Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը այսօր տեղի ունեցած ասուլիսում, անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի մասին, և ո՞րն է ՀՅԴ-ի դիրքորոշումը` փոխզիջման հետ կապված, նշեց, որ ՀՅԴ-ն իր տեսակետը հայտնել է դեռ սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության 25-ամյակի հռչակման առիթով:
Մանոյանը նշեց, որ Արցախի հարցով իրենք համաձայն չեն ո’չ առաջին նախագահի, ո’չ էլ երրորդ նախագահի մոտեցումներին, թեև նրանց մոտեցումների մեջ կան տարբերություններ: «Ճիշտ չէ առաջին նախագահի այն հաստատումը, որ հիմա առաջարկված է հենց 97-98 թվականի դիրքորոշումը, բայց երկու դեպքում էլ մենք դեմ ենք և’ 97-98-ի, և’ ներկայումս առաջարկվածի հետ»,- ընդգծեց նա:
Ըստ Մանոյանի` քանի դեռ Ադրբեջանը չի ընդունում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որևէ փոխզիջման մասին խոսելն անիմաստ է: «Ե’վ անիմաստ է, և’ վտանգավոր, որովհետև դա նշանակում է, որ մենք հանձնում ենք ինչ-որ բան` առանց դիմացը որևէ բան ստանալու: Մենք կարծում ենք` բանակցությունները պետք է այնպես լինեն, որ, ի վերջո, եթե փոխզիջում պետք է տեղի ունենա, այդ փոխզիջումը պետք է լինի համարժեք, համաչափ և միաժամանակյա, ուստի սկզբից ասել` ով ինչ կտա, մենք պատրաստ ենք այս տալ, այն տալ, դա վնասակար է: Նույնիսկ խոսելը վնասակար է»,- նշեց դաշնակցական գործիչը: