Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ Բաքուն խոսի զիջումների մասին, այն ժամանակ էլ կարելի է խոսել փոխզիջումների մասին: Քանի դեռ այնտեղ այդ մասին չեն խոսում, դրա մասին բարձրաձայնելը կոռեկտ չէ. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԼՂ հարցով հնարավոր փոխզիջումներին:
«Այլ բան է, երբ ասում ենք, որ, բանակցային գործընթացի հետ կապված, պատրաստ ենք փոխզիջումների, բայց քանի դեռ որևէ հայտարարություն չկա Ադրբեջանի կողմից, ավելին` քանի դեռ այնտեղ դիրքորոշումն ավելի է կոշտանում, ապա հայկական կողմից ինչ-որ զիջումների մասին խոսելն անիմաստ է»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունի հայկական կողմն Ադրբեջանից, Քոչարյանն ընդգծեց. «Մեր նպատակը հստակ է` ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում, բացի այդ` պետք է երաշխավորված լինի ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը: Այդ երկու հարցադրումը հստակ դրված է, և այդ մասին բազմիցս ասվել է»:
Անդրադառնալով Պուտին-Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպմանը` նա նշեց. «Բանակցային գործընթացում նմանատիպ հանդիպումների ձգտում կա: Որպես կանոն` հայկական կողմը երբեք չի խուսափել նմանատիպ հանդիպումներից: Իհարկե, եթե այդ հանդիպումներից կարելի է որևէ արդյունք ակնկալել»: