կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-02 14:30
Տարածաշրջան

Ադրբեջանը չի կարող վստահելի կողմ լինել տարածաշրջանի տարանցիկ նախագծերում. իրանցի փորձագետ

Ադրբեջանը չի կարող վստահելի կողմ լինել տարածաշրջանի տարանցիկ նախագծերում. իրանցի փորձագետ

Իրանը համոզված է, որ Կովկասում տեւական խաղաղության զարգացման համար հաղորդակցությունները պետք է բաց լինեն՝ առանց քաղաքական, էթնիկական դիտողությունների կամ կեղծիքների վրա հիմնված պատմական պատրանքների։ Այս մասին «Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները և հետպատերազմյան տարածաշրջանային իրավիճակը» վեբինարի ժամանակ նշել է իրանագետ Ահմեդ Քազեմին։

Փորձագետն ընդգծել է, որ «միջանցքի» մասին Բաքվի և Անկարայի հայտարարությունները չեն համապատասխանում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետին, որը նախատեսում է միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակումը՝ առանց տեղն ու ժամը նշելու։ 

Քազեմիի խոսքով՝ պատրանքային միջանցքը պանթուրքիստների ծրագիրն է՝ Միջերկրական ծովը չինական Սինցզյանի (ույղուրներով հարուստ շրջան) հետ կապելու համար։

«Այս պատրանքային միջանցքի նպատակը Հայաստանի էթնիկ պաշարումն է, Ադրբեջանի վերածումը Թուրքիայի հովանու ներքո գտնվող երկրի, Ադրբեջանի կրոնական արժեքների փոփոխությունը, ադրբեջանական մշակույթի վերածումը անատոլիա-թուրքական պարտադրված մշակույթի»,- ասել է նա։

Քազեմին հիշատակել է նաև Բաքվի վերջին գործողությունները, երբ իրանական բեռնատարները Գորիս-Կապան ճանապարհին խնդիրներ ունեցան։ Ադրբեջանական զինուժը խոչընդոտել է իրանական բեռնատարների անցումը։

Քազեմիի խոսքով՝ Բաքվի այս գործողությունները ոչ միայն խախտում են բեռնափոխադրումների վերաբերյալ միջազգային կոնվենցիաները, այլեւ ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի կարող վստահելի կողմ լինել տարածաշրջանում տարանցիկ նախագծերի համար։

Նա հավելել է, որ Բաքվի գործողությունները ուժեղացրել են Թեհրանի և Երևանի միջև հաղորդակցության զարգացման անհրաժեշտությունը։ Ըստ փորձագետի՝ Հայաստանն ու Իրանը, իրենց աշխարհագրական առանձնահատուկ դիրքով պայմանավորված, տարածաշրջանային և միջազգային նախագծերում տնտեսական համագործակցության լայն հնարավորություններ ունեն։