Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ ներքաղաքական մի քանի հարցերի, մասնավորապես` նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեության մասին հարցին: Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը հայտարարել է քաղաքականության մեջ ակտիվ մասնակցության մասին: Առայժմ հայտնի չէ, թե ինչ ձևաչափով է նա մասնակցելու քաղաքական գործընթացներին:
Աղվան Վարդանյանի գնահատմամբ` Սեյրան Օհանյանը նոր չի մտնում քաղաքականություն, քանի որ զբաղեցրել է քաղաքական բարձր պաշտոն` լինելով նախարար, իշխանության թիմի անդամ:
Սեյրան Օհանյանի որոշելիքն են նրա հետագա քայլերը` քաղաքական խումբ փոխել է, թե` փոխել չէ, դա ինքն է որոշելու: «Եթե ցանկություն ունի, դա նրա իրավունքն է: Ինձ հետաքրքիր է, թե, ներքին զարգացումների առումով, ինչ ձևաչափով ու թիմով է նա գալու ասպարեզ»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է պատկերացնել Սեյրան Օհանյանին ընդդիմադիր դաշտում, պատգամավորը պատասխանեց, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշելու իր օրակարգը:
«Եթե Սեյրան Օհանյանը կստեղծի ձևաչափ, միավորում և իր խնդիրները կձևակերպի որպես ընդդիմություն, ուրեմն կդառնա ընդդիմություն, բայց կրկնում եմ` Սեյրան Օհանյանը նոր չէ քաղաքականության մեջ, նա եղել է քաղաքական թիմի անդամ»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին, որում նա խոսում է ԼՂ հարցով փոխզիջումների անհրաժեշտության մասին, պատգամավորը նշեց, որ այդ ելույթում որևէ նոր բան չկար, միակ նոր բանը և լավ բանը ելույթի վերջին նախադասությունն էր, որ մեր մեծագույն հպարտությունը Հենրիխ Մխիթարյանն է:
«Խոսել փոխզիջումների մասին, երբ մի կողմը որևէ բան չի ցանկանում զիջել, անիմաստ է: Մենք ունենք հնարավորություն, ներքին ռեսուրսները մոբիլիզացնելու մեծ ներուժ, համազգային էներգիան կուտակելու ներուժ, ուրեմն կարող ենք, ուղղակի պարտավոր ենք մեր ներսի խնդիրները լուծել ինքներս, դրանով հզորացնել մեր անվտանգությունը»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Հարցին, թե արդյո՞ք խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի, նա պատասխանեց, որ այսօր ՀՅԴ-ն իր առջև դրել է խնդիրների մի համախումբ, և, կախված ընտրությունների արդյունքներից, պարզ կլինի նաև կոալիցիայի հարցը:
«Դուք գիտեք, որ քաղաքական համաձայնագիրն անժամկետ է, և եթե ԱԺ ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան, ապա ՀՅԴ-ն կկարողանա լուծել իր առջև դրած խնդիրները: Հանրապետական կուսակցությունը շատ բազմաշերտ, բազմատարր ու բազմադեմ քաղաքական ուժ է, ինչպես ցանկացած իշխանության ուժ, բայց այն խնդիրները, որոնք կարողացել ենք միասին ձևակերպել, դրանք մեր երկրին անհրաժեշտ հիմնարար խնդիրներ են»,- ասաց Աղվան Վարդանյանը: