կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-01 16:46
Առանց Կատեգորիա

«Սասնա ծռերի» բացահայտումները

«Սասնա ծռերի» բացահայտումները

ՊՊԾ գնդի տարածքը լքելու՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների որոշումն ամենախոհեմն էր: Չնայած խումբը դեռ ուներ դիմադրության պոտենցիալ, սակայն դրա հետևանքները չափազանց ծանր էին լինելու ինչպես իրենց, այնպես էլ ուժայինների համար և մարդկային կորուստներից խուսափել հնարավոր չէր լինելու:

Խաղաղ զենքը ցած դնելու որոշմանը նպաստեց նաև իշխանությունը՝ չնայած իրավիճակի լարվածությանը, չնայած երկու ոստիկանի մահվանը, կտրուկ ռազմական գործողության չդիմելու, մինչև վերջ զսպվածություն ցուցաբերելու առումով: Խմբի անդամներին վիրավորելու միջոցով վնասազերծելու՝ ընտրված մարտավարությունը «Սասնա ծռեր»-ի տղաներին համոզեց, որ իրենց ոչնչացնելու նպատակ չկա: Այս իմաստով հաղթեց արյուն չհեղելու երկկողմանի գիտակցումը:

Պակաս առանցքային դերակատարում չունեցավ նաև ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը, ում շնորհիվ վերականգնվեց բանակցությունը իշխանության և խմբի միջև, և ով կարողացավ տղաների անվտանգության ապահովման երաշխիքներ ստանալով, համոզել «Սասնա ծռեր»-ին՝ ցած դնել զենքերը: Ընդ որում՝ դա տեղի ունեցավ խմբի անդամների, ինչպես նաև նրանց քաղաքական թևը հանդիսացող «Հիմնադիր խորհրդարան»-ի կողմից Բալասանյանի նկատմամբ անվստահություն հայտնելուց, նրա միջնորդությունից հրաժարվելուց հետո: Այն փաստը, որ մի կողմ դնելով վիրավորվածությունը, այնուամենայնիվ, Բալասանյանը կարողացավ իր հեղինակությունն օգտագործել խմբի տրամադրությունների վրա ազդելու համար, ավելորդ անգամ ընդգծում է վերջինիս բարձր մարդկային հատկանիշները:

Ամեն դեպքում «Սասնա ծռեր»-ի այս որոշումը նախադրյալներ ստեղծեց գործընթացը այսպես կոչված քրեա-քաղաքական հարթությունից քաղաքական դաշտ՝ այսինքն միակ ռացիոնալ դաշտ տեղափոխելու համար: Զենքը վայր դնելուն նախորդել էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի կողմից իշխանությանը ներկայացված և որպես բանակցությունների թեմա հանդիսացող պահանջների հրապարակումը: Որևէ կասկած չկա, որ նրանք, ովքեր փորձելու են զարգացնել շարժումը, հենց այդ պահանջներն են դարձնելու քաղաքական օրակարգը: Գրագետ ռազմավարություն իրականացնելու դեպքում դա կարող է դառնալ ոչ միայն այդ շարժման, այլև իրականում ընդհանրապես քաղաքական ողջ դաշտի օրակարգը: «Հիմնադիր խորհդրարան»-ը տղաների հանձնվելուց հետո հայտարարել է, թե իր անունից միայն ինքը կարող է հանդես գալ՝ խոստանալով առաջիկայում հայտարարություն անել: Սա նշանակում է, որ չնայած այս ուժի լիդերներից շատերի ձերբակալմանը, կամ ընդհատակում գտնվելու իրողությանը՝ ՀԽ-ն է իր վրա վերցնելու քաղաքական հարթությունում այդ պահանջների բավարարմանն ուղղված շարժման կազմակերպման առաքելությունը:

 Այսուամենայնիվ, կարելի է նկատել, որ ի սկզբանե թե Ժիրայր Սեֆիլյանը և թե «Սասնա ծռեր»-ի հիմնական բանախոսի դերն ստանձնած Վարուժան Ավետիսյանը խմբի կողմից զենքը վայր դնելը և իրավապահներին հանձնվելն օգտագործեցին քաղաքական առաջադրվող օրակարգը հակառուսականության հիմքի դնելուն: Սեֆիլյանը դա արեց՝ իր հայտարարությամբ ներկայացված պահանջներում շեշտելով ռուսական ռազմաբազան հանելու, հայ-թուրքական սահմանների պաշտպանությունը բացառապես հայկական զինված ուժերին վերապահելու անհրաժետշությունը, իսկ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, թե իրենց դեմ գործողությունները թելադրվում են Ռուսաստանից, և ամեն ինչ պետք է անել Հայաստանը ռուսական «գուբերնիա» դարձնելու գործընթացը կանխելու համար: Դժվար է հերքել, թե Հայաստանի հիմնական խնդիրները կապ չունեն Հայաստանի նկատմամբ ՌԴ-ի վարած քաղաքականության հետ, բայց հակառուսականության նման թիրախավորումը կարող է տպավորություն ստեղծել, որ շարժումն ուղղորդվում է Արևմուտքից և երկրում այսպես կոչված մայդանային տրամադրությունների հասունացման միջավայր է ստեղծվում: Առավելևս հետցնցումային այս իրավիճակում, երբ վերջին երկու շաբաթներին Երևանում ծավալված իրադարձությունների պատճառով հասարակությունը լուրջ պառակտում ապրեց, ներքին ատելության և թշնամանքի մթնոլորտ ձևավորվեց, ակնհայտ դարձավ որ մարդիկ հեշտորեն են տրվում տեղեկատվական մանիպուլյացիաներին, հասարակությունը չափազանց խոցելի է դառնում արտաքին ազդակների առջև: Այս իմաստով Սեֆիլյանի և «Սասնա ծռեր»-ի առաջադրած հակառուսականության ուղեգիծը կարող է մի կողմից անառողջ գործընթացների պատճառ դառնալ, իսկ մյուս կողմից նոր բաժանարարներ առաջացնել քաղաքական օրակարգի շուրջ:

Անկախ այս ամենից՝ «Սասնա ծռեր»-ի գործողությունը լրջագույն հետք թողեց հայոց պետականության պատմության վրա և ակնհայտորեն դառնալու է առաջիկա տարիների վրա ազդող ամենալուրջ գործոնը: Փաստացի 1999թ. հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչությունից, 2008թ. մարտիմեկյան ողբերգական բախումներից հետո սա երրորդ լրջագույն ցնցումն էր, որ ապրեց Հայաստանը՝ բացահայտելով հասարակական-քաղաքական ու պետական կառավարման հետ կապված խորքային հիվանդություններ: «Սասնա ծռեր»-ը բացահայտեց ուղեգծային, գաղափարական և առաջնորդության հետ կապված աղետալի,  անապատային իրավիճակը Հայաստանում: Իշխանության լռության, քաղաքական ուժերի ինքնամեկուսացման պայմաններում փողոցում իրադրության տերը զանգվածային մտածողությունն էր՝ հիմնված միայն զգացմունքների վրա, մերժելով բանականությունը:

«Սասնա ծռեր»-ը խորհդրարանական ընտրություններից մեկ տարի առաջ ջրի երես հանեցին քաղաքական համակարգի օտարվածությունը հասարակությունից: Եվ հիմա դժվար է ասել՝ ինչպես են հիմնական քաղաքական ուժերը վերականգնելու իրենց վստահությունն այս կարճ ժամանակահատվածում: Սա կարող է նոր թափ հաղորդել որակապես նոր ուժերի՝ քաղաքական արենա մտնելուն և լուրջ մրցակցություն պարտադրել գործող կուսակցություններին:

«Սասնա ծռեր»-ը բացահայտեցին, որ ներքին անվտանգության համակարգը մեղմ ասած խոցելի է: Եթե հնարավոր դարձավ Երևանի կենտրոնում նման հանդուգն ձեռնարկը, ապա ո՞րն է երաշխիքը, որ ընդհանրապես ապահովագրված ենք ապազգային և հակապետական տարրերի կողմից պետության հանդեպ լրջագույն ահաբեկչական ակտերից: Սա առաջադրում է ընդհանրապես անվտանգության համակարգի վերանայման հրատապ խնդիր:

 «Սասնա ծռեր»-ը բացահայտեցին նաև ճգնաժամային իրավիճակներում գործելու ոստիկանության անպատրաստությունը: Խնդիրը միայն այն չէ, որ խմբին հաջողվել էր գրավել հենց ոստիկանության զորամասը: Այն անհամաչափ բիրտ ուժը, որը գործադրվեց ոստիկանության կողմից երթի մասնակիցների, լրագրողների նկատմամբ հուլիսի 29-ին, այն ահաբեկումը, որը Սարի թաղում իրականացվեց ցույցերի հետ որևէ անչություն չունեցող քաղաքացիների նկատմամբ նրանց իսկ բնակարաններում, հանգեցրեց ոստիկանության հանդեպ հասարակության տոտալ անվստահության, ընդհուպ ատելության: Ընդամենը երկու շաբաթը բավարար եղավ՝ ցույց տալու համար, որ իրականում անցած տարիներին ոչ թե ոստիկանության բարեփոխում էր տեղի ունենում, ինչպես փորձ էր արվում ներկայացնել, այլ ընդամենը բարեփոխման իմիտացիա:

Եվ հիմա ողջ խնդիրն այն է՝ թե ի՞նչ հետևություններ են արվելու այս ամենից կամ՝  արվելու՞ են ընդհանրապես նման հետևություններ, թե՞ ոչ: Եթե իշխանությունն առաջնորդվի հաղթողի հոգեբանությամբ, ապա ամենահաղթության այդ սինդրոմը հենց իշխանության, գուցե նաև պետության համար կվերածվի  ամենաչար կատակի: Հիմա փոփոխությունների գնալու ճիշտ պահն է, քանի որ այլևս չկա մտավախություն, թե փոփոխությունները կընկալվեն որպես զինյալներին արվող զիջումներ:

Գևորգ Դարբինյան