՀԿ-ականի խոսքով` 2017 թվականին, եթե Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն կազմի, վարչապետն անպայման կշարունակի պաշտոնավարել: «Վարչապետն ավելի երկար ժամանակով է եկել աշխատելու, և նրա աշխատանքը պետք է դա ցույց տա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին` նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո ի՞նչ տեղի կունենա, արդյո՞ք այդ ժամանակ էլ Կարեն Կարապետյանը, որպես վարչապետ, կպաշտոնավարի, Մելիքյանը պատասխանեց. «Եթե»-ներով եկեք չխոսենք: Այդ հարցին ոչ ոք չի կարող պատասխանել: Դեռ 2018 թվականն ո՞ւր է, մինչև 2018 թվականը շատ կա: Դա անիմաստ հարց է, այդպիսի հարցեր մի' տվեք»:
Մեր պնդող հարցին՝ ժողովրդին մտահոգում է այդ հարցը` արդյո՞ք 2018 թվականից հետո Սերժ Սարգսյանը, որպես վարչապետ, չի գա քաղաքականություն, Մելիքյանն արձագանքեց. «Ժողովրդին այդ հարցը չի հետաքրքրում, ժողովրդին հետաքրքրում է, որ ինքը լավ ապրի, իր երկիրն ապահով լինի, իր երեխաներն ապահով լինեն, պատերազմ չլինի, արտագաղթ չլինի, ապրելու հնարավորություն լինի: Ժողովրդին դա է մտահոգում, ժողովրդին ուրիշ ոչ մի հարց չի մտահոգում»: Ապա ավելացրեց. «Այդ հարցերին ես չեմ էլ պատասխանում, և նման հարցերը հանենք»:
Մելիքյանը վերջում հավելեց, որ ամբողջ խաղադրույքը դրված է նոր ձևավորվող կառավարության վրա` Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, Հանրապետական կուսակցության պատասխանատվությամբ: