կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-06 14:41
Իրավական

«Սասնա ծռերի» 18 անդամների գործով դատավորը քննարկում է փաստաբանների վարքագիծը

«Սասնա ծռերի» 18 անդամների գործով դատավորը քննարկում է փաստաբանների վարքագիծը

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամների վերաբերյալ գործը քննող` Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և մերժեց այս գործով պաշտպանների կողմից իրեն ներկայացված` ինքնաբացարկի միջնորդությունը:

Դատավորն արձանագրեց, որ դահլիճում չեն այս գործով փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը, ովքեր, ըստ նրա, անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատարանի նկատմամբ և հեռացել դատական նիստերի դահլիճից: Իսկ պաշտպան Ինեսա Պետրոսյանը, առանց դատարանին իրազեկելու, լքել է նիստերի դահլիճը:

Դատարանը մեկ ժամով ընդմիջեց նիստը և հեռացավ խորհրդակցական սենյակ` պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի վարքագծի հետ կապված որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների վերաբերյալ գործն անջատվել է ՊՊԾ գնդի գրավման մայր գործից և քննվում է առանձին վարույթում: Համաձայն քրեական գործի նյութերի` 2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 5:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Այնուհետև, կազմակերպված խմբի անդամները կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հափշտակել են գնդի սպառազինության մեջ մտնող, հրազեն հանդիսացող 217 ատրճանակ, 10 ինքնաձիգ, որսորդական ակոսափող հրացան՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինչպես նաև ՊՊԾ գնդի աշխատակիցներին պատկանող, հրազեն հանդիսացող ատրճանակ և ակոսափող որսորդական հրացաններ:

Ինչպես հարձակման, այնպես էլ հաջորդող օրերին կազմակերպված խմբի անդամները ձեռնարկել են զավթած շենքերն ու շինությունները, տրանսպորտի միջոցները և պատանդներին պահելուն ուղղված մի շարք գործողություններ. մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, գնդի տարածքից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով իրավապահ մարմինների մի շարք աշխատակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:

Պատանդ են վերցվել ու գնդի տարածքում պահվել նաև վիրավորված զինյալներին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով գնդի տարածք ժամանած բուժաշխատողներ: Պատանդների մի մասը դիմել է փախուստի, մնացածներին ազատ են արձակել կազմակերպված խմբի անդամները: Կազմակերպված խմբի անդամները 2016թ. հուլիսի 24-ին գնդի տարածքից դուրս են բերել հարակից Մ.Խորենացու փողոց և հրկիզման միջոցով ոչնչացրել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված և քաղաքացիների պատկանող ավտոմեքենաներ: